«Արդշինբանկը» կարծիք թողնելու համար գումար չի տալիս․ գրառումը կեղծ է

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ «Արդշինբանկ» ընկերության անունից՝ հայտարարությամբ, թե բանկը գումար է տալիս կարծիք թողնելու համար։
«Թողեք կարծիք մեր բանկի մասին և ստացեք 20 000 դրամ. «Արդշինբանկ»»,- նշված է գրառման մեջ։
Տարածվող գրառումները, սակայն, կեղծ են, իսկ բանկի լոգոն օգտագործվում է վստահություն ներշնչելու համար։
Ի՞նչ է հայտնի գրառումը տարածող էջի մասին
Գրառումը տարածվում է Armenian Fire ֆեյսբուքյան էջով, որը ստեղծվել է շաբաթներ առաջ՝ նոյեմբերի 13-ին։ Ֆեյսբուքյան էջում «Արդշինբանկի» վերաբերյալ գովազդից բացի, այլ հրապարակումներ չկան։
Գրառմանը կցված կայքի հղման անունն է https://ARDSHINBANK.AM/, ինչից տպավորություն է ստեղծվում, թե այն բանկի պաշտոնական կայքն է, այնինչ հղումը տանում է բոլորովին այլ՝ barmnkes.com անվանումով կայք։ Իսկ «Արդշինբանկի» պաշտոնական կայքի հասցեն ardshinbank.am-ն է։

Գրառմանը կցված կայքը այցելուից պահանջում է մուտքագրել անունն ու գաղտնաբառը. ենթադրաբար նպատակը օգտատիրոջ բանկային անունն ու գաղտնաբառը ստանալն է։ Կայքը նաև վնասակար ծրագրեր է պարունակում։

«Արդշինբանկից» #CivilNetCheck-ի հետ զրույցում հերքեցին կապը կեղծ էջի հետ։
«Արդշինբանկից» բացի՝ նախկինում նմանատիպ գրառումներ են տարածվել նաև այլ բանկերի անունից, ինչին #CivilNetCheck-ն անդրադարձել է։
Ո՞րն է նման գրառումներ տարածելու նպատակը
Խարդախության այս սխեմաները հաճախ օգտագործում են նաև հայտնի բրենդների, պետական կառույցների կամ հայտնի անձանց անունները՝ վստահություն ներշնչելու համար, իսկ նպատակը անձնական և բանկային տվյալները ստանալն է։ Երբեմն կայքերի հետ կցված են վնասակար ծրագրեր, որոնք նույնպես ոչ միայն կարող են վնասել համակարգիչը, այլև անձնական տվյալներ գողանալ։
CivilNetCheck
Civilnet










