Մարմարի և հրթիռների երկիրը. հայացք Հնդկաստանի ներսից

Առավոտյան ժամը չորսին Նյու Դելին բուռն շարժման մեջ է։ Խիտ երթևեկություն, անդադար ազդանշաններ. որևէ նշույլ չկա, որ քաղաքը քնած է։ Հյուրանոցի մուտքի մոտ մեզ դիմավորում են խրոխտ բեղերով դռնապանները՝ հնդկական նամաստեի հանդիսավոր քաղաքավարությամբ` ձեռքի երկու ափերը սեղմած դեպի խոնարհվող դեմքը։

Դռնապանն ու ես։ Ես ձախից եմ 🙂
35 միլիոնանոց Նյու Դելին աշխարհի ամենախոշոր քաղաքներից է և ամենաբնակեցված երկրի՝ Հնդկաստանի ամենամեծ քաղաքը։
Քաղաքի ու երկրի մասշտաբները ցնցող են։ Երթևեկությունը նման է քաոսի՝ մեքենաներ, մոտոցիկլետներ, մոպեդներ, հեծանիվներ, տուկ-տուկներ, քաղաքի որոշ հատվածներում՝ նաև կենդանական քարշակով «տրանսպորտ»։ Անվերջ շարժ, հոսքեր, բոլորը շտապում են ինչ-որ տեղ։ Քաղաքը չի կանգնում, չի քնում։
Դեկտեմբերի 8-ից 18-ը մեր այցի ամբողջ ընթացքում այս ռիթմն էր։ Կենտրոնական Ասիայից և Հարավային Կովկասից լրագրողների մեր խումբը Հնդկաստան էր եկել այդ երկրի կառավարության հրավերով։ Խմբում ադրբեջանցի լրագրող չկար։

Տուկ-տուկը եռանիվ տրանսպորտ է, որը վարորդից բացի՝ երկու ուղևոր կարող է տեղափոխել։ Նկարից երևում է, որ այն կարող է դառնալ նաև «Տերեմ-Տերեմոկ», ինչպես հայտնի հեքիաթում։ Հնդկաստանի փողոցներում տասնյակ միլիոնավոր տուկ-տուկներ կան, նաև՝ որպես Uber։
Լրագրողական ծանոթության մեր ծրագիրը նման չէր դասական շրջայցի։ Այն ավելի շուտ աստիճանական բացահայտում էր, թե ինչպես են Հնդկաստանում հինն ու նորը, ավանդույթներն ու տեխնոլոգիաները խառնվում իրար, ինչպես են գոյակցում այդ երկու Հնդկաստանները։

Մարմար և հիշողություն
Երկրի մեծության ու հարստության խորհրդանիշը Թաջ Մահալն է Ագրա քաղաքում, որ Նյու Դելիից երեք-չորս ժամ հեռավորության վրա է։ Թաջ Մահալը պարզապես դամբարան չէ։ Այն ճարտարապետական հսկայական համալիր է՝ բակերով, դարպասներով, ջրանցքներով, պարտեզներով, մզկիթով և հանդիսավոր մուտքով։

Ինձ հետաքրքրում էին հատկապես մարդիկ ու այս փոքրիկ աղջիկը՝ Ջանին, որ Թաջ Մահալում սառնարանի մագնիսներ էր վաճառում։ Ասաց, որ դպրոց չի հաճախում, բայց անգլերեն խոսում էր։
Հազարավոր մարդիկ Թաջ Մահալ գալիս են… պարզապես սելֆի անելու՝ բոլոր անկյուններից ու բոլոր հնարավոր դիրքերով։

Թաջ Մահալի համալիրում բոլորն ուզում են «բռնել» գմբեթի կատարից, ինչպես որ զբոսաշրջիկները պահում են Պիզայի աշտարակը, ոչ չընկնի։ Հավելյալ իմպրովիզը, իհարկե, նրանց չէր խանգարի։
Հետաքրքիր է՝ ինչ կմտածեր Շահ Ջահանն այս մարդկանց մասին։ Ով չգիտի, ասեմ՝ Շահ Ջահանը մողոլների տերության կայսրն էր, որը 17-րդ դարում կառուցել է այս դամբարանը իր սիրելի կնոջ՝ ծննդաբերելիս մահացած Մումթազ Մահալի հիշատակին։
Հայերի շրջանում տարածված է այն պնդումը, թե Մումթազ Մահալը հայ է եղել։ Ինձ չհաջողվեց գտնել հավաստի որևէ աղբյուր, որը կհաստատի այդ վարկածը։ Պատմական աղբյուրները միաձայն են, որ նա պարսկուհի էր։
Բայց սա նույնիսկ ֆակտ-չեքի գործ չէ։ Մարդիկ ուզում են հավատալ ցանկալիին… ինչ արած։
Զուսպ, բայց վստահ գլոբալ հավակնություններ
Այցի ընթացքում մեր տարբեր հանդիպումները վկայում էին աշխարհում Հնդկաստանի աճող հավակնությունների մասին։
Ներկայում Հնդկաստանն աշխարհի չորրորդ տնտեսությունն է և նպատակ ունի առաջիկա երկու-երեք տարում դառնալ երրորդը։ Երկրի հաջորդ մեծ նպատակն է մինչև 2047-ը՝ անկախության 100-ամյակին, զարգացող երկրից անցում կատարած լինել զարգացած երկրների շարքը։
Հնդկաստանի առաջատար Observer Research Foundation վերլուծական կենտրոնում փորձագետների ու հետազոտողների հետ մեր հանդիպումը նաև գլոբալ այդ հավակնության մասին էր։
Եվրասիական տարածաշրջանում Հնդկաստանի գլխավոր մրցակիցը Չինաստանն է, որը հովանավորում է նաև Հնդկաստանի հակառակորդներին ու նախևառաջ՝ Պակիստանին։ Մյուս կողմից, Հնդկաստանը հավասարակշիռ քաղաքականություն է վարում բոլոր խոշոր խաղացողների հետ։ Սեպտեմբերին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այցելեց Պեկին՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, իսկ դեկտեմբերին ընդունեց Ռուսաստանի նախագահ Պուտինին և կնքեց մի շարք խոշոր համաձայնագրեր, այդ թվում նավթամթերքի ներկրման։ Հնդկաստանը BRICS-ի հիմնադիր անդամ է։
Նյու Դելին միաժամանակ բանակցություններ է վարում Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ, հարյուր միլիոնավոր դոլարների ներդրում է արել Արևմուտքի պատժամիջոցների տակ գտնվող Իրանում՝ Չաբահարի նավահանգստում, և քննարկում է համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ։
Չնայած Թրամփի վարչակազմը բարձր մաքսատուրքեր է սահմանել հնդկական ապրանքների նկատմամբ, ԱՄՆ-ն շարունակում է լինել Հնդկաստանի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը։ Մեր այցի օրերին Microsoft-ը Հնդկաստանում 17 մլրդ դոլար ներդնելու մասին նոր համաձայնագիր ստորագրեց։ Այստեղ ներդրումներ են անում նաև տեխնոլոգիական մյուս հսկաները։

Նյու Դելիում Observer Research Foundation-ի շենքի նախասրահը։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը հայ լրագրողների հետ զրույցում հաճոյախոսություններ էր շռայլում մեր հասցեին՝ Հնդկաստանում ստեղծված հայկական առաջին սահմանադրությունից, այդ երկրում տպագրված հայկական առաջին պարբերական «Ազդարար»-ից մինչև Մադրասի խմբակ։ Բայց մենք հիմա արդեն փոքրիկ խմբակից կարծես վերածվել ենք անկախ երկրի, և մեզ հետաքրքրում են Հնդկաստանի իրական քաղաքականության ուղղությունները, նախևառաջ նրա ռազմավարական հետաքրքրությունները մեր տարածաշրջանում, ինչն էլ առանձնացրել եմ պարոն Ջայսվալի հետ զրույցից։

Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Ռանդհիր Ջայսվալի հետ։
Իննօրյա այցի ընթացքում մեր խմբին հնդիկ երկու երիտասարդ էին ուղեկցում՝ Ռավին և Ուջվալը։ Քսանն անց այս տղաները ամենայն պատասխանատվությամբ ու մանրակրկիտ ձևով կազմակերպել էին այցերը։ Քսան հոգանոց բազմալեզու խմբին հավաք պահելը ու բոլոր հանդիպումներին ժամանակին հասցնելը հեշտ գործ չէ։ Հետո պարզեցինք, որ պետական ծառայության 60 տեղի համար, որին դիմել էին Ռավին և Ուջվալը, հավակնել է 3,8 միլիոն թեկնածու։ Այս թիվը թերևս վկայում է այն մասին, թե որքան լուրջ են այստեղ մոտենում մերիտոկրատիայի ձևավորմանը։
Հայդարաբադ՝ պատմության և տեխնոլոգիաների խաչմերուկ
Եթե Դելին մարմնավորում էր շարժը, Ագրան՝ հիշողությունը, ապա 10-միլիոնանոց Հայդարաբադը ցույց էր տալիս, թե ինչպես է Հնդկաստանի ապագան կառուցվում հենց այդ հիմքերի վրա։ Այն Հնդկաստանի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական կենտրոններից է՝ միջնադարյան քաղաքի և Դուբայի յուրօրինակ խառնուրդ։ Երկնաքերները փոխում են ոչ միայն տեսարանը, այլև կյանքի ռիթմը։

Ամբողջ Հնդկաստանում աչքի էին զարնում զարգացած ենթակառուցվածքները, լայն ու խնամված ճանապարհները և շինարարության մասշտաբը։ Հայդարաբադի մետրոն, որը գործարկվել է 2017-ին, արդեն 56 կայարան ունի։ (Հիշեցման կարգով՝ Հայաստանի անկախության 35 տարիների ընթացքում Սովետի կառուցած Երևանի մետրոյին գեթ մեկ կայարան չի ավելացվել։ «Աջափնյակ» կայարանի և «Փեթակ»-ի էսկալատորների թեման կրկին կհայտնվի հաջորդ ընտրարշավին)։
Հայդարաբադում կողք կողքի տեղակայված T-Hub և T-Works կենտրոնները իսկական ստարտափ էկոհամակարգ են ձևավորել։ Երկրի բազմաթիվ տեխնոլոգիական նախաձեռնություններ անցել են այս հարթակներով։ Այստեղ է ծնվել նաև Հնդկաստանի մասնավոր տիեզերական առաջին ընկերությունը՝ Skyroot Aerospace-ը։
Հայկական բեռը՝ հնդկական առաջին մասնավոր արբանյակի վրա
Մեր այցի ուշագրավ դրվագներից մեկը եղավ հնդկական առաջին մասնավոր տիեզերական ընկերությունում։
Skyroot Aerospace-ի հրթիռների արտադրության գործարանում, երբ լրագրողները հերթով ներկայանում էին, ընկերության փոխնախագահ Սումիլ Սուդհաքարանը կանգ առավ Հայաստանի անունը լսելիս. «Մեր արձակած առաջին հրթիռի վրա հայկական սարքավորում (payload) կար»: Վերջին տարիներին որպես հայ լավ զգալու առիթները քիչ են։ Սա դրանցից մեկն էր։
Skyroot Aerospace-ը, որը հաճախ անվանում են Հնդկաստանի SpaceX, տիեզերք առաջին հրթիռն արձակեց 2022-ին՝ Vikram-S-ի ենթաоրբիտալ թռիչքով։ Դեկտեմբերի 16-ին մեր հանդիպումը ընկերության արտադրական տարածքում էր։

Հրթիռների արտադրամասում կիսակատակ գրված է. «Սա հրթիռագիտություն չէ… Օ՜, սպասեք, իրականում՝ է՛»։ Ձախից մեր հնդիկ ուղեկցողները՝ Ուջվալը և Ռավին։
Տե՛ս՝ Հնդկական Skyroot-ը ձգտում է դառնալ տիեզերական Uber
Սուդհաքարանը ընկերության մոտեցումը բացատրում է պարզ համեմատությամբ. խոշոր հրթիռները նման են ավտոբուսների՝ ֆիքսված գրաֆիկով և ընդհանուր երթուղիներով։ Skyroot-ի նպատակը ավելի մոտ է Uber-ին՝ պատվերով, ճկուն արձակումներ փոքր բեռների համար, որոնց անհրաժեշտ են հստակ ժամկետներ և ուղեծրի կոնկրետ հատվածներ։ Խոսքը մասշտաբի մասին չէ, այլ արագ արձագանքման։
Փոքր երկրների համար այս նախագիծը հիշեցում է, որ նման գործընկերների միջոցով տիեզերքը կարող է հասանելի դառնալ նաև իրենց։
***
Ինձ տպավորեցին երկու Հնդկաստանները։ Մեկը՝ հին, հարուստ պատմությամբ, գույներով, անզուգական դիզայնով ու մարդկային ջերմությամբ։ Մյուսը՝ տեխնոլոգիական, ապագային ուղղված, ենթակառուցվածքներով և արդյունաբերությամբ։ Դրանք միմյանց չեն հակասում, փոխլրացնում են։

Աշխարհի խոշոր տնտեսությունների շարքում Հնդկաստանի տարեկան միջին աճը ներկայում ամենաբարձրն է՝ 7 տոկոսի սահմաններում։ Աճը և զարգացումը նպաստում են նաև աղքատության հաղթահարմանը. վերջին քսան տարում երկրում ծայրահեղ աղքատների թիվը 55 տոկոսից իջել է 10 տոկոսի։
Վերջում դնեմ այս լուսանկարները հնդկական կինոարտադրության կենտրոն Ռամոջի Սիթի մեր այցից։ 1998-ին հիմնադրված այս կինոստուդիայում արդեն նկարահանվել է 3500 ֆիլմ։ Հնդկական կինոյի սիրահար չեմ, բայց Ռամոջի այցը շատ գունեղ ու տպավորիչ էր։

Կարեն Հարությունյան










