Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 19-ին մի քանի լրագրողների հետ հարցազրույցում պնդել է, որ իր ընտանիքի ունեցվածքի հիմնական մասը իր նախագահությունից հետո է ձեռք բերվել։
Քոչարյանին հարց էր ուղղվել իր և իր ընտանիքի ունեցվածքի ու դրանց ծագման աղբյուրների մասին։
«Ուրեմն երկու տարում կարո՞ղ է Հայաստանում 100 միլիոն դոլարանոց ծրագիր իրականացնող նորաթուխ օլիգարխ առաջանա, իսկ նախագահի ընտանիքը 2006, 2007 թվականներից մինչև հիմա՝ տասնքանի տարում, շնորհքով, կիրթ զավակներ ունենալով, չի՞ կարող դա ունենալ»,- ասել է Քոչարյանը։
Երկրորդ նախագահը, միևնույն ժամանակ, չի ժխտել իր՝ որպես նախագահի, կապերի, հեղինակության ազդեցությունը. «Ունեցել է (հեղինակությունը - խմբ.) այն առումով, որ վստահություն կա, որ այս ընտանիքը «քցող» չի, որ մի բան պայմանավորվեն բիզնեսի առումով, անում են մինչև վերջ։ Այսինքն, դու այդ ռեպուտացիան ունենալով, կապերն ունենալով, որովհետև հիմնական մենք ինչ ունենք-չունենք, հիմնական մասը դա նախագահությունից հետո է եղել»,- ասել է Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1998-ից մինչև 2008-ը։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը բաց աղբյուրների և պետական ռեեստրների ուսումնասիրությամբ ներկայացնում է, թե երբ են Քոչարյանի ընտանիքի անդամները ներգրավվել իրավաբանական տարբեր կազմակերպություններում՝ բիզնեսներում։
Բիզնեսները, որտեղ բաժնետեր կամ հիմնադիր են եղել Քոչարյանի նախագահության տարիներին
Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բիզնեսների մեծ մասի սեփականատերն ու հիմնադիրը նրա ավագ որդին է՝ Սեդրակ Քոչարյանը։ Նա ծնվել է 1981-ին։
«Ֆասթ Քարթ» ՍՊԸ-ն, որին պատկանում է «Փլեյ Սիթի» զվարճանքի կենտրոնը, հիմնադրվել է 2001-ին։ Ընկերությունը 24 տարեկանում հիմնել է Վարդուհի Որսկանյանը, որը Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ կառավարական կեցավայրի տնօրեն Արամայիս Որսկանյանի աղջիկն է։ 2004-ից ընկերության 50%-ը փոխանցվել է 23-ամյա Սեդրակ Քոչարյանին։

Սեդրակ Քոչարյանը հրաժարվել է տարկետման իրավունքից և 2005-2007 թթ. ծառայել է բանակում։ Զինվորական ծառայության ընթացքում՝ 2006-ից, նա հիմնել է ու դարձել է բաժնետեր մի շարք ընկերություններում։
2006-ին հիմնել է «Սփեյս Մենեջմենթ» ընկերությունը։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ և այլ գործառույթներով։ 2015-ից բաժնետերեր են դարձել նաև Գայանե և Լևոն Քոչարյանները՝ յուրաքանչյուրը՝ 33.3% բաժնեմասով։

«Սփեյս Մենեջմենթ» ՍՊԸ-ն 2014-ից «Ալ Պառկո հյուրանոց» ՍՊԸ-ի սեփականատերն է, որին պատկանում է «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցը։ 2018-ից Քոչարյանի դուստրը՝ Գայանեն, հյուրանոցի տնօրենն է։

2006-ին Սեդրակ Քոչարյանը հիմնել է «Սթրիմ ֆորս» ընկերությունը, որը զբաղվում է գովազդի տարածման հետ կապված գործունեությամբ։ Նույն տարում նա դարձել է ավտոմեքենաների առևտրով զբաղվող «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի 30% բաժնետեր։ Ընկերության մյուս բաժնետերերն են Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործարար Սամվել Մայրապետյանը (60%) և «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը (10%)։
2007-ին Սեդրակ Քոչարյանը գործարար, ներկայում Հայաստանում Օմանի Սուլթանության պատվավոր հյուպատոս Պերճ Օհանյանի հետ համահիմնադրել է «Գրիտտի» ՍՊԸ-ն։ Վերջինս Երևանի Հյուսիսային պողոտայում «Լա Գալլերիա» լյուքսային հագուստի խանութների ցանցի սեփականատերն է։ Քոչարյանին է պատկանում ընկերության 80% բաժնեմասը։

2004-ին հիմնված «Երևան Տելեկոմ» ՓԲԸ-ի (հետագայում վերանվանվել է «Գեռտրուդ») 32%-ի բաժնետեր Սեդրակ Քոչարյանը դարձել է 2007-ին։ Ընկերությունը գրանցված է որպես հեռահաղորդակցության սարքեր ու համապատասխան ապրանքներ ներմուծող և վաճառող։ Նրա հետ բաժնետեր են եղել «Գլոբալ Սոֆթ» ՍՊԸ-ն (36%) և Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որդին՝ Արտակ Զախարյանը (30%)։ 2024-ից ՓԲԸ-ի 100% բաժնետերը ոմն Նունե Մեհրաբյանն է։

2008-ի հունվարին, երբ Քոչարյանը դեռ զբաղեցնում էր նախագահի պաշտոնը, Սեդրակ Քոչարյանը և Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, հիմնել են «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ն։ Երկու երիտասարդներն ունեն 50-50-ական բաժնեմաս։ Ընկերությունը Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) գրանցված է սեփական կամ վարձակալված անշարժ գույքի հանձնում վարձակալության գործունեություն իրականացնող։ Սակայն 2008-ի մարտին «ԼԼ Բիմբոն» դարձել է հայ-ռուսական «Աբիտ» ՍՊԸ-ի բաժնետեր։ Այս ընկերությունն Արարատի մարզի Սուրենավան գյուղում հիմնել է բիտումի գործարան: Դրա բացումը տեղի էր ունեցել 2009-ի մայիսի 15-ին, որին մասնակցել էր նաև այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը։
Սեդրակ Քոչարյանը
Բիզնեսներ, որտեղ Քոչարյանի ընտանիքը բաժնետեր է դարձել նրա նախագահությունից հետո
Արամայիս Որսկանյանի մյուս դուստրը՝ Հռիփսիմե Որսկանյանը, 2001-ին 19 տարեկանում հիմնադրել է «Արթ Բիլդ» ՍՊԸ-ն։ Սեդրակ Քոչարյանը 2010-ին դարձել է ընկերության 50%-ի բաժնետեր։ Մյուս կեսը ներկայում պատկանում է Գայանե Որսկանյանին՝ Արամայիս Որսկանյանի կնոջը։ «Արթ Բիլդ»-ը գրանցվել է որպես սեփական կամ վարձակալված անշարժ գույքի վարձակալության և այլ գործառույթներ իրականացնող կազմակերպություն։ Այս ընկերությանն է պատկանում նաև Սևանի «Կապուտակ Սևան» հյուրանոցային համալիրը։
Սեդրակ Քոչարյանի կինը՝ Զարուհի Բադալյանը, ևս ներգրավված է մի քանի ընկերություններում։ 2010-ին հիմնել է «Թառգեթ Դիվելոփմենտ» ՓԲԸ-ն (2017-ից՝ «Թարգեթ գրուպ»)։ Ըստ ՊԵԿ-ի՝ ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ։ Իրական շահառուների հայտարարագրի համաձայն՝ 2018-ից ընկերության 100% սեփականատերը Սեդրակ Քոչարյանն է։
2017-ից գործել է նաև հատապտուղների աճեցմամբ զբաղվող «Բերի Հաուս» ՓԲԸ-ն։ Այդ ժամանակ ընկերության հիմնադիրներից է եղել Զարուհի Բադալյանը։ Ըստ իրական շահառուների հայտարարագրի՝ 100% սեփականատերը ոմն Մերի Հակոբյանն է դարձել։ «Բերի Հաուս» ՓԲԸ-ն ներկայում սնանկ է ճանաչված։

Լևոն Քոչարյանի մասնակցությամբ բիզնեսները
Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին, ներկայում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, ծնվել է 1985-ին։
Պատգամավորի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է, որ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում 60% բաժնեմաս ունի։ Այդ բաժնեմասը ձեռք է բերել 2008-ի ապրիլին` 23 տարեկանում։ Ընկերության 40%-ն էլ պատկանում է Քոչարյանների հետ այլ բիզնեսներում ներգրավված Վահագն Խաչատրյանին (կապ չունի գործող նախագահի հետ)։
Կրտսեր Քոչարյանը նաև Ռուսաստանում գրանցված «Զեմկոմինվեստ» ՍՊԸ-ի հիմնադիր-բաժնետերերից է։ Ընկերությունը զբաղվում է սեփական կամ վարձակալված անշարժ գույքի վարձակալությամբ և կառավարմամբ։ 2007-ին Մոսկվայում գրանցված ընկերության բաժնետերի մասին տեղեկությունը լրացվել է 2014-ին, ըստ որի՝ դրա հիմնադիրը Լևոն Քոչարյանն է։ 2015-ին բաժնետեր է դարձել նաև «Օրիոն» ՓԲԸ-ն, որն էլ պատկանում է Դավիթ Գենադիի Ստեփանյանին։ Ներկայում Քոչարյանն ու «Օրիոն» ՓԲԸ-ն կիսում են ընկերության բաժնեմասերը՝ 50-50%։ 2024-ին Մոսկվայի քաղաքապետարանը դիմել է Արբիտրաժային դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Զեմկոմինվեստը»։
Քոչարյանը բաժնեմասեր ունի երկու խոշոր միջազգային ընկերությունում։ Նա հայտարարագրել է 0,46% բաժնեմաս Շվեդիայում գրանցված «Մուդելայզեր ԱԲ» ընկերությունում (Moodelizer AB): Այն շվեդական տեխնոլոգիական ընկերություն է, ստեղծվել է 2012-ին և մասնագիտացած է երաժշտության ոլորտում նորարարական լուծումների մշակման մեջ։ Լևոն Քոչարյանը բաժնեմասը ձեռք է բերել 2015-ին, դրա արժեքը նշել է 100,000 եվրո։
Կրտսեր Քոչարյանը 0,7% բաժնեմաս՝ 300 000 դոլար արժեքով, ունի «Էքսզել Աութդորս» ընկերությունում (Exxel outdoors), որը գրանցված է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում։ 1997-ին ստեղծված ընկերությունը մասնավոր ընկերություն է, որը մասնագիտացած է բացօթյա հանգստի և առևտրային նորարարական ապրանքների արտադրության մեջ։ Այն հիմնադրել է ազգությամբ հայ Հարրի Քազազյանը։ Քոչարյանը բաժնեմասը ձեռք է բերել 2016-ին։
Գայանե Քոչարյանի և ամուսնու մասնակցությամբ բիզնեսները
Ռոբերտ Քոչարյանի դուստրը՝ Գայանե Քոչարյանը, և նրա ամուսինը՝ Վիգեն Չատինյանը, ևս ներգրավված են մի շարք ընկերություններում։ Վիգեն Չատինյանը 2013-ին հիմնել է «Էյ Էն Էս Սերվիս» ՍՊԸ-ն, որն ըստ ՊԵԿ-ի՝ գործում է տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի ոլորտում։ Նույն տարվա դեկտեմբերին ընկերության սեփականատեր է դարձել Գայանե Քոչարյանը, սակայն 2015-ին բաժնետոմսերը վերադարձրել է ամուսնուն։
2018-ին Գայանե Քոչարյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի որդու՝ Էդգար Փամբուկյանի հետ հիմնել է «Ֆորմ Փրոջեքթ» ՍՊԸ-ն՝ 50% մասնակցությամբ։ Ընկերությունը զբաղվում է ռեստորանային ծառայություններով։ 2021-ին Քոչարյանը դուրս է եկել ընկերությունից։
Վիգեն Չատինյանը 2018-ից մի քանի ամիս եղել է տոմսերի ամրագրմամբ զբաղվող «ԹԻՔԵԹՍ ԱՄ» ՍՊԸ-ի 100%-ի սեփականատերը։ Ներկայում նրան է պատկանում նաև 2022-ին հիմնված «Բոլտ Թրեյդ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ձեռնարկատիրական և կառավարման այլ հարցերով խորհրդատվական գործերով։

Լուծարված կամ գործունեությունը դադարեցրած ընկերությունները
Քոչարյանի ընտանիքը բաժնեմաս է ունեցել նաև մի շարք ընկերություններում, որոնք ներկայում լուծարված են կամ գործունեությունը դադարեցված է։
Լուծարված կազմակերպությունների ցանկում է 2004-ին հիմնված «Սաննի» ՍՊԸ-ն, որի կանոնադրության մեջ Սեդրակ Քոչարյանը նշվում է որպես 50%-ի բաժնետեր։ Գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է 2005-ին հիմնված «Էյ Դի Սքրին» (նախկին անվանումը՝ «Պիրմա մեդիա») գովազդային գործակալությունը, որի 50%-ը 2006-ից պատկանել է Սեդրակ Քոչարյանին։
Ներկայում չի գործում 2010-ին հիմնված «Տրանսպորտի զարգացման կոնսորցիում» ՓԲԸ-ն, որում բաժնեմաս են ունեցել Լևոն Քոչարյանը, Վահագն Խաչատրյանը ու նախկին վարչապետ Հովիկի Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։
Ժամանակավոր դադարեցված կազմակերպություններից է 2018-ին հիմնված գովազդի տարածմամբ զբաղվող «Տրենդմեդիա» ՍՊԸ-ն, որի 100%-ը պատկանել է Վիգեն Չատինյանին։ Մանրածախ առևտրով զբաղվող «Ամեռ» ՓԲԸ-ի գործունեությունը ներկայում ևս դադարեցված է։ Իրական շահառուների հայտարարագրում, սակայն, ընկերության 100%-ը 2017-ից պատկանել է Գայանե Քոչարյանին։
2023-ից Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Գլխավոր դատախազության հայցը: Դատական այս գործով վճիռ դեռ չի կայացվել: 2025-ի մայիսի տվյալներով՝ դատախազությունը Քոչարյանի ընտանիքից պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 15 իրավաբանական անձում մասնակցություն և այլն: Հատկանշական է, որ բռնագանձման ենթակա գույքերի թիվն այս ընթացքում պարբերաբար փոխվել է:
Այսպիսով, ինչպես նախագահության, այնպես էլ դրան հաջորդող տարիներին Քոչարյանի ընտանիքի անդամները զբաղվել են բիզնեսով։ Պետական ռեգիստրի տվյալները փաստում են, որ Քոչարյանների ընտանիքի բիզնեսների զգալի մասը հիմնվել է հենց նրա նախագահության տարիներին։
CivilNetCheck
Civilnet











