Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են գովազդային տեսանյութեր, որոնցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիփֆեյքը հայաստանցիներին խոստանում է «առանց ջանքերի» շաբաթական 600,000 դրամ վաստակել` «Shell Invest» անվամբ հարթակի միջոցով։
Այս կեղծ գովազդները հունիսի 9-ից սկսած տարածվում են ռուսալեզու «Путь к Успеху» էջի միջոցով՝ հատուկ թիրախավորելով հայաստանցի օգտատերերին։
Իրական ելույթի հիման վրա ստեղծված կեղծիքը
Դիփֆեյք տեսագրությունում Փաշինյանի կերպարն օգտագործող արհեստական ձայնը կոչ է անում միանալ Shell ընկերության ներդրումային հարթակին՝ ակնարկելով, որ պետությունը պաշտոնապես աջակցում է նախագծին։
Վերլուծությունը ցույց է տալիս, որ զեղծարարներն օգտագործել են վարչապետի 2024-ի դեկտեմբերի 26-ին ԵԱՏՄ նիստի ժամանակ ելույթի տեսագրությունը։ Բնօրինակ տեսանյութում Փաշինյանը բանավեճի մեջ էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, այլ ոչ թե ներդրումների մասին էր խոսում:
Տեսանյութում հայտնվում են նաև իբր «հաջողակ ներդրողներ», որոնցից մեկը պնդում է, թե ամսական ստանում է 5,000 դոլար, իսկ մյուսը՝ որ շաբաթական վաստակել է 1,250 դոլար։
«Ներդրումային հարթակի» կայքը ստեղծվել է օրեր առաջ
Կեղծ տեսանյութի հղումը տանում է tronexa.space կայք, որը ստեղծվել է ընդամենը մի քանի օր առաջ՝ 2025-ի հունիսի 4-ին։ Զեղծարարներն օգտագործում են Shell նավթային ընկերության տարբերանշանը՝ օգտատերերի վստահությունը շահելու և ներդրումային ծուղակ ներքաշելու համար։

Այս խարդախության մեթոդը շարունակությունն է վերջին ամիսների #CivilNetCheck-ի կողմից բացահայտված նմանատիպ սխեմաների։ Նախկինում զեղծարարները պատրաստել են Ռուբեն Վարդանյանի, Գարիկ Մարտիրոսյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի և այլ հանրահայտ անձանց կերպարներով դիփֆեյքեր։
Տես՝ Զգուշացե՛ք, խարդախություն. հայտնի մարդկանց անունից գովազդվում է կեղծ ներդրումային հարթակ
Այսպիսով, սոցցանցերում շրջանառվող՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կերպարով «Shell Invest» ներդրումային հարթակը գովազդող տեսանյութերը կեղծ են և նպատակ ունեն քաղաքացիներին զեղծարարության զոհ դարձնել։
CivilNetCheck
Civilnet











