«Ինեկոբանկ»-ը հարցմանը մասնակցելու համար գումար չի տալիս․ հերթական զեղծարարությունն է

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում պարբերաբար տարածվում են գովազդային գրառումներ տարբեր բանկերի անունից՝ հայտարարությամբ, թե բանկը գումար է տալիս հարցմանը մասնակցելու համար։
«Անցիր հարցում Inecobank-ից և ստացիր 25 000 դրամ»,- նշված է ակտիվ տարածվող գրառումներից մեկում։
Զեղծարարները, սակայն, օգտագործվում են հայտնի բանկերի անունները վստահություն ներշնչելու և գումարներ կորզելու համար։
Օգտագործվում են հայտնի դեմքեր վստահություն ներշնչելու համար
Գրառմանը կցված հղումը սեղմելով՝ բացվում է կայք, որը նմանեցված է Inecobank-ի պաշտոնական կայքին։ Սակայն ուշադրություն դարձնելով կայքի դոմեյնին՝ https://lanoumoviment.com/, հասկանալի է, որ այն որևէ կապ չունի Inecobank-ի հետ։ Բանկի պաշտոնական կայքի հասցեն է՝ www.inecobank.am/։
«Ինեկոբանի» անունից տարածվող մեկ այլ գովազդային հրապարակման մեջ էլ, օրինակ, օգտագործվել է երգիչ Արամ MP3-ի դեմքը՝ ուշադրություն գրավելու համար։

Այս կեղծ գրառումը տանում էր proineco.cfd անվանումով ֆիշինգային կայք, որը հաճախորդների անձնական և բանկային տվյալներն է կորզում։

«Ինեկոբանկի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը Inecobank CJSC-ին է։ Բանկը շարունակաբար հերքում է կապը տարածվող կեղծ հարցումների հետ՝ հորդորելով հաճախորդներին հետևել բանկի պաշտոնական կայքին։
«Ինեկոբանկից» բացի՝ նույն ֆեյսբուքյան էջը տարածում է կեղծ հարցման վերաբերյալ հայտարարություններ նաև «Յունիբանկի» անունից։

Տարբեր բանկերի անունից պարբերաբար կեղծ հարցումների, կարծիք թողնելու դիմաց գումար ստանալու վերաբերյալ գրառումներ են տարածվում։ Նույնաբովանդակ հրապարակումներ են տարածվել նաև IDBank-ի, «Արդշինբանկի» անունից, որոնց #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։

Այսպիսով, «Ինեկոբանկի» անունից տարածվող գրառումը հարցմանը մասնակցելու դիմաց գումար ստանալու վերաբերյալ կեղծ է։
CivilNetCheck
Civilnet










