Գլխավոր Լրահոս

Իսլամ․ հարաճուն գործոն Ադրբեջանում

Արևելագետ Արաքս Փաշայանը հեղինակել է «Իսլամն Ադրբեջանում․ անցյալը և ներկան» աշխատությունը։ ՍիվիլՆեթին նա պատմել է Ադրբեջանում իսլամական գործոնի հարաճուն դերի մասին։

-Ադրբեջանում զարգացման ի՞նչ փուլերով է անցել իսլամը նախախորհրդային և խորհրդային շրջաններում:

-Ներկայիս Ադրբեջանի տարածքում իսլամը լուրջ դերակատարություն է ունեցել հասարակական-քաղաքական գործընթացներում: Նույն թուրքականությունը, իրանական քաղաքակրթական ազդեցությունը, ռուսական ազդեցությունը մեծ դեր են խաղացել իսլամական ինքնության և առհասարակ քաղաքական գործընթացների վրա: Իհարկե, ռուսական տիրապետությունից հետո իսլամն այստեղ վերաձևումների ենթարկվեց: Ռուսական ազդեցության և աշխարհիկության ներհոսքի արդյունքում այն տուժեց:

Խորհրդային շրջանը եկավ մեծ վնաս հասցնելու ընդհանրապես խորհրդային տարածքում գոյություն ունեցող կրոնական ինստիտուտներին, և իսլամը Ադրբեջանում զգալի նահանջ ապրեց, երկիրը կորցրեց իր կապերը կրոնական ինստիտուտների հետ, անկում ապրեց մոջթահիդների ինստիտուտը: Փաստորեն, Ադրբեջանը, ինչպես խորհրդային մյուս հանրապետությունները, դարձավ աշխարհիկ պետություն, սակայն իսլամը որոշակիորեն պահպանեց իր դիրքերը հասարակական գիտակցության մեջ, և եթե բնակչության մե մասը չէր հետևում Ռամադան ամսվա ծոմապահությանը, սակայն շատուշատ կրոնական ավանդույթներ՝ Աշուրայի տոնակատարություններին այցելելը, Բայրամը, պահպանվում էին ընտանիքներում:

Անկախության ձեռքբերումից հետո, բնականաբար, Ադրբեջանում տեղի ունեցավ իսլամական վերածնունդ: Իհարկե, սկզբնական շրջանում, թե՛ Մութալիբովի, թե՛ Էլչիբեյի իշխանության տարիներին թուրքականությունն ավելի գերիշխող տեղ ուներ Ադրբեջանում: Մասնավորապես, Էլչիբեյի տարիներին պանթուրքիզմն Ադրբեջանում ծաղկում ապրեց, և նրանք թե´ քաղաքակրթական, թե´ քաղաքական առումներով ընտրություն կատարեցին դեպի Թուրքիան՝ մշտապես մտավախություն ունենալով Իրանի կրոնական ազդեցության աճից: Եվ բնականաբար աշխարհիկությունն էր, որ տեղ գտավ Սահմանադրության և հասարակական գիտակցության մեջ:

Ահա այսպիսին էր պատկերը մինչև Հեյդար Ալիևի իշխանության գալը: Վերջինս ամբողջովին փոխեց ընդհանրապես Ադրբեջանի ազգային տեսլականը: Եվ քանի որ այդ շրջանում Ադրբեջանը թիրախ էր արտաքին կրոնական ազդեցությունների համար, և Ադրբեջանում իրենց ազդեցությունը տարածելու համար սկսել էին մրցակցել թե´ Թուրքիան, թե´ Իրանը, թե՛ ընդհանրապես Ծոցի արաբական պետությունները, և այլ բոլոր կենտրոններից կրոնական հոսքերը շարժվում էին Ադրբեջան, դրա հետևանքով Ադրբեջանի ազգային անվտանգությունը մի պահ սպառնալիքի տակ էր: 1990-ականների կեսերին Հեյդար Ալիևը շատ լավ հասկացավ, որ պետք է փորձի հակազդել այդ արտաքին կրոնական ներթափանցումներին, քանի որ Ադրբեջանը կրոնական առումով պարարտ հող էր, և հեշտ էր ցանկացած կրոնական ուղղության համար այստեղ հաստատվել, քարոզչություն ծավալել: Ալիևը հասկացավ, որ պետք է ստեղծի այսպես կոչված «ադրբեջանական իսլամի բրենդ»՝ փորձելով ձերբազատվել թե´ թուրքական, թե´ իրանական, թե՛ արաբական ազդեցություններից, և ներկայացնել Ադրբեջանը որպես ուրույն քաղաքակրթական երկիր, մշակույթ:

- Հետաքրքիր է, որ Ադրբեջանում գերիշխող է իսլամի շիական ճյուղը, բայց Թուրքիան և Ծոցի արաբական երկրները սուննիական իսլամի հետևորդ են: Բացի այդ՝ սկսած 1990-ականների սկզբից, երբ Ղարաբաղում պատերազմ էր, զինյալներ էին գալիս Աֆղանստանից, Պակիստանից , հետագայում Իսլամական կոնֆերանս կազմակերպության շրջանակում իսլամական երկրները միանշանակորեն աջակցում էին Ադրբեջանին: Ի՞նչպես բացատրել այս երևույթը: Արդյո՞ք կոնկրետ Ադրբեջանի դեպքում չկա այդ տարանջատումը՝ շիականության և սուննիականության միջև:

– Նախ նշեմ, որ Ադրբեջանը թե՛ կրոնական, թե՛ էթնիկ դավանական առումով բավականին հետաքրքիր խճանկար ունի, քանի որ մուսուլման բնակչության 65-70%-ն այստեղ շիաներ են, բայց մնացած մասը սուննիներ: Վերջիններս հիմնականում տեղաբնիկ էթնիկ փոքրամասնություններն են՝ լեզգիները, ցախուրները, ավարները և այլն, որոնք բնակվում են հյուսիսային շրջաններում:

Ադրբեջանի մուսուլմաններին շատ հաճախ անվանում են աշխարհիկ մուսուլմաններ: Խորհրդային և հետխորհրդային շրջանում նրանք նույնիսկ չէին տարբերակում՝ իրենք սուննի, թե շիա իսլամի հետևորդներ են: Այսինքն՝ Ծոցի երկրներից եկող արաբական սուննիական կամ սալաֆիական իսլամն այստեղ շատ լավ տարածվելու պարարտ հող ուներ, քանի որ ադրբեջանական հասարակության մեջ բազմաթիվ խնդիրներ կային. գեղագիտական արժեքների ձևափոխումները, բարոյական արժեքների անկումը Խորհրդային Միության տապալումից հետ: Եթե սրան գումարենք նաև թուրքական սուննիականության ազդեցությունը, պարզ է դառնում, որ Ադրբեջանում անկախության ձեռքբերումից հետո մեծանում է սուննիական իսլամի ներթափանցումների ծավալը:

Նույնիսկ շատուշատ ադրբեջանցի մտավորականներ, որոնք ծագումով շիական ընտանիքներից են, համարում են, որ շիական իսլամը իսլամի մեջ որոշակի աղճատումների արդյունք է, և միակ ճշմարիտ ուղղահավատ ուղղությունը սուննիական իսլամն է: Բացի այդ՝ ռուս-չեչենական պատերազմների արդյունքում Ադրբեջանը ենթարկվեց սալաֆիականության ու վահաբականության ներթափանցումներին: Այսպիսով, այս ճանապարհով սուննի իսլամը ևս ներթափանցեց Ադրբեջան:

Անդրադառնալով մոջահիդների խնդրին՝ նշեմ, որ, այո՛, Աֆղանստանից եկած մոջահիդներն էին, դրանց մի մասը արաբ մոջահիդներն էին, որոնք մասնակցել էին աֆղանական պատերազմին և նույն Խատտաբը աֆղանական պատեազմից հետո իր մյուս փորձաշրջանն անցավ ղարաբաղյան ճակատում: Իհարկե, այդ պատերազմում Ադրբեջանի ձախողումներից հետո կենդանի մնացած մոջահիդների մի մասը վերադարձան իրենց հայրենիք, մի մասը՝ մանավանդ այսպես կոչված «արաբ աֆղանցիները», մասնակցեցին դաղստանյան, չեչենական՝ հակառուսական պայքարին, իսկ մյուս մասը մնաց Ադրբեջանում:

Եվ ահա, տարբեր գործոնների արդյունքում սուննի իսլամը նույնպես տեղ գտավ Ադրբեջանի կրոնական խճանկարում: Օրինակ՝ նույն գյուլենական շարժման հիմքում, որն այսօր բավականին լուրջ հիմքեր ունի Ադրբեջանում, ընկած է սուննի իսլամի և սուֆիականության խառնուրդը: Այսինքն՝ որքան որ շիա իսլամը տարածում ունի, իհարկե, ոչ նույն ծավալներով, բայց Ադրբեջանում իր համար ճանապարհ է հարթում նաև սուննի իսլամը: Ադրբեջանում իսկապես կա սուննիական ռեսուրս և արմատական-ծայրահեղական շրջաններ, և այս ռեսուրսը մատակարարվում է միջազգային ջիհադական շարժումներին:

-Երկրներում, որտեղ սոցիալական բևեռացումը մեծ է, իսլամը գլուխ է բարձրացնում՝ որպես սոցիալական արդարության հենք: Ադրբեջանում որքանո՞վ է առկա այս գործոնը, և ընդհանրապես, ի՞նչ նախադրյալներ կան Ադրբեջանում իսլամի տարածման համար:

-Ինչ վերաբերում է իսլամի տարածմանը՝ որպես գաղափարախոսություն, ասեմ, որ մենք միշտ Ադրբեջանը համարում ենք աշխարհիկ պետություն, սակայն Ադրբեջանը գնալով իսլամականանում է, քանի որ չկա ուրիշ գաղափարախոսություն. այստեղ քաղաքական-գաղափարախոսական վակուում կա:

Առհասարակ, Ադրբեջանը ավտորիտար պետություն է, և բացի հեյդարիզմից, այստեղ ուրիշ գաղափարախոսություն չկա, քանի որ տարիների ընթացքում նրանք ջարդեցին, ոչնչացրեցին իրենց ընդդիմությանը՝ թե´ ձախերին, թե աջերին, թե´ լիբերալներին: Նույն Արիֆ Յունուսը կանխատեսում էր, որ կգա ժամանակ, երբ քաղաքական իսլամը Ադրբեջանում կդառնա ռեալ ուժ: Եվ այդպես էլ եղավ: Այսինքն՝ այդ կանխատեսումը դարձավ իրականություն: Այսօր հեյդարիզմին կարող է մարտահրավեր նետել միայն քաղաքական իսլամը, քանի որ դաշտում այլ գաղափարախոսությունը չկա: Եվ եթե գումարենք Ադրբեջանում առկա սոցիալական խնդիրները, անարդարությունները, իշխանությունների նկատմամբ դժգոհությունները, կրոնական ճնշումները, քաղաքացիական հասարակության ձևավորման խոչընդոտները,- սրանք բոլորն ի վերջո նպաստելու են իսլամական գործոնի վրա: Անհնար է, որ Ադրբեջանում իսլամը չդառնա ռեալ հասարակական-քաղաքական ուժ, և նույնիսկ չի բացառվում, որ այն բավականին ամուր հենարան հանդիսանա հետագա ընդդիմադիր շարժումների համար, ինչպես նաև որոշակի գործոն էթնիկ շրջաններում որպես իշխանությունների դեմ ոչ ճիշտ ազգային քաղաքականություն վարելու միջոց: Ես այդպես եմ պատկերացնում Ադրբեջանում իսլամի հեռանկարը, որովհետև այսօր բոլոր ռեալ հիմքերն այլևս ստեղծվել են:

-Բայց ընդհանուր առմամբ, Ադրբեջանի հասարակությունը կարելի է ասել՝ աշխարհիկ հասարակություն է:

-Իհարկե, Ադրբեջանի հասրակությունը մեծամասամբ աշխարհիկ է: Բայց նաև պետք է աչքաթող չանենք այս խնդիրները: Պետք է նաև նկատի ունենանք, որ Ադրբեջանում այսօր գնալով ավելանում են կրոնասիրության ծավալները, մեծանում է հետաքրքրությունը իսլամի նկատմամբ, մարդիկ սկսում են ուսումնասիրել Ղուրանը, մեծանում է Ռամադան ամսին ծոմ պահողների թիվը, մզկիթ հաճախողների թիվը, հիջաբ կրողների թիվը և այլն: Այսինքն՝ Ադրբեջանում կա իսլամական գործոնի ակտիվացում:

-Որքանո՞վ է ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի պարտությունը ազդում այդ երկրում իսլամի տարածման վրա:

-Ինչքան ես եմ փորձել հասկանալ,  այդ գործոնը կարելի է ասել՝ չի նպաստել իսլամի տարածմանը: Դա Ադրբեջանի արտաքին քաղաքական ձախողումներին առնչվող թեմա է: Իսլամական գործոնի ակտիվացման համար կան հասարակական ավելի լուրջ խնդիրներ:

-Որքանո՞վ է իրական, որ Ադրբեջանը դառնա «Իսլամական պետությանը» զինյալներով սնող երկիր:

-Ադրբեջանն արդեն իսկ սնող պետություն է, որովհետև եթե անգամ տասը մոջահիդ մասնակցի, դա նշանակում է՝ Ադրբեջանը բազա է, որտեղից մեկնում են մասնակցելու այս ջիհադական շարժումներին: Տվյալներ կան, որ ոչ միայն սուննի մոջահիդներ են գնում մասնակցելու, այլև շիա, որոնք անդամագրվում են տարբեր խմբավորումների: Իհարկե, գերակշռող մասը սուննիներ են: Այս խնդիրը քննարկումների առիթ է դարձել ադրբեջանական հասարակության մեջ:

Իշխանությունները լուրջ մտավախություն ունեն. նրանք հստակ գիտակցում են, որ սա սպառնալիք է Ադրբեջանի ազգային անվտանգությանը, քանի որ այդ ռեսուրսը կարող է վերադառնալ և ապակայունացնել Ադրբեջանի քաղաքական իրավիճակը: Բացի այդ՝ հասարակությունը քննարկում է, որ եթե Ադրբեջանում կան մարդիկ, որոնք կարող են զենք վերցնել և կռվել միանգամայն այլ ճակատներում, ապա ինչու այդ նույն մարդիկ չմասնակցեն Ղարաբաղի պատերազմին: Սա լուրջ գլխացավանք է իշխանությունների, հասարակության համար:

Ամեն դեպքում, մեր հարևան երկիրը մասնակցում է, և մեզ համար ինչ-որ տեղ մտահոգիչ է, քանի որ հայտնի չէ, թե ջիհադական այդ ռեսուրսը վաղը ինչ համամարտություններում կարող է ներգրավվել:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում