Գլխավոր Լրահոս

Հայտնի անձանց և լրագրողների դիփֆեյքերով կրկին խարդախություն է տարածվում

Հայտնի անձանց և լրագրողների դիփֆեյքերով կրկին խարդախություն է տարածվում

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցցանցերում կրկին ակտիվացել են ներդրումային խարդախությունները, որոնք հայաստանյան օգտատերերին թիրախավորում են հայտնի մարդկանց դիփֆեյք տեսանյութերի միջոցով։ Meta-ի հարթակներում գովազդային գրառումների միջոցով տարածվում են արհեստական բանականությամբ կեղծված երկու տեսանյութեր։

Այս անգամ զեղծարարներն օգտագործել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Տաթևիկ Լազարյանի, 1in.am-ի հաղորդավար Դավիթ Ստեփանյանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և դերասան-հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի պատկերներն ու ձայները։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է սոցցանցերում զեղծարարների տարածած դիփֆեյք տեսանյութերը:

Հայտնիների դեմքով դիփֆեյքերը՝ զեղծարարների զինանացում

Տեսանյութերը սկսվում են լրագրողների կեղծված պատկերով և ձայնով, որտեղ նրանք իբրև հայտնում են, թե Ռուբեն Վարդանյանի կամ Գարիկ Մարտիրոսյանի վրա մահափորձ է իրականացվել։ Այնուհետև Ռուբեն Վարդանյանի ձայնով դիփֆեյքը իբրև հայտնում է գաղտնի եկամտաբեր ներդրումային հարթակի մասին, որը «իշխանությունները թաքցնում են քաղաքացիներից»։ 

Նշենք, որ գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայում գտնվում է Բաքվում՝ ապօրինի կալանքի տակ։ 2023-ի սեպտեմբերին Արցախի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը գերեվարել է Վարդանյանին և ԼՂ նախկին ղեկավարներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին։

Լրագրող Տաթևիկ Լազարյանի կադրերը վերցված են «Ազատություն» ռադիոկայանի 2024-ի օգոստոսի թողարկումից, որտեղ լրագրողը պատմում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին։ Ռուբեն Վարդանյանի ելույթի կադրերը 2020-ի հոկտեմբերի 5-ի տեսաուղերձից են, որտեղ նա դիմում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հորդորելով միջամտել 2020-ի Արցախյան պատերազմին։

Հաղորդավար Դավիթ Ստեփանյանի կադրերը վերցված են նրա ամենօրյա հաղորդումներից մեկից, Գարիկ Մարտիրոսյանի դեպքում՝ 2023-ի փետրվարին նրա տված հարցազրույցից։ Տեսանյութի սենսացիոն հայտարարությամբ սցենարը նույն է, ինչպես նախորդ դեպքում։

Կեղծ ներդրումների թակարդը. ինչպես են խաբում մարդկանց

Խարդախներն ակտիվորեն կիրառում են դիփֆեյք տեխնոլոգիաներ՝ մարդկանց ձայները և դեմքերը կեղծելու նպատակով։ Ռուբեն Վարդանյանի և Գարիկ Մարտիրոսյանի ձայները կրկնօրինակելու համար կրկին օգտագործվել է Elevenlabs.io հարթակը։

Տեսանյութերին կից հղումները տանում են actionforgrow.com և նմանատիպ այլ կասկածելի կայքեր, որոնք օգտագործում են Ամերիաբանկի կամ այլ բանկերի պաշտոնական կայքերի դիզայնը և տարբերանշանները։ Այս կայքերում մարդկանցից պահանջվում է լրացնել անձնական տվյալներ և հեռախոսահամար։

Տվյալները լրացնելուց հետո խարդախներն անմիջապես զանգահարում են՝ ներկայանալով որպես բանկի կամ «ներդրումային հարթակի» աշխատակիցներ և առաջարկում կատարել «փորձնական» ներդրում։

Զոհերին համոզում են աստիճանաբար ավելի մեծ գումարներ փոխանցել, այնուհետև անհետանում են։ Հետագայում նույն խարդախները հաճախ ներկայանում են որպես իրավաբաններ, որոնք իբր կօգնեն վերադարձնել կորցրած գումարները՝ շարունակելով խաբեությունը։

Տես՝ «Կեղծ իրավաբանները» խաբում են արդեն խաբված քաղաքացիներին»

Նմանօրինակ խարդախությունների տարածման նպատակով զեղծարարներն ավելի վաղ օգտագործել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, գործարար Ռուբեն Վարդանյանի, դերասան Գարիկ Մարտիրոսյանի և այլոց տեսանյութերը։

Այսպիսով, սոցցանցերում տարածվող, հայտնի լրագրողների և հասարակական գործիչների դիփֆեյքերով ստեղծված տեսանյութերը կեղծ են և օգտագործվում են խարդախության նպատակով։ Խորհուրդ է տրվում չանցնել նման տեսանյութերի հղումներով և չտրամադրել անձնական տվյալներ կասկածելի կայքերին։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում