IDBank-ը հարցմանը մասնակցելու դիմաց գումար չի տալիս

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են գրառումներ IDBank-ի անունից՝ հայտարարությամբ, թե ընկերությունը հարցմանը մասնակցելու համար գումար է տրամադրում:
«Մասնակցիր հարցմանը և ստացիր 20000 դրամ IDBank-ի կողմից»,- նշված է գրառման մեջ։
Սակայն գրառումը կեղծ է, իսկ դրա իրական նպատակը օգտատերերի անձնական և բանկային տվյալները կորզելն է։
Ո՞ւր է տանում գրառումը
Հրապարակմանը կցված է saltescapespa.com կայքի հղումը, որն IDBank-ի կայքը նմանակող կեղծ կայք է։

Կայքում որոշ հարցերի պատասխանելուց հետո հաճախորդից պահանջվում է մուտքագրել հեռախոսահամարն ու IDBank-ի հավելվածի գաղտնաբառը։

Հարցման դիմաց գումար տրամադրելու խոստումն իրականում օգտագործվում է որպես խայծ՝ հաճախորդի անձնական և բանկային տվյալները կորզելու համար։
IDBank-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը IDBank-ն է, իսկ կայքը՝ idbank.am-ը։
Առաջին անգամ չէ, որ IDBank-ի անունն օգտագործվում է զեղծարարություն իրականացնելու համար, ինչին #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։
Նման դեպքերում պետք է ուշադրություն դարձնել կայքի դոմեյնին, ինչպես նաև զգուշանալ անձնական կամ բանկային տվյալներ տրամադրելուց։ Իսկ եթե արդեն տրամադրել եք ձեր տվյալները կամ կասկածներ ունեք, պետք է դիմեք ձեր բանկին պաշտոնական հեռախոսահամարով։
CivilNetCheck
Civilnet










