Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ապրիլի 21-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ընդդիմության առաջարկած գույքահարկի վերաբերյալ օրենսդրական նախագիծն իրականում միտված էր պաշտպանելու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նվազեցնելու նրա վճարելիք գույքահարկը։
«Երեկ նայեցի մի ռեպորտաժ, որտեղ ասում են, թե Ռոբերտ Քոչարյանի առանձնատունը 10 միլիոն դոլար արժե, և գույքահարկի մեր նոր փոփոխությամբ բավականին մեծ՝ միլիոնավոր դրամներ պետք է վճարվի պետական բյուջե՝ ՀՀ քաղաքացուն: Հիմա դրա համար էլ եկել են Ռոբերտ Քոչարյանի պատգամավորները, որ պաշտպանեն Ռոբերտ Քոչարյանին, որ հանկարծ իր տան այդ գույքահարկը մի քիչ մուծի…»,- ասաց պատգամավորը։
Օրերս Ազգային ժողովը մերժեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը։ Սակայն եթե այս նախագիծն ընդունվեր, որևէ ազդեցություն չէր ունենալու Քոչարյանի առանձնատան գույքահարկի վրա:
Գործող կարգավորումներն ու ընդդիմության նախագիծը
Գույքահարկի հարկման նոր համակարգ սահմանող օրինագիծը ԱԺ-ն ընդունել է 2020-ին, երբ «Հայաստան» խմբակցությունը ներկայացված չէր ԱԺ-ում։ Նոր համակարգը սկսեց գործել 2021-ից, որի համաձայն՝ գույքահարկն այլևս հաշվարկվում է ոչ թե կադաստրային, այլ շուկայականին մոտ արժեքի հիման վրա: Նոր համակարգին անցումն աստիճանաբար է տեղի ունենում։ 2021-ից սեփականատերերը վճարում են նոր մեթոդով հաշվարկված գույքահարկի 25%-ը, 2022-ից` 30%-ը, 2023-ից՝ 35%-ը, 2024-ից՝ 50%-ը, 2025-ից՝ 75%-ը, իսկ 2026-ից՝ արդեն ամբողջ հարկը։
Ընդդիմության ներկայացուցիչները հաճախ քննադատում են հարկման նոր համակարգը։ Իսկ վերջերս «Հայաստան» խմբակցությունն առաջարկվել էր կասեցնել աստիճանական ներդրվող գույքահարկի ավելացման վերջին փուլը՝ բացառությամբ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի:
«Ուզում եմ մի արձանագրում էլ անել՝ նկատի ունենալով կառավարությունում այս նախագծի քննարկումը և ապատեղեկատվության տարածումը, իբր թե նախագծով պաշտպանվում է թանկարժեք գույք ունեցողների գույքահարկի բարձրացումը: Դա բացառապես այդպես չի:
նշված է, որ 200 մլն դրամից ավել հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկը կշարունակի աճել 35 տոկոսով, ինչպես նախատեսված է՝ 2026-ին»,- ԱԺ-ում քննարկման ժամանակ հայտարարեց նախագծի հեղինակ, պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
ԱԺ ապրիլի 18-ի նիստում, սակայն, ընդդիմության առաջարկը մերժվեց։
Ինչո՞ւ է Քոչարյանի առանձնատունը դուրս մնում ընդդիմության նախագծից
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Ծովակալ Իսակովի 23/7 հասցեում գտնվող առանձնատան շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 2,3 մլրդ դրամ է:

Հանրային հեռուստաընկերությունն ապրիլի 18-ին հրապարակել էր ռեպորտաժ, որում նշվում էր, որ դատախազությունը Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում է 22 անշարժ գույք՝ այդ թվում 4,031 մլրդ (ավելի քան 10 մլն դոլար) շուկայական արժեքով Իսակովի պողոտայում գտնվող առանձնատունը:
Նախագիծն ընդունվելու դեպքում չէր տարածվելու Քոչարյանի առանձնատան վրա, քանի որ և՛ կադաստրային, և՛ շուկայական արժեքներով սեփականության հարկման բազան գերազանցում է 200 միլիոն դրամը:
2023-ից Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Գլխավոր դատախազության հայցը: Այս դատական գործով դեռ վճիռ չի կայացվել, իսկ բռնագանձման ենթակա գույքերի թիվն այս ընթացքում պարբերաբար փոփոխվել է:
Հատկանշական է, որ վերոնշյալ առանձնատունը հատկացվել է պաշտոնաթող նախագահին հենց պետության կողմից:
Այպիսով, պատգամավոր Հովհաննիսյանի պնդումը, թե ընդդիմության գույքահարկի նախագիծը նպատակ ուներ պաշտպանել Քոչարյանին, սխալ է։ Նախագիծը չէր տարածվում 200 մլն դրամից բարձր արժողության գույքերի վրա, իսկ Քոչարյանի առանձնատան արժեքը մի քանի անգամ գերազանցում է այդ գումարը։
CivilNetCheck
Civilnet











