Ինչպես են խարդախները պարբերաբար մոլորեցնում մարդկանց՝ օգտագործելով հայտնի բրենդների անունները

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Վերջին օրերին սոցցանցերում ակտիվորեն տարածվում են խաղարկությունների վերաբերյալ գրառումներ, որոնցում խոստանում են նվիրել ավտոմեքենաներ, խոշոր գումարներ և այլն։ Խարդախները հմտորեն օգտագործում են հայտնի ապրանքանիշերի՝ Nissan-ի, KFC-ի և Autowelt-ի անունները՝ օգտատերերի վստահությունը շահելու համար։
Այսպես, March Club անվանումով ֆեյսբուքյան էջը գրառում է կատարել, որտեղ խոստանում է 10,000 դոլար և գնումների վաուչերներ նրանց, ովքեր ճիշտ կգուշակեն նկարում պատկերված թիվը։ Նույն էջը մեկ այլ գրառմամբ խոստանում է նվիրել հենց Nissan March մակնիշի ավտոմեքենա՝ իբր սրահի բացման առիթով։

Մեկնաբանություն թողնելուց հետո օգտատերերին ուղարկում են հղում, որը նմանակում է Nissan-ի պաշտոնական nissan.am կայքը:
Հաճախ նման խարդախությունների համար օգտագործվում են ժամանակավոր կայքէջեր, սակայն այս անգամ խարդախները ավելի խորամանկ են գործել՝ օգտագործելով անվճար Google Sites հարթակը կեղծ կայք ստեղծելու համար։ Այս եղանակը նրանց թույլ է տալիս շրջանցել որոշ անվտանգության զտիչներ։

Կեղծ կայքը վերահասցեավորում է դեպի մեկ այլ հարթակ, որտեղ ցուցադրվում է գովազդ կամ պահանջվում է ներբեռնել ֆայլեր։ Այս ֆայլերը պարունակում են վիրուսային ծրագրեր, որոնք կարող են վնասել համակարգիչը կամ գողանալ անձնական տվյալներ՝ բանկային քարտերի տվյալներից մինչև սոցցանցերի գաղտնաբառեր։

#CivilNetCheck-ը նախկինում ևս զգուշացրել է Nissan-ի անունից տարածվող կեղծ գրառումների մասին։ Հայաստանում Nissan-ի միակ պաշտոնական ներկայացուցիչը «Մուրան» ՍՊԸ-ն է, որը հերքել է կապը կեղծ էջի հետ։ Ընկերության պաշտոնական կայքը nissan.am-ն է, ֆեյսբուքյան էջը՝ Nissan։
Նմանատիպ գրառում է հայտնվել նաև գերմանական Autowelt և ամերիկյան KFC ընկերությունների անունից հանդես եկող էջերում։ Autowelt-ի անունից գործող կեղծ էջը պնդում է, որ ընկերությունը իբր բացման առիթով Volkswagen Tiguan մակնիշի մեքենա է նվիրում, իսկ 𝑲𝑭𝑪-𝑭𝒂𝒏𝒔• էջը` անվճար սննդի վաուչերներ։ Այս գրառումները կարճ ժամանակում հասցրել է հազարավոր տարածումներ ստանալ սոցցանցերում։

Այսպիսով, սոցցանցերի հայկական տիրույթում պարբերաբար հայտնվում են նման կեղծ խաղարկություններ, որոնք շահարկում են օգտատերերի վստահությունը հայտնի բրենդների նկատմամբ։ Խարդախները փոխում են էջերի անունները, ստեղծում են նորերը, բայց միշտ օգտագործում են նույն սխեման՝ գայթակղիչ առաջարկություն, մասսայական տարածման պահանջ և վերջում՝ վնասաբեր հղումներ։
CivilNetCheck
Civilnet










