Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Ազգային ժողովում հուլիսի 2-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) ազգայնացմանը միտված նախագծի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, թե տարածաշրջանում էլեկտրաէներգիայի ամենաբարձր սակագինը Հայաստանում է։ Այս պնդումը նա ներկայացրեց որպես ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորում։
«Համեմատության համար ասեմ, որ ՀՀ-ում 44 դրամ է, իսկ Իրանում՝ 0,78 դրամ, Ղրղզստանում՝ 5 դրամ, Ուզբեկստանում՝ 8.97 դրամ, Ղազախստանում՝ 19 դրամ, ՌԴ-ում՝ 23 դրամ, Ուկրաինայում՝ 24 դրամ, Բելառուսում՝ 29 դրամ, 1 կիլովատի մասին է խոսքը։ Էլեկտրաէներգիան ամենաթանկը տարածաշրջանում մեզ մոտ է»,- պնդեց Բագրատյանը։
#CivilNetCheck-ը ուսումնասիրել է տարածաշրջանի երկրներում էլեկտրաէներգիայի սակագները և ստուգել Սերգեյ Բագրատյանի պնդումը:
ՀԷՑ-ի սեփականատերը ռուսաստանցի հայազգի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն է, որը հունիսի 18-ին կալանավորվեց երկու ամսով՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին աջակցություն հայտնելուց հետո։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց ՀԷՑ-ը ազգայնացնելու որոշման մասին։ Խորհրդարանը հուլիսի 3-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացման նախագիծը։
Որքանո՞վ են ճշգրիտ պատգամավորի ներկայացրած թվերը
Հայաստանում 2022-ի փետրվարի 1-ից անփոփոխ սակագինը միջին սպառման դեպքում (մինչև 200 կՎտ-ժ) կազմում է 46,5 դրամ 1 ԿՎտ/ժ-ի համար։ 200-400 կՎտ/ժ սպառման դեպքում գինը բարձրանում է մինչև 48,5 դրամ, իսկ 400 կՎտ/ժ-ից ավելի սպառման դեպքում՝ 53,5 դրամ։ Սոցիալապես խոցելի ընտանիքների համար գործում է արտոնյալ սակագին՝ 30 դրամ։
Սերգեյ Բագրատյանի թվարկած երկրների սակագների վերաբերյալ որոշ տվյալներ ճիշտ են, մյուսները՝ պարունակում են էական անճշտություններ։ Բացի այդ, պատգամավորը ներկայացրել է երկրներ, որտեղ էլեկտրաէներգիայի ցածր սակագները հիմնականում պայմանավորված են պետական սուբսիդիաների կամ սեփական էժան էներգառեսուրսների առկայությամբ։
Այսպես, Ռուսաստանի տարբեր շրջաններում սակագինը խիստ տարբեր է՝ կախված սպառման ծավալից, գոտիներից և ժամից։ 2025-ին միջին սակագինը մինչև հուլիսի 1-ը կազմել է 4,72 ռուբլի՝ մոտ 23 դրամ, ինչպես նշել էր պատգամավորը։ Սակայն այս ամսվանից սակագինը բարձրացել է 12,6 տոկոսով։ Ցածր գները պահպանվում են սեփական էժան վառելիքի և «խաչաձև սուբսիդավորման» մեխանիզմի շնորհիվ, երբ արդյունաբերական ձեռնարկությունները վճարում են ավելի բարձր սակագներ բնակչության ցածր գների ապահովման համար։
Ուզբեկստանում հիմնական սակագինը մինչև 200 կՎտ/ժ ամսական սպառման համար կազմում է 600 սում՝ մոտ 18 դրամ, այլ ոչ թե 8,97 դրամ, ինչպես նշել է պատգամավորը։ Ցածր սակագինը ապահովվում է էժան բնական գազով և պետության կողմից տրամադրվող մեծածավալ սուբսիդիաներով։
Ղրղզստանում մինչև 700 կՎտ/ժ սպառող բաժանորդների համար սակագինը կազմում է 1,37 ղրղզական սոմ՝ մոտ 6 դրամ՝ մի փոքր ավելի պատգամավորի նշած 5 դրամից։ Այնտեղ երկրի էլեկտրաէներգիայի 90%-ը արտադրվում է էժան հիդրոէլեկտրակայաններում։
Բելառուսում ստանդարտ սակագինը կազմում է 0,2838 բելառուսական ռուբլի՝ մոտ 34 դրամ։ Սա մի փոքր ավելի է պատգամավորի նշած 29 դրամից։ Այստեղ սակագնի ցածր մակարդակը նույնպես պահպանվում է ռուսական էժան գազի ու պետական սուբսիդավորման շնորհիվ։
Ղազախստանում բնակիչների համար մինչև 70 կՎտ/ժ և ավելի սպառման դեպքում սակագինը կազմում է 33-42 տենգե՝ մոտ 25-31 դրամ։ Այս թիվը ավելի է պատգամավորի նշած 19 դրամից։ Ընդ որում, այս գինը պայմանավորված է երկրի սեփական քարածխի ու գազի պաշարներով, ինչպես նաև պետության կողմից իրականացվող սուբսիդավորմամբ։
Ուկրաինայում 2025-ի մայիսի 1-ից բնակիչների համար գործում է միասնական սակագին՝ 4.32 գրիվնա, որը համարժեք է 41 դրամի։ Թեև Ուկրաինայում սակագները մոտ կրկնակի բարձր են Բագրատյանի ներկայացրածից, դրանք շատ ցածր են իրական շուկայական գնից՝ տրամադրվող սուբսիդիաների շնորհիվ։
Իրանում էլեկտրաէներգիան ամսական մինչև 200 կՎտ/ժ սպառման դեպքում արժե 2149 ռիալ, ինչը համարժեք է մոտ 19 դրամի, այլ ոչ թե 0,78 դրամի, ինչպես ներկայացրել էր Բագրատյանը։ Չնայած 2024-ի հոկտեմբերին գները գրեթե կրկնապատկվել են, էլեկտրաէներգիան Իրանում շարունակում է մնալ էժան՝ խոշորածավալ պետական սուբսիդիաների, ինչպես նաև տեղական նավթի ու գազի շնորհիվ։
Պատգամավորը մոռացել է հիշատակել տարածաշրջանի համեմատելի երկրները
Ուշագրավ է, որ պատգամավոր Բագրատյանը իր համեմատությունից դուրս է թողել տարածաշրջանի մի շարք կարևոր երկրներ, որոնց սակագների համեմատությունը կարող էր ավելի համապարփակ պատկեր տալ։
Ադրբեջանում հիմնական սակագինը մինչև 200 կՎտ/ժ ամսական սպառման համար կազմում է 0,084 մանաթ՝ մոտ 19 դրամ։ Ցածր գները պահպանվում են էժան բնական գազի շնորհիվ, որով արտադրվում է երկրի էլեկտրաէներգիայի 90%-ը։
Վրաստանում 2024-ից բնակիչների համար սահմանված է աստիճանական սակագնային համակարգ։ Թբիլիսիում ամսական 101-301 կՎտ/ժ սպառման դեպքում սակագինը կազմում է 0.19 լարի կամ մոտ 26 դրամ։ Մարզերում նույն սպառման միջակայքի համար սահմանված է 0.157 լարի սակագին, այսինքն՝ մոտ 21 դրամ։ Վրաստանում էլեկտրաէներգիայի համեմատաբար ցածր գները պայմանավորված են էներգահամակարգում ՀԷԿ-երի տեսակարար մեծ կշռով։
Մոլդովայում էլեկտրաէներգիայի սակագները ավելի քան կրկնակի բարձր են, քան Հայաստանում՝ 4,10- 4,68 մոլդովական լեյ, որը համարժեք է 110 դրամի։ Բարձր գինը պայմանավորված է երկրի կախվածությամբ էլեկրաէներգիայի ներմուծմամբ և տեղական արտադրության գրեթե լիակատար բացակայությամբ։
Հայաստանի սակագները
Ի տարբերություն տարածաշրջանի մյուս երկրների՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները ձևավորվում են առանց պետական բյուջեից տրամադրվող սուբսիդավորման՝ արտացոլելով իրական շուկայական արժեքը՝ ներառելով արտադրության, բաշխման և վարկային պարտավորությունների ծախսերը։
Բարձր գինը պայմանավորված է մի շարք գործոններով։ Հիմնական պատճառներից է ներկրվող վառելիքով աշխատող թանկ գազային ՋԷԿ-երի տեսակարար մեծ կշիռը, ոլորտային պարտքերի սպասարկումը և ներդրումների ամորտիզացիան։
Հայաստանի հասարակ սպառողի վճարած սակագնի մոտ 40%-ը կազմում է բաշխման բաղադրիչը, որը ներառում է ենթակառուցվածքների պահպանման և արդիականացման ծախսերը, «խելացի հաշվիչների» ներդրումը և ցանցային կորուստները։ Բացի այդ, յուրաքանչյուր կՎտ/ժ-ի վրա հաշվարկվում է նաև 20% ԱԱՀ՝ ավելացնելով սակագնին մոտ 7-8 դրամ։
Ուշագրավ է, որ կառավարության անդամները, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, իրենց հրապարակային ելույթներում ազգայնացման պատճառների շարքում չեն նշում բարձր գինը և չեն տալիս հրապարակային խոստում գները նվազեցնելու վերաբերյալ։
Չնայած Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը տարածաշրջանում ամենաբարձրերից է, այնուամենայնիվ, դրանք ամենաբարձրը չեն։
Սերգեյ Բագրատյանը չի նշել այն հանգամանքը, որ այլ երկրներում սպառողների հարկերի միջոցով է սուբսիդավորվում ցածր սակագինը։ Այսպիսով, Բագրատյանի պնդումը միայն մասամբ է համապատասխանում իրականությանը։
CivilNetCheck
Civilnet











