«Տաշիր Պիցցա»-ի քանի՞ մասնաճյուղի գործունեություն է կասեցվել

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) վերջին օրերին ստուգումներ է իրականացնում «Տաշիր Պիցցա» պիցցերիաների ցանցում, ինչի հետևանքով մի քանի կետերի գործունեությունը դադարեցվել է։
Սրան զուգահեռ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանը հունիսի 18-ին երևանյան իր տանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։ Դա հաջորդել էր Կարապետյանի կարճ հարցազրույցին, որում նա իր աջակցությունն էր հայտնել Հայ առաքելական եկեղեցուն։
Եվ քանի որ Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցող իրադարձություններին զուգահեռ ՍԱՏՄ-ն հայտարարում էր «Տաշիր Պիցցա»-ի որոշ կետերի գործունեությունը դադարեցնելու մասին, ամենատարբեր պնդումներն արվեցին այս գործողությունների մասին։
Որոշ լրատվամիջոցներ պնդեցին, թե մինչև հունիսի 18-ի ավարտը կկասեցվի ամբողջ ցանցի գործունեությունը։
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանին կառավարությունից հանձնարարվել է այսօր (հունիսի 18-ին-խմբ.) մինչև օրվա ավարտ կասեցնել գործող «Տաշիր պիցցաների» գործունեությունը»,- գրել է լրատվամիջոցներից մեկը:
Դեպքերի ժամանակագրական հաջորդականությունը
Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին տարածված տեսանյութում, պատասխանելով news.am-ի լրագրողի՝ իշխանությունների կողմից եկեղեցին թիրախավորելու վերաբերյալ հարցին, ասում է, որ կանգնած է եկեղեցու կողքին և իր մասնակցությունն է ունենալու ստեղծված իրավիճակում։
«Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»,- ասում է Կարապետյանը։
Ներքին գործերի նախարարությունից հունիսի 17-ին հայտնեցին, որ գործարարի տանն իրավապահները «օպերատիվ գործողություններ» են իրականացնում։
Հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում կայացրեց կալանավորել նրան երկու ամսով:
Մինչև օրվա ավարտ «Տաշիր պիցցաների» գործունեությունը չկասեցվեց
#CivilNetCheck-ի հետ զրույցում ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը հայտնեց, որ ստուգումներն իրականացվում են «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա։ Ըստ խոսնակի` ընկերությունը երկու շաբաթ առաջ է դիմել ստուգումներ իրականացնելու համար։
«Իրենք դիմում են, մենք սկսում ենք ստուգումները, և փորձում ենք արագ արձագանքել։ Իսկ մենք սկսել ենք մեկ շաբաթ առաջ, ուղղակի արդյունքներն են հերթով գալիս, բնականաբար, հերթով դնում ենք»,- նշում է Անուշ Հարությունյանը։
Դեռ նախորդ շաբաթ՝ հունիսի 11-ին, ՍԱՏՄ-ն կասեցրել էր Էրեբունիում գտնվող ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտը։ Տեսչական մարմինը, սակայն, հունիսի 18-ին միանգամից 6 սննդի կետի գործունեություն կասեցրեց։
Հարությունյանի խոսքով՝ հունիսի 19-ի դրությամբ կասեցված է ընկերության 11 մասնաճյուղի գործունեությունը։ ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացում «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող 30 հանրային սննդի կետերում:
ՍԱՏՄ խոսնակը նաև հայտնում է, որ ստուգումների արդյունքում մասնաճյուղերից 3-ում սանիտարահիգենիկ խնդիրներ չեն հայտնաբերվել, և դրանց գործունեությունը չի կասեցվել։ Այդուհանդերձ, վերցվել են նմուշներ առկա սննդամթերքից և տրվել լաբորատոր փորձաքննության։ Իսկ լաբորատոր փորձաքննության արդյունքները կհրապարակվեն 7-8 օրվա ընթացքում։ Մյուս 17 մասնաճյուղերում ստուգումները դեռ ընթանում են։
Այսպիսով, «Տաշիր Պիցցա» պիցցերիանների ցանցի բոլոր մասնաճյուղերի գործունեությունը չի կասեցվել մեկ օրվա ընթացքում, սակայն ստուգումները դեռ ընթացքի մեջ են։
CivilNetCheck
Civilnet









