Հայկ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի հայկական հատվածում ակտիվորեն տարածվում են գովազդային գրառումներ՝ հայ հայտնիների պատկերներով, որոնք խոստանում են խոշոր եկամուտ «Chicken Road» խաղային հավելվածի միջոցով։
Վստահություն ներշնչելու նպատակով գովազդներում օգտագործվում են Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի, ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի և այլ հայտնի անձանց լուսանկարներ՝ խոստանալով «մինչև 900.000 դրամ բոնուս» գրանցվելու դիմաց։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել և ներկայացնում է հերթական ֆինանսական խարդախության սխեման։
Հեշտ եկամտի փոխարեն՝ գումարի հափշտակություն
Սեպտեմբերի 11-ից Ֆեյսբուքում գործող «Jokerok», «Uncrossable Rush» և համանման անուններով էջերը սկսել են խարդախության ակտիվ արշավ՝ հրապարակելով տասնյակ գովազդային նյութեր։ Էջերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք թիրախավորում են Հայաստանում գտնվող 22-49 տարեկան տղամարդկանց։ Ընդ որում՝ որոշ գրառումներ հավաքել են ավելի քան 100,000 դիտում։

Գրառումներին կից հղումները օգտատերերին ուղղորդում են Play Market-ին կամ AppStore-ին նմանակող կեղծ կայքեր, որտեղ առաջարկվում է ներբեռնել «Chicken Road» հավելվածը։
Այդտեղից ներբեռնվող հավելվածն իրականում վնասաբեր ծրագիր է։ Բացելուց հետո օգտատերերը հայտնվում են առցանց կազինոներ նմանակող կայքէջերում, որտեղ կարճատև խաղից հետո համակարգը պահանջում է բանկային քարտի տվյալներ և նախնական վճարում։

#CivilNetCheck-ի դիտարկմամբ՝ վերջին տարիներին զգալիորեն աճել են հայ օգտատերերին թիրախավորող առցանց խարդախությունները։ Դրանցում կիրառվում են ոչ միայն հայտնիների լուսանկարները, այլև նրանց մասնակցությամբ ստեղծված կեղծ տեսանյութեր՝ դիփֆեյքեր։
Տես՝ «Հայտնի անձանց դիփֆեյքերը գովազդում են կեղծ ներդրումներ և կասկածելի դեղամիջոցներ»
Պատկերներում երևացող հայտնի անձինք որևէ կապ չունեն այս խարդախ սխեմայի հետ։ Նրանց նկարները չարաշահվում են առանց համաձայնության՝ զոհերին վստահության մեջ գցելու և թակարդը հրավիրելու նպատակով։
Պետական մարմինների արձագանքը
Հայաստանի ներքին գործերի նախարարության կիբեռոստիկանությունը իր պաշտոնական տելեգրամյան ալիքով զգուշացում է տարածել՝ հորդորելով զերծ մնալ անհայտ աղբյուրներից հավելվածներ ներբեռնելուց։ Մասնագետները շեշտում են՝ հավելվածները պետք է տեղադրել բացառապես AppStore և PlayStore վավերացված հարթակներից, ինչպես նաև հետևել պաշտոնական էջին՝ զգուշացումներ ստանալու համար։
#CivilNetCheck-ի հետ զրույցում ՆԳՆ Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը պարզաբանեց, որ այս դեպքում հանցագործները կիրառում են երկակի մարտավարություն։
«Մի դեպքում գովազդվում է կազինոյատիպ կայքէջ՝ հետագայում դրա միջոցով գումարներ հափշտակելու համար, մյուս դեպքում տրամադրվում է վնասաբեր ծրագիր։ Այն տեղադրելուց հետո ամբողջությամբ հավաքագրում է հեռախոսում առկա բոլոր հնարավոր տեղեկատվությունը՝ պահպանված գաղտնաբառերից մինչև այլ տվյալներ։ Երկու դեպքում էլ նպատակը մեկն է՝ հափշտակություն»,- նշեց Մկրտչյանը։
Հետաքրքրական է, որ այս խարդախության սխեման ունի միջազգային բնույթ։ Համանման ֆեյսբուքյան էջերում հայտնաբերվել են նաև վրացերեն, մակեդոներեն և այլ լեզուներով գովազդներ, ինչը վկայում է կազմակերպված միջազգային հանցավոր ցանցի գոյության մասին։
CivilNetCheck











