Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցիալական ցանցերում լայն տարածում են ստացել դիփֆեյք տեսանյութեր, որոնցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իբրև ներկայացնում են եկամտաբեր ներդրումային հարթակ: Տեսանյութերն ուղղորդում են կեղծ կայքեր, որոնք նպատակ ունեն մարդկանցից գումար կորզել:
#CivilNetCheck-ը մանրամասն ուսումնասիրել է այս դիփֆեյքերը և ներկայացնում է դրանց հետևում թաքնված խարդախության մեխանիզմը:
Ինչպես են գործում խարդախները
Ծառուկյանի և Քոչարյանի պատկերներն օգտագործող տեսանյութերում խարդախները կիրառել են նույնանման սցենար. արհեստական բանականության միջոցով ստեղծված ձայնով այս քաղաքական գործիչները իբրև խոսում են «բացառիկ հնարավորության» մասին, որը թույլ է տալիս «վերակառուցել կյանքը»:
Տեսանյութերին կցված հղումները տանում են finexway.site հասցեով կայք, որը այնուհետև օգտատերերին վերահղում է կեղծ էջեր, որոնք ներկայացվում են որպես իբրև «Ամերիաբանկի» կամ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերության պաշտոնական կայքեր: Այս էջերում պահանջվում է մուտքագրել անձնական տվյալներ՝ ներառյալ հեռախոսահամարը:

Անձնական տվյալները լրացնելուց հետո օգտատիրոջ հետ հեռախոսով կապ է հաստատում ռուսախոս «խորհրդատուն», որն էլ իր հերթին ուղղորդում է դեպի swap.interactivebrokerlimited.com անվանումով երրորդ կայք: Այստեղ արդեն պահանջվում է նվազագույնը 100 դոլար ներդնել՝ իբր ֆինանսական շուկայում գործարքներ կատարելու և շահույթ ստանալու համար:
Ինչպես են ստեղծվում հայտնիների պատկերով համոզիչ կեղծիքները
Հետաքրքիր է, որ խարդախները մանրակրկիտ աշխատանք են կատարել՝ համոզիչ կեղծիքներ ստեղծելու համար: Քոչարյանի դիփֆեյքը պատրաստելիս օգտագործվել են 2018-ին ռուսական НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցից կադրեր, որտեղ երկրորդ նախագահը քննարկում էր իր դեմ հարուցված քրեական գործը, ոչ թե որևէ ֆինանսական հարթակ:

Խարդախության գործընթացն իրականացվել է մի քանի փուլով. նախ արհեստական բանականության միջոցով պատճենվել է Քոչարյանի ձայնը, այնուհետև սինթեզվել է բոլորովին նոր խոսք և վերջապես՝ շուրթերի շարժումը համապատասխանեցվել է այդ հորինված բովանդակությանը:
Գագիկ Ծառուկյանի պարագայում կիրառվել է նույն տեխնոլոգիան, սակայն օգտագործվել են ավելի թարմ տեսանյութեր. 2024-ի սեպտեմբերին անցկացված Փարիզի օլիմպիական խաղերի մեդալակիրների պարգևատրման արարողությունից, որտեղ Ծառուկյանը հանդես էր գալիս որպես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ:
Սա առաջին անգամը չէ, երբ հայտնի անձանց պատկերները օգտագործվում են ֆինանսական խարդախությունների համար: Վերջին ամիսներին նմանատիպ դիփֆեյքեր են ստեղծվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, հաղորդավարուհի Թինա Կանդելակիի, հումորիստներ Պավել Վոլյայի և Վաչե Թովմասյանի, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի և այլ հայտնի անձանց մասնակցությամբ:
Այսպիսով, սոցիալական ցանցերում տարածվող՝ հայտնի քաղաքական գործիչների ու գործարարների «մասնակցությամբ» ներդրումային հարթակների գովազդային տեսանյութերը կեղծ են և նպատակ ունեն մոլորեցնել մարդկանց՝ նրանցից գումար կորզելու համար։
CivilNetCheck
Civilnet











