Գլխավոր Լրահոս

Հայոց ցեղասպանության ժխտման սահմանները. ո՞ր դեպքում է պատիժ նախատեսվում

Հայոց ցեղասպանության ժխտման սահմանները. ո՞ր դեպքում է պատիժ նախատեսվում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ապրիլի 22-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող նոր օրինագիծ նախաձեռնելու մասին։ 

«Մեր խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության ուրացման կոնկրետ հանցակազմի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ։ Սա մի օրինագիծ է, որի մի կողմում ազգային հիշողությունը և արժանապատվությունն ու ինքնությունն է, մյուս կողմում՝ հայ ժողովրդի ու հայ ազգի թշնամիներն են»,- ասել է Մինասյանը։ 

Իշխանության ներկայացուցիչները, սակայն, հակադարձեցին որ ՀՀ-ում գործում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։ 

Ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե գործող օրենքը պատժելի է դարձնում միայն այն դեպքերը, երբ ցեղասպանության ժխտումը կատարվում է ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով։  

«Այսինքն, եթե որևէ մեկը պարզապես հերքում է Հայոց ցեղասպանությունը կամ կասկածի տակ է դնում դրա իրողությունը՝ առանց վերոնշյալ «հրահրման» նպատակի, պատժի չի ենթարկվում»,- բացատրեց Վարդանյանը։

#CivilNetCheck-ը գնացել է այս պնդումների հետքերով։

Գործող օրենքն ու ընդդիմության առաջարկած օրինագիծը

Ներկայում գործող Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը սահմանում է քրեական պատասխանատվություն՝ ցեղասպանության կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելու, արդարացնելու, քարոզելու կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելու համար, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով։

Էկրանապատկերը՝ Քրեական օրենսգրքից

Ընդդիմության նախագծի համաձայն, սակայն, գործող օրենքը չունի հատուկ մոտեցում Հայոց ցեղասպանությանը։

Նախագծով առաջարկվում է խմբագրել 136-րդ հոդվածը՝ ավելացնելով «Հայոց ցեղասպանություն, ինչպես նաև ՀՀ կողմից միջազգայնորեն ճանաչված ցեղասպանությունը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը, արդարացնելը կամ վտանգավորությունը նսեմացնելը…» ձևակերպումը։

Էկրանապատկերը՝ «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծից

Խմբակցությունը, ուսումնասիրելով միջազգային փորձը, գրել է, թե ցեղասպանությունը հերքելը, մերժելը կամ ուրանալը քրեորեն պատժելի արարք է աշխարհի շատ երկրներում. «…Եվրոպական միությունը 2008-ի փետրվարի 26-ին ընդունված 16771/07 օրենսդրական ակտ կամ այլ գործիքներ փաստաթղթով հորդորում է անդամ երկրներին հարմոնիզացնել և քրեորեն պատժելի արարք համարել մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, ներառյալ ցեղասպանությունը, հրապարակային քաջալերելը, ժխտելը, հերքելը…»։     

Միջազգային փորձը

Շվեյցարայի Քրեական օրենսգիրքը 1994-ին ընդունված հոդվածով սահմանում է պատիժ այն անձանց համար, որոնք հրապարակայնորեն ժխտում են ցեղասպանությունները։ Թեև օրենքում «Հայոց ցեղասպանություն» բառերը բացահայտ նշված չեն, Շվեյցարիայի Դաշնային դատարանը (Federal Tribunal) 2007 թվականին հաստատեց, որ Հայոց ցեղասպանության ժխտումը նույնպես պատժելի է այս օրենքի համաձայն։

Թուրք ազգայնական գործիչ, Թուրքիայի աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը Շվեցարիայում 2005-ին կազմակերպված գիտաժողովի ժամանակ Հայոց ցեղասպանությունը որակել էր «միջազգային սուտ»: Շվեյցարական դատարանն այս հայտարարության համար 2008թ. նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաև 12 հազար շվեյցարական ֆրանկ տուգանքի:

2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, սակայն, բավարարեց Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։

ՄԻԵԴ-ը գտավ, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը:

Հունաստանը 2014-ին ընդունեց No. 4285/2014 իրավական ակտը։ Ըստ օրենքի 2-րդ հոդվածի՝ քրեական պատասխանատվության է ենթարկվում ցեղասպանության կամ այլ հանցագործությունների հերքումը, եթե դրանք ճանաչված են միջազգային դատարանների կողմից կամ Հունաստանի խորհրդարանի կողմից։ Իսկ Հունաստանի խորհրդարանը դեռևս 1996 թվականին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ 

Սլովակիան 2004-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2011-ին Քրեական օրենսգրքով պատիժ է սահմանել ցեղասպանությունները ժխտելու համար։ 

Կիպրոսը 2015-ին քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը։

Ցեղասպանությունը քրեականացնելու փորձեր 2012-ին և 2016-ին արվել են նաև Ֆրանսիայում, սակայն Ֆրանսիայի դատարանը երկու անգամ էլ հակասահմանադրական է ճանաչել օրինագծերը՝ համարելով, որ դրանք հակասում են խոսքի ազատությանը։

Արդյոք քրեորեն պատժելի է միայն ատելության, խտրականության, բռնության հրահրումը 

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով՝ Քրեական օրենսգրքում Հայոց ցեղասպանության շեշտումն ավելորդաբանություն է և ավելի շատ ունի քաղաքական, քան իրավական նշանակություն։ Արա Ղազարյանը #CivllNetCheck-ի հետ զրույցում նշում է, որ դա կարող է վտանգել ազատ խոսքը։

Ըստ միջազգային իրավունքի մասնագետի՝ գործող օրենսդրությամբ հերքումը քրեական հետապնդման հիմք չի կարող լինել, քանի դեռ քննիչը չի ապացուցել, որ այդ խոսքերն ասվել են ատելություն, բռնություն կամ խտրականություն հրահրելու նպատակներից որևէ մեկով։

«Ընդհանրապես, նման հանցագործությունները բացահայտելու բարդությունը այդ սուբյեկտիվ հատկանիշը դիտավորությունն է, թե ինչ մտադրություն ուներ անձը, երբ նման հայտարարություն էր անում։ Հիմա իրենք ուզում են նշաձողը իջեցնել, բայց սա ազատ խոսքը կարող է վտանգել»,- նշում է Արա Ղազարյանը։ 

Իրավական ակտերը, որտեղ հստակ Հայոց ցեղասպանության մասին է նշվում

1990-ին ընդունված Անկախության հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ  «ՀՀ-ն սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Սահմանադրության նախաբանում իր հերթին հղում է արվում հռչակագրին։ Մասնավորապես նշված է, որ հայ ժողովուրդը հիմք է ընդունում Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները։

2024-ի սեպտեմբերի 26-ին, սակայն, Սահմանադրական դատարանը որոշեց, որ Սահմանադրությունն ընդունելուց հետո Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն ունեն իրավական ուժ, որոնք տեղ են գտել Սահմանադրությունում։

Մինչդեռ, իրավաբանների կարծիքները այս որոշման հարցով ևս միանշանակ չէին․ թեև Սահմանադրության նախաբանում կա հղում Անկախության հռչակագրին, պարզ չէր՝ արդյոք այդ հղումն ինքնին Հռչակագրին տալիս է պարտադիր իրավական ուժ, թե ոչ։

Տես նաև՝ https://civilnet.am/news/800325/

Այպիսով, գործող օրենքով Հայոց ցեղասպանության հրապարակային հերքումը քրեական պատասխանատվություն չի առաջացնում, քանի դեռ չի հաստատվել, որ այն իրականացվել է ատելություն, բռնություն կամ խտրականություն հրահրելու նպատակով։ Ընդդիմությունը փաստացի առաջարկում է քրեականացնել ցեղասպանության հերքման բոլոր դեպքերը, առանց նպատակը պարզելու։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում