«Ինեկոբանկի» անունից կեղծ տեսանյութ՝ 20,000 դրամ «շնորհակալության» փոխարեն

Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Սոցիալական ցանցերում «Ինեկոբանկի» անունից տարածվում է կեղծ տեսանյութ՝ իբրև հարցմանը մասնակցելու համար բանկը տալիս է 20,000 դրամ։
«Անցեք հարցում «Ինեկոբանկի» կողմից, որը կբարձրացնի բանկի վարկանիշը և ստացեք 20,000 դրամ շնորհակալության փոխարեն»,- տեսանյութում հայտնում է կին։
Իրականում սա բանկերի անունից տարածվող հերթական խաբեությունն է, իսկ տեսանյութն ու դրանում երևացող կին կերպարը ստեղծվել են արհեստական բանականության (ԱԲ) միջոցով։
Կեղծ տեսանյութի սկզբնաղբյուրը
Կեղծ տեսանյութը տարածվում է ֆեյսբուքյան Fanatsfootball605 էջի միջոցով, որը ստեղծվել է 2025-ի հունիսի 16-ին։ Դրանում նշված է հասցե՝ իբրև գրանցված է Ուկրաինայում՝ Կիևի մոտակայքում, սակայն բոլոր գրառումները ռուսերեն են։ Ու թեև էջը ներկայանում է որպես ֆուտբոլային ուղղվածության, դրա տեղադրված գովազդային գրառումները տարբեր ներդրումների և անհավանական շահույթների մասին են, որոնք լեհերեն են և թիրախավորում այդ լեզուն կրողներին

Ինչպես է ստեղծվել տեսանյութը
Կեղծ տեսանյութը ստեղծվել է ԱԲ տեսանյութեր գեներացնող HeyGen կայքի միջոցով։ Բացելով կայքը` միանգամից հայտնվում է այն նույն կին կերպարը, որը «Ինեկոբանկի» անունից տարածվող տեսանյութում էր երևում:

Կեղծ տեսանյութում օգտագործվել են նաև «Ինեկոբանկի» հրապարակած՝ Digitec 2024-ում իր տաղավարի կադրերը։ Կեղծ տեսանյութին կցված հղմանը սեղմելով՝ բացվում է կայք՝ inecomobile.rest հասցեով, որն այս պահին այլևս հասանելի չէ։
Սակայն առաջին անգամ չէ, որ «Ինեկոբանկի», ինչպես նաև մյուս բանկերի անունից տարածվում են նմանատիպ կեղծ գրառումներ։ Դրանց նպատակները տարբեր են՝ սկսած մարդկանց անձնական կամ բանկային տվյալներին տիրանալուն մինչև հափշտակություններ և այլն։
«Ինեկոբանկի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը Inecobank CJSC-ին է, իսկ կայքը՝ inecobank.am-ը։
Բանկը շարունակաբար հերքում է կապը տարածվող կեղծ հարցումների հետ՝ հորդորելով հաճախորդներին հետևել բանկի պաշտոնական կայքին։
Թեմա
Civilnet
CivilNetCheck










