Էլեկտրամոբիլների բումը Հայաստանում․ արտոնություններ, ռիսկեր և մարտահրավերներ

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Հայաստանի ավտոմոբիլային շուկան վերջին հինգ տարում բեկումնային փոփոխությունների է ենթարկվել։ Ըստ ներքին գործերի նախարարության տվյալների՝ եթե 2020-ին Հայաստանում հաշվառված էր ընդամենը մոտ 270 էլեկտրամոբիլ, ապա 2025-ի օգոստոսի վերջի դրությամբ դրանց թիվը գերազանցել է 22,650-ը՝ արձանագրելով ավելի քան 85-ապատիկ աճ։
Ցուցանիշը հատկապես տպավորիչ է 2025-ի առաջին 8 ամիսների կտրվածքով․ ՆԳՆ ոստիկանությունում առաջին անգամ հաշվառվող յուրաքանչյուր չորրորդ մեքենան (27%) եղել է էլեկտրական։ Միաժամանակ, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, ներմուծման ցուցանիշներով էլեկտրոմոբիլների մասնաբաժինը գերազանցել է ⅓-ը և սեպտեմբերին սկզբի դրությամբ կազմել է ընդհանուր 13,346 էլեկտրոմոբիլ։
#CivilNetCheck-ը ուսումնասիրել է էլեկտրամոբիլների շուկայի աննախադեպ աճի պատճառները, առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները։
Աճի շարժիչը պետական խթանումն է
Էլեկտրամոբիլների ներմուծման աննախադեպ դինամիկայի հիմքում պետական խթանման քաղաքականությունն է, որը գործում է երկու հիմնական ուղղությամբ։ Նախ, 2020-ից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում գործում էր անմաքս ներմուծման ռեժիմ, որը 2022-ին փոխարինվեց քվոտավորման համակարգով, որով Հայաստանին տրամադրվել է տարեկան 8,000 էլեկտրամոբիլի զրոյական մաքսատուրքով ներմուծման քվոտա։
Երկրորդ կարևոր արտոնությունը ՀՀ հարկային օրենսգրքով էլեկտրամոբիլների ներմուծման և օտարման գործարքների ազատումն է ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։ Այս երկու արտոնությունների համադրությունը թույլ է տալիս խնայել էլեկտրական մեքենայի վերջնական արժեքի մոտ 35%-ը, ինչն էլ դարձել է շուկայի հիմնական շարժիչ ուժը։
Պետական խթանների այս փաթեթը լրացնում է Երևանի քաղաքապետարանի որոշումը, որով էլեկտրամոբիլներն ազատված են մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղիների վճարներից։ Արդյունքում, 2025-ի հունվար-օգոստոսին Հայաստանում հաշվառվել է 8,646 նոր էլեկտրամոբիլ, ինչն ավելին է, քան 2024-ի ամբողջ տարվա կամ 2020-2023 թվականների ընթացքում՝ միասին վերցված։
Հարկ է նշել, որ գրաֆիկում 2023 թվականին բենզինային մեքենաների թվի կտրուկ աճը պայմանավորված էր ոչ թե տեղական շուկայի պահանջարկով, այլ վերաարտահանմամբ․ մեքենաները ներկրվում և գրանցվում էին Հայաստանում՝ ԵԱՏՄ այլ երկրներ տանելու համար։
Կառավարությունը հայտնում է, որ մտադիր է շարունակել այս քաղաքականությունը։ Շրջանառության մեջ դրված նախագծով առաջարկվում է երկարաձգել ԱԱՀ-ի արտոնությունը մինչև 2027-ի վերջ, սակայն կարևոր նոր պայմանով. արտոնությունը կկիրառվի միայն ավելի նոր տարեթվով էլեկտրոմոբիլների ներմուծման դեպքում։ Ըստ այդմ՝ 2026-ին արտոնությունը կգործի միայն 2024-ից, իսկ 2027-ին՝ 2025-ից հետո թողարկված մեքենաների համար։
Ըստ Համաշխարհային բանկի հետ համատեղ մշակված պլանի՝ Հայաստանը նպատակադրվել է 2030-ին հասնել 42,000, 2035-ին՝ 230,000, իսկ 2040-ին՝ 550,000 էլեկտրամոբիլի ցուցանիշի։
Պետական խթանները ձևավորել են ակտիվ և դինամիկ շուկա, որտեղ մեծ պահանջարկ ունեն Tesla-ն, Volkswagen-ը, ինչպես նաև չինական BYD և այլ ապրանքանիշների մոդելները։ Ընդ որում՝ ներմուծվում են հիմնականում նոր մեքենաներ։ 2024-ի հունիսի դրությամբ գրանցված էլեկտրամոբիլների 55%-ը մինչև 3 տարեկան էր, ինչը վկայում է ավտոպարկի որակական թարմացման մասին։
Ուշագրավ է, որ համաձայն պաշտոնական վիճակագրության՝ չնայած էլեկտրամոբիլների թռիչքային աճին՝ հիբրիդային շարժիչով մեքենաների թիվը չի աճում։
Դրա հիմնական պատճառն այն է, որ պետությունը «հաջորդական» (sequential) հիբրիդները, որոնցում ներքին այրման շարժիչը մեխանիկական կապ չունի անիվների հետ և աշխատում է բացառապես որպես մարտկոցը լիցքավող գեներատոր, դիտարկում է որպես էլեկտրոմոբիլ՝ ներառելով վերջինիս ցուցանիշի մեջ։։
Անմաքս արտոնությունները չեն տարածվում այսպես կոչված «զուգահեռ» (parallel) հիբրիդների վրա, որտեղ և՛ բենզինային, և՛ էլեկտրական շարժիչները կարող են պտտել անիվները։
Քվոտաներից մինչև մարտկոցներ․ համակարգային մարտահրավերներ
Թեև պետական արտոնությունները խթանում են շուկան, համակարգային մի շարք խնդիրներ սպառնում են այս դինամիկայի կայունությանը։ Առաջին հերթին դա քվոտավորման համակարգն է. 2025-ի համար սահմանված 8,000 միավոր քվոտայից 5,000-ը բաժին է ընկել ֆիզիկական անձանց, որը սպառվեց ռեկորդային կարճ ժամկետում՝ ընդամենը երկու ամսում։ Սա հարյուրավոր քաղաքացիների թողեց անորոշ վիճակում և կտրուկ դանդաղեցրեց ներմուծման տեմպերը։
Միևնույն ժամանակ, 2026-2027 թվականների համար մաքսային քվոտաների հարցը դեռ անորոշ է, ինչը անկանխատեսելիություն է ստեղծում ներմուծողների և քաղաքացիների համար։ Եթե քվոտաները չերկարաձգվեն, ներմուծողները ստիպված կլինեն վճարել 15% մաքսատուրք, ինչը զգալիորեն կթանկացնի մեքենաները։ #CivilNetCheck-ի հետ զրույցում ոլորտի ներկայացուցիչը նշեց, որ շուկայում մեծ անորոշություն կա հաջորդ տարվա քվոտաների վերաբերյալ։

Մյուս լուրջ մարտահրավերը ենթակառուցվածքների խնդիրն է։ Հայաստանում գործող ավելի քան 300 լիցքավորման կայանների կեսից ավելին կենտրոնացած է Երևանում, իսկ մարզերում ցանցը դեռ նոսր է։ Հաշվարկները ցույց են տալիս, որ եթե 2030-ին ավտոպարկի 10%-ը լինի էլեկտրական, ապա անհրաժեշտ կլինի հանրային կայանների ավելի քան տասնապատիկ աճ։ Սրան գումարվում է տեխնիկական կանոնակարգերի և անվտանգության կանոնների բացակայությունը, որը մեծացնում է հրդեհների ռիսկերը։
Կարգավորված չէ նաև գույքահարկի համակարգը։ Քանի որ հարկը հաշվարկվում է շարժիչի հզորության (ձիաուժի) հիման վրա, հաճախ ավելի էժան էլեկտրամոբիլները հարկվում են ավելի բարձր դրույքաչափով, քան բենզինով աշխատող թանկարժեք ամենագնացները։ Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ մշակում է գույքահարկի հաշվարկման նոր, ավելի արդարացի համակարգ։
Ամենահեռահար և բարդ խնդիրը մարտկոցների վերամշակումն է։ Մի քանի տարի անց Հայաստանը կբախվի հազարավոր տոննաներով թունավոր և հրավտանգ մարտկոցների հեռացման խնդրին, որը պահանջում է այսօրվանից մշակված պետական ռազմավարություն և համապատասխան ենթակառուցվածքներ։ Ներկայում Հայաստանում դեռ ձևավորված չէ մարտկոցների հավաքագրման և վերամշակման համապարփակ համակարգ։ Այս ֆոնին կարևոր է, որ ամերիկյան Ace Green Recycling Inc.-ը համաձայնագիր է ստորագրել հայկական «Մել մետալ» ՍՊԸ-ի հետ՝ Հայաստանում և Վրաստանում մարտկոցների վերամշակման տեխնոլոգիաներ ու սարքավորումներ ներդնելու համար։
Այսպիսով, թեև պետական արտոնությունները Հայաստանում էլեկտրամոբիլների իսկական բում են առաջացրել՝ նպաստելով ավտոպարկի թարմացմանը, սակայն ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար կառավարությունը պետք է լուծումներ տա ենթակառուցվածքների, օրենսդրական կարգավորումների և բնապահպանական ռիսկերի կառավարման հարցերին։
CivilNetCheck










