Սոցցանցերում ակտիվորեն տարածվում են գրառումներ հայտնի ընկերությունների անունից, որոնք խոստանում են դրամական մրցանակներ և նվերներ։
«Մեր տարեդարձը նշելու համար բոլոր նրանք, ովքեր մեր էջում կգրանցեին «շնորհավորանքներ» մինչև 2025 թվականի նոյեմբերի 10-ը, կստանան հատուկ պայուսակ, անվճար բջջային հեռախոս, կանխիկ գումար և գնումների կտրոն»,- նշված է «Սաս» սուպերմարկետների ցանցի անունից տարածվող գրառման մեջ։
Իսկ «Փոքրիկ տուն» անվանումով ֆեյսբուքյան էջը խոստանում է տուն և դրամական մրցանակներ այն օգտատերերին, որոնք կկարողանան գտնել լուսանկարում պատկերված թվերից տարբեր թիվ։
Մինչդեռ այս գրառումները կեղծ են։ Դրանց իրական նպատակը վնասաբեր հղումների միջոցով օգտատիրոջ տվյալներին հասանելիություն ստանալն է կամ վարակել նրանց համակարգիչները։
Ու՞ր է տանում «Սաս»-ի անունից գրառումներ տարածող էջը
«Սաս» սուպերմարկետների ցանցի անունից տարածվող գրառումը մեկնաբանելուց հետո ուղարկում են ընկերության պաշտոնական կայքը նմանակող մեկ այլ՝ sas-supermarket.myfreesites[.]net դոմեյնային անվանումով կայքը։ Այս կայքը ստեղծվել է մատչելի տարբերակով կայքեր ստեղծելու հնարավորություն տվող sitebuilder.com հարթակով, ինչը երևում է նաև կայքի ստորին մասում։

Օգտատերերին առաջարկվում է գրանցվել կայքում՝ իբր նվերը ստանալու նպատակով։ Գրանցման կոճակը սեղմելուց հետո կայքը վերահասցեագրում է (redirecting) մեկ այլ՝ d.cazoonuxer[.]top դոմեյնային անվանումով կայք։
Այս կայքը վիրուսային կայք է և պահանջում է օգտատերերից որոշ ֆայլեր ներբեռնել։ Սակայն վիրուսային կայքերից ֆայլեր ներբեռնելու դեպքում օգտատերերը կարող են վարակել իրենց համակարգիչը վնասակար ծրագրերով, որոնք հնարավոր է՝ գողանան անձնական տվյալներ կամ մուտքի գաղտնաբառեր (infostealer):

#CivilNetCheck-ը պարբերաբար անդրադառնում է տարբեր սուպերմարկետների՝ այդ թվում «Սաս» սուպերմարկետների ցանցի անունից տարածվող կեղծ գրառումներին։ Նշենք, որ «Սաս» սուպերմարկետների ցանցի պաշտոնական ֆեյսբուքյան էջը SAS Supermarkets-ն է, կայքը՝ sas.am-ը։
Կեղծ էջերը վերահասցեագրում են օգտատերերին նույն վնասաբեր կայքը
«Փոքրիկ տուն» անվանումով ֆեյսբուքյան էջում մրցանակի հետ կապված գրառումը հրապարակվել է նոյեմբերի 5-ին։
«Ոչ ոք չի գուշակել լուսանկարում թվերը, բացի 529-ից։ Մենք այսօր ուղարկում ենք տունը և դրամական մրցանակները»,- նշված է գրառման մեջ։
Նոյեմբերի 7-ի դրությամբ գրառումն ունի շուրջ 1600 մեկնաբանություն և 114 տարածում (share):

Նշված թվից տարբերվող թիվ գրելուց հետո օգտատերերին ուղարկվում է wreyetrsytyt.blogspotpp[.]com դոմեյնային անվանումով կայքի հղումը։ Blogspot-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտատերերին անվճար բլոգեր ստեղծել։ Գրանցման կոճակը սեղմելուց հետո այն դարձյալ վերահասցեագրում է (redirecting) d.cazoonuxer[.]top դոմեյնային անվանումով կայքը, որը պարունակում է վնասաբեր ծրագրեր։ Այն, որ թե՛ «Սաս» սուպերմարկետների, և թե՛ «Փոքրիկ տուն» էջի գրառումները մեկնաբանելուց հետո օգտատերերը վերահասցեագրվում են նույն վնասաբեր կայքը, ցույց է տալիս, որ այս էջերը կառավարվում են նույն տեղից։
Մեկ այլ գրառում էլ տարածվում է KIA ընկերության անունից։ KIA Dealerr անվանումով ֆեյսբուքյան էջը գրել է, թե ընկերությունը նվիրում է Volkswagen Tiguan R-Line մակնիշի մեքենա այն օգտատերերին, որոնք կկարողանան գուշակել ճիշտ թիվը։
#CivilNetCheck-ը ընդամենը օրեր առաջ էր անդրադարձել KIA Dealerr էջի մեկ այլ կեղծ գրառման։ Meta-ի հետ համագործակցության արդյունքում #CivilNetCheck-ը պիտակավորել էր (label) այս էջի գրառումները։ Սակայն էջը հեռացրել է նախորդ գրառումը և օրեր անց հրապարակել մեկ այլ կեղծ գրառում։
Այսպիսով, զեղծարարները հայտնի ընկերությունների անունից կեղծ գրառումներ են տարածում։ Դրանց
միջոցով փորձում են օգտատերերից կորզել անձնական և բանկային տվյալներ՝ կամ վնասաբեր ծրագրերի միջոցով, կամ օգտատերերին ուղղորդելով դրանք ինքնուրույն մուտքագրել:
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











