Կրկին ֆինանսական խարդախություն՝ այս անգամ Քոչարյանի դեմքով

Հայկ Հոհվհաննիսյան, #CivilnetCheck
Սոցցանցերում նոր տեսանյութ է տարածվում, որտեղ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատմում է Հայաստանում «նոր հնարավորությունների ալիքի» մասին։ Նա հավաստիացնում է, որ դարձել է ինչ-որ ներդրումային հարթակի նախագծի դեմք, որը թույլ է տալիս «կառուցել կյանքը նորովի, աճել, սովորել և վաստակել»։
Տեսանյութում Քոչարյանը խոսում է հնարավորության մասին, որը իբր փոխել է ոչ միայն իր, այլև շրջապատի մարդկանց կյանքը։ Ըստ հորինված պատմության՝ նրանք «կարճ ժամանակում սկսել են վաստակել լրացուցիչ եկամուտ»՝ առանց հատուկ գիտելիքների։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է տարածվող այս տեսանյութը։ Պարզվել է, որ այն ստեղծվել է արհեստական բանականության միջոցով, իսկ դրա հետևում թաքնված է ֆինանսական խարդախության սխեմա։
Ներդրումային կեղծ հարթակ և «ֆինանսական խորհրդատուներ»
Տեսանյութին կցված հղումները տանում են ledgionavera.top հասցեով կեղծ կայք։ Այն ներկայացվում է որպես Ռուբեն Վարդանյանի հետ կապված «Տրոյկա դիալոգ» և «Ամերիաբանկ» ընկերությունների ներդրումային հարթակ։

Կայքում տեղադրված է ևս մեկ դիփֆեյք տեսանյութ՝ այս անգամ Ռուբեն Վարդանյանի պատկերով։ Ավելին՝ կայքում տեղադրված են նախագծի մասին հորինված դրական կարծիքներ հայտնի գործարարներ Սամվել Կարապետյանի, Նուբար Աֆեյանի և Էդուարդո Էռնեկյանի անուններից։
Գրանցվելիս օգտատերերից պահանջվում է մուտքագրել անուն, ազգանուն և հեռախոսահամար։ Տվյալները լրացնելուց հետո զանգահարում է ռուսախոս «ֆինանսական խորհրդատուն»։ Նա փորձում է համոզել կատարել նվազագույնը 100 դոլարի ներդրում՝ իբր «շահույթ ստանալը» սկսելու համար։

Սա դասական ֆինանսական խարդախության սխեմա է։ Զոհերին նախ համոզում են կատարել փոքր ներդրում, այնուհետև աստիճանաբար ավելացնում են պահանջվող գումարները՝ խոստանալով մեծ շահույթներ։ Որոշ դեպքերում սկզբանական շրջանում զեղծարարները կարող են անգամ զոհերին «եկամուտ» տրամադրել, որի նպատակը հետագայում էլ ավելի մեծ գումար շորթելն է։
Ինչպե՞ս է ստեղծվել կեղծ տեսանյութը
Դիփֆեյքը պատրաստելիս օգտագործվել են 2018 թվականին ռուսական НТВ հեռուստաալիքին Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցից կադրեր։ Բնօրինակ հարցազրույցում երկրորդ նախագահը քննարկում էր Հայաստանում ներքաղաքական իրավիճակը և իր դեմ հարուցված քրեական գործը, այլ ոչ թե որևէ ֆինանսական հարթակ։
Արհեստական բանականության միջոցով պատճենվել է Քոչարյանի ձայնը, այնուհետև սինթեզվել է բոլորովին նոր խոսք և վերջապես՝ շուրթերի շարժումը համապատասխանեցվել է այդ հորինված բովանդակությանը:

Հարկ է նշել, որ սա Քոչարյանի մասնակցությամբ առաջին դիփֆեյքը չէ։ Շաբաթներ առաջ տարածվել էր արհեստական բանականությամբ ստեղծված մեկ այլ կեղծ տեսանյութ, որում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իբր հայտարարում էր կատարած «թալանի» մասին։
Տես՝ «Քոչարյանի դիփֆեյք տեսանյութ է տարածվում․ օգտատերերը չեն հասկանում, որ կեղծ է»
Սա առաջին անգամը չէ, երբ հայտնի անձանց պատկերները օգտագործվում են ֆինանսական խարդախությունների համար: Վերջին ամիսներին նմանատիպ դիփֆեյքեր են ստեղծվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, գործարար Գագիկ Ծառուկյանի, հաղորդավարուհի Թինա Կանդելակիի, հումորիստներ Պավել Վոլյայի և Վաչե Թովմասյանի և այլ հայտնի անձանց մասնակցությամբ: Բոլոր դեպքերում նպատակը նույնն է՝ օգտագործելով հայտնի անձանց վստահելի կերպարը՝ մարդկանցից գումար կորզել։
Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի անունից տարածվող ներդրումային հարթակի գովազդային տեսանյութը կեղծ է։ Այն ստեղծվել է արհեստական բանականության միջոցով՝ քաղաքացիներից գումար կորզելու նպատակով։
Թեմա
CivilNetCheck
Civilnet










