Գլխավոր Լրահոս

Կենսաթոշակների բարձրացման մասին տարածվող լուրերը կեղծ են

Կենսաթոշակների բարձրացման մասին տարածվող լուրերը կեղծ են

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում վերջին շրջանում ակտիվորեն տարածվում են կենսաթոշակների շոշափելի բարձրացման մասին հրապարակումներ: Տարբեր էջեր տարածում են սենսացիոն վերնագրերով գրառումներ՝ հայտնելով «երկար սպասված լավ լուր» և անգամ՝ «նախարարի հուզիչ հայտարարություններ»։

Այս հրապարակումներն ուղեկցվում են պաշտոնյաների՝ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի լուսանկարներով, որոնք նպատակ ունեն տեղեկությանը պաշտոնական տեսք հաղորդել։

Էկրանապատկերում՝ զեղծարարների կողմից տարածվող մոլորեցնող գրառումները

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է տարածվող գրառումները և պարզել, որ կենսաթոշակների բարձրացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Կազմակերպված թիրախային ապատեղեկատվություն. ի՞նչ են ասում թվերը

Իրականացված ուսումնասիրության արդյունքում միայն Ֆեյսբուքում հայտնաբերվել է շուրջ 80 փոխկապակցված էջերում հրապարակված ավելի քան 300 նմանատիպ գրառում։ 

Այս հրապարակումները տարածվում են բազմահազար հետևորդներ ունեցող՝ «Երկիր Հայրենի», «Լուրեր Info», «Դուխով», «Իմացիր Առաջինը» և «ՀԱՅ ՄԵԴԻԱ» և այլ էջերով։ Չնայած այս էջերն ունեն տարբեր անվանումներ, դրանց գործելաոճը նույնն է՝ օգտագործվում են նույնատիպ տեքստեր և պատկերներ՝ ընթերցողի ուշադրությունը գրավելու համար։

Այս գրառումները հավաքել են ահռելի քանակությամբ լսարան՝ ընդհանուր առմամբ գրանցելով մոտ 3 միլիոն դիտում։ Կարևոր է նշել, որ սա ոչ թե եզակի օգտատերերի թիվն է, այլ բոլոր հրապարակումների դիտումների հանրագումարը։ Բացի այդ, գրառումները ստացել են ավելի քան 8900 հավանում և բազմաթիվ վերահրապարակումներ։

Գրառումներում կիրառվում է այսպես կոչված «քլիքբեյթ» (clickbait) տեխնոլոգիան։ Սա անգլերեն տերմին է, որը նշանակում է «խայծ-վերնագիր»։ Դրա նպատակն է ստիպել օգտատիրոջը սեղմել հղման վրա՝ օգտագործելով չափազանցված կամ կեղծ տեղեկատվություն։ Նպատակը գովազդներով լի կայքեր օգտատերերին տեղափոխելն է։

Կեղծ կայքեր և արհեստական բանականությամբ ստեղծված տեքստեր

Երբ օգտատերը սեղմում է ֆեյսբուքյան գրառման կից հղմանը, այն տեղափոխում է arminfonews[.]ru հասցեով գործող կայք։ Սա դասական «սունկ կայք» է, որը չունի խմբագրություն, հասցե և կոնտակտային տվյալները։ Կայքը գրանցվել է 2019-ի դեկտեմբերին, սեփականատիրոջ տվյալները փակ են։

Կայքում վարչապետ Փաշինյանի և նախարար Թորոսյանի նկարներով նյութերը գրված են ռուսերենով և ակնհայտորեն գեներացվել են արհեստական բանականության (AI) միջոցով։ Նյութերում բացակայում են կոնկրետ թվեր, որոշման համարները կամ պաշտոնական աղբյուրներին հղումները։ Փոխարենը՝ լցված են էմոցիոնալ, ոչ ինֆորմատիվ ընդհանրական տեքստային բովանդակությամբ։

Էկրանապատկերում՝ arminfonews[.]ru կայքի ռուսալեզու կեղծ բովանդակությունը

Իրականում Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակների բարձրացում 2026 թվականների համար նախատեսված չէ։ Նախարարությունը վերջին բարձրացումը իրականացրել է 2023-ի հուլիսին, իսկ ներկայումս շեշտը դրվում է անկանխիկ վճարումների հետվճարի համակարգի վրա, որի չափը 2026 թվականի հունվարի 1-ից դարձել է 20 տոկոս՝ նախկին 6,000 դրամի փոխարեն սահմանելով մինչև 10,000 դրամ հետվճարի հնարավորություն։

#CivilNetCheck-ը նախկինում ևս բազմիցս անդրադարձել է այս թեմային և նույնատիպ կեղծ կայքերի գործունեությանը։ Զեղծարարները պարզապես փոխում են էջերի անունները՝ շարունակաբար հրապարակելով հորինված լուրեր։

Տես՝ «Կենսաթոշակների բարձրացման մասին լուրը կեղծ է»

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում