Գլխավոր Լրահոս

Կենսաթոշակների բարձրացման մասին լուրը կեղծ է 

Կենսաթոշակների բարձրացման մասին լուրը կեղծ է 

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերի բազմահազար հետևորդներ ունեցող էջեր տարածում են գրառումներ կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ:

«Վերջապես։ Թոշակները կբարձրանան։ Պարզվել է՝ երբ և որքանով։ Թոշակառուներ, սա ձեր սպասած լուրն է»,- նշված է գրառման մեջ։ 

Թոշակառուներին թիրախավորող լուրը կեղծ է, որի միակ նպատակը դիտումներ հավաքելն է։

Ի՞նչ են պնդում կեղծ լուր տարածողները․ ի՞նչ է իրականում նախատեսված 2025-ին

Գրառմանը կցված է yer.arminfonews.ru կայքի հոդվածը, որտեղ նշվում է, թե իբր 2025-ի հուլիսի 1-ից բոլոր խմբերի թոշակառուների կենսաթոշակները բարձրանալու են։ Տեքստը միաժամանակ ռուսերեն և հայերեն է, ենթադրաբար՝ երկու լեզուներով խոսող ընթերցողներին թիրախավորելու նպատակով։

«Այս որոշումը վերաբերում է ինչպես տարեց թոշակառուներին, այնպես էլ զինծառայության, հաշմանդամության, կորցրած կերակրող, սոցիալական նպաստների, պետական ծառայության թոշակառուներին»,- նշված է հոդվածում։

Կենսաթոշակների վերջին բարձրացումը տեղի է ունեցել 2023-ի հուլիսին։ 2024-ի նոյեմբերին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ 2024-ին և 2025-ին կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում։

«2025-ին պահպանվելու են 2024-ին գործող՝ հիմնական կենսաթոշակի, աշխատանքային ստաժի, զինվորական ծառայության, [...] զինվորական կենսաթոշակի չափերը»,- ասել է Նարեկ Մկրտչյանը:

Այսինքն՝ ոչ մի տեսակի կենսաթոշակի բարձրացում չի սպասվում։

#CivilNetCheck-ի հետ զրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից վերահաստատեցին, որ 2025-ին կենսաթոշակների ոչ մի խմբի համար բարձրացում նախատեսված չէ։

Ինչ վերաբերում է սոցիալական նպաստներին, ապա 2025-ի մարտի 17-ից կառավարությունն ընդամենը ընտանեկան նպաստի փոխարեն Սյունիքի և Կոտայքի մարզերում պիլոտային կարգով գործարկել է անապահովության գնահատման նոր համակարգը։ Նոր համակարգով նպաստի միջին չափը բարձրանալու է, սակայն նոր համակարգը նաև այլ բաղադրիչներ է ներառում։

Կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ նախկինում ևս կեղծ կամ հին լուրեր են տարածվել, որոնց #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։

Նման կեղծ լուրեր տարածելու հիմնական նպատակը գրառման կցված կայքի դիտելիությունը բարձրացնելն ու դրա հաշվին գովազդից եկամուտ ստանալն է։ Իսկ «Վերջապես», «Թոշակառուներ, սա ձեր սպասած լուրն է» ձևակերպումներն օգտագործվում են լսարանի ուշադրությունը գրավելու համար։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում