Գլխավոր Լրահոս

Քրդական գործոնը՝ Թուրքիայի մղձավանջ

Վերջերս, առավել քան երբևէ, միջազգային մամուլի ուշադրությունը կենտրոնացել է Հայաստանի սահմաններից ոչ շատ հեռու, ուղիղ գծով՝ մոտ 600 կմ հարավ արևմուտքում գտնվող տարածքներում տեղի ունեցող իրադարձությունների վրա: «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում մեկնաբանում է Քոբանիի մարտերում Թուրքիայի դիրքորոշումը, արևմուտքի հետ շահերի բախումը և տարածաշրջանում նոր բաժանարար գծերի առաջացման հավանականությունը:

Շահան Գանտահարյանն ասում է, որ «Իսլամական պետության» զինյալ խմբավորումները ֆինանսավորելու, զինելու և անարգել միջանցքներ տրամադրելու Անկարայի դերակատարությունն արդեն բացահայտ է, և դրան միջազգային մամուլը հետևողականորեն անդրադառնում է: «Կարդալով այսօրվա քաղաքական իրադրության մասին՝ ավելի պարզ կդառնա, թե ինչու է Անկարան շահագրգռված է «Իսլամական պետությունը» իր անվտանգության երաշխիք համարել՝ գոնե որոշակի առումով: Քոբանին կամ Արաբունարը, արևմտյան շահերի և թուրքական շահերի միջև բախման կետ հանդիսացավ: Ի տարբերություն Մոսուլի կամ Քեսապի՝ այս դեպքում, երբ արևմտյան շահերն ու Միացյալ Նահանգների բաժանարար ծրագրերը վտանգվեցին, վերջիններին քրդական գործոնին հայտնած աջակցությունը ավելի բացահայտ դարձավ: Այդ պատճառով Իսլամական պետության զինյալները չհաջողեցրին անել այն, ինչ որ Մոսուլի մեջ արեցին: Փաստորեն՝ Մոսուլում նրանք շատ ավելի ազատ ու անարգել գործեցին՝ հարգելով սահմանագծերը, սահման չհատելու լուռ համաձայնությունը:

Այդ պատճառով նաև ավելի հանգիստ ընկալվեց Միացյալ Նահանգների կողմից կամ արևմուտքի կողմից այն, ինչ տեղի ունեցավ Մոսուլում: Ժողովրդի տեղահանումը, ջարդերը և տարածքների վերահսկողությունը կայծակնային արագությամբ տեղի ունեցավ: Մի բան, որ Քոբանիում մենք չտեսանք: Ընդհակառակը՝ այսօր արդեն փաստ է, որ քրդական ուժերի առաջխաղացում կա:

Թրքական շահագրգռվածությունը այս բոլորին մեջ պարզ է: Ոչ-թռիչքային գոտի ստեղծելու առաջարկի հիմնական պատճառը քրդական գործոնն է, որովհետև քրդական գործոնի ուժեղացումը լուրջ սպառնալիք և մղձավանջ է Թուրքիայի համար»:

Անդրադառնալով պետության հետ սերտ կապեր ունեցող «Թուրքիայի աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքի հայտարարությանը, թե Քոբանիի անկումը կբխի Թուրքիայի շահերից, Գանտահարյանն ասաց, թե դա բացահայտ և անկեղծ ձևով կբնութագրի Թուրքիայի քաղաքականությունը Քոբանիի և այդ տարածաշրջանի նկատմամբ:

«Թուրքերն այդ մղձավանջը ունեն, որովհետև ի վերջո Սիրիայի, Իրաքի և Թուրքիայի քրդերի միավորմամբ ստեղծվող այդ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող տարածքն արդեն առաջադրված Քրդստանն է, որը Անկարան փորձում է արգելակել՝ խանգարելով այդ միավորմանը: Դա Թուրքիայի տարածքային ամբողջականության ամենալուրջ սպառնալիքն է: Պատահական չէ, որ այսօր Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարություն արեց, ասելով, որ այս օրերին մեր գլխավոր նպատակը Թուրքիայի տարածքային ամբողջականության պահպանումն է: Հայտարարությունն ահազանգի բնույթ ունի: Սա նշանակում է որ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը սեղանի վրա է, այսինքն՝ Թուրքիայի առաջնային խնդիրը՝ իր տարածքային ամբողջականությունը, վտանգված է»:

Մնացյալը պատրվակներ են: Անվտանգության գոտի կամ մարդասիրական գոտի ստեղծել, կամ ոչ-թռիչքային գոտի առաջադրել, և այլն… Այս բոլորը, խորքի մեջ, Անկարայի կողմից համաքրդական միավորմանը խոչընդոտելու փորձեր են: Սա նշանակում է նաև, որ իսկապես Թուրքիայի համար քրդական գործոնը քաղաքական մղձավանջի է վերածվել»:

Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, թե տարածաշրջանի մեջ քրդերի տեղական իշխանությունը տարածաշրջանի միակ ժողովրդավար և հանդուրժողականություն պահպանող կառույցն է ներկայացնում, Գանտահարյանը դրանք նկատում է որպես կարգախոսային սկզբունքներ, որովհետև տարածաշրջանում կան կրոնապետական և անհանդուրժողական կարգեր ունեցող միապետություններ, այնուամենայնիվ նրանք կմնան արևմուտքի կամ Միացյալ Նահանգների քաղաքականությունը իրականացնողներ կամ դաշնակիցներ: Այստեղ սկզբունքային խնդիրները՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, հանդուրժողականություն, և այլն, ավելի պատրվակային և կարգախոսային բնույթ ունեն, և քաղաքական գործընթացների բուն շարժառիթները չեն բացատրում, ասում է Գանտահարյանը:

«Այստեղ տարածաշրջանի նոր բաժանարար ծրագրերի իրականացման և նոր սահմանագծերի որոշման խնդիր կա, որը կարող է 20-30 տարի տևել: Քրդական գործոնը ևս դարձել է այս տարածաշրջանում արևմուտքի ունեցած պատկերացումների հիմնական կռվան, որը ցույց է տալիս, որ արևմուտքը, մեղմ ասած, հովանավորում է Քրդստանի ստեղծումը»:

Անգլերենի համար` այստեղ 

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում