Գլխավոր Լրահոս

Էդվարդ Նալբանդյան․ Եռանախագահներն ընդգծեցին, որ առաջընթաց է հարկավոր հետաքննությունների մեխանիզմի հարցում

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Մինսկի խմբի եռանախագահ երկրների արտգործնախարարներն իրենց համատեղ հայտարարությումում հստակ նշել են, որ պետք է առաջընթաց գրանցել առաջնագծում հետաքննությունների մեխանիզմի ստեղծման պայմանավորվածության հարցում։

Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների տարեկան ժողովի շրջանակներում երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է հայաստանյան լրատվամիջոցների հարցերին։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը գագաթաժողովի շրջանակում խոսել էր Ղարաբաղում զինադադարի դիտորդական թիմի մեծացման մասին՝ ակնարկելով, որ կան տարաձայնություններ, թե որտեղ նրանք պետք է տեղակայվեն։ Լավրովն ասել էր, որ Ռուսաստանը կողմնակից է, որ նրանք լինեն հենց շփման գծում։ Այս հարցի վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է․

«Ադրբեջանական կողմը միշտ փորձում է ներկայացնել, թե` ոչ, որևէ հարցով որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել՝ թե՛ միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերաբերյալ, թե՛ Կասպշիկի թիմի ընդլայնման վերաբերյալ, և շարունակում է պնդել դրա վրա։

Երեկվա հայտարարության մեջ եռանախագահները ոչ միայն ընդգծեցին «Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները», այլև հստակ նշեցին, որ պետք է առաջընթաց գրանցել մեխանիզմի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածության հարցում։ Հստակ ասվեց դրա մասին։

Երկրորդը․ հստակ նշվեց, որ պետք է վերացվեն խոչընդոտներն այն ճանապարհին, որը տանում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնմանը։ Ինչի՞ մասին է գնում խոսքը։ Գիտեք, եթե թիվը մի քանի հոգով ավելացվի, դա շատ բան չի փոխելու։

Կան կոնֆլիկտային իրավիճակներ, որտեղ ոչ թե 5, 10 կամ 20 հոգու մասին է խոսքը, այլ մի քանի հարյուր հոգի է ավելացվել, և դա էլ շատ բան չի փոխել։ Բայց շատ կարևոր է, որ ինչ-որ խորհրդանշական, սիմվոլիկ մի քայլ արվի, որ երևա, որ` այո, շարժվում ենք առաջ, որ պետք է ավելացվի այդ դիտորդական առաքելության անդամների քանակը, որակը, արդյունավետությունը։

Ադրբեջանն ընդհանրապես ի սկզբանե դեմ էր։ Այժմ էլ ասում է՝ եկեք ավելացնենք մի քանի հոգով, խոսքը 7 հոգու մասին է, բայց եկեք նրանց չտեղակայենք շփման գծում, չտեղակայենք տարածաշրջանում, այլ ուղարկենք Բաքու, Թբիլիսի, Երևան, թող այնտեղ նստեն, և հետո թույլտվություն հարցնեն Ադրբեջանից, թե երբ գան, կամ չգան այնտեղ։

Եվ ինչո՞ւմն է կայանալու այդ դիտորդական առաքելության արդյունավետությունը։ Բացի դրանից կան այլ խոչընդոտներ։ Մինչ այսօր բազմաթիվ հանձնաժողովների նիստեր են եղել ԵԱՀԿ շրջանակներում, այդ թվում՝ ֆինանսական, որոնց ընթացքում միայն Ադրբեջանը վետո է կիրառել, այսինքն` խոչընդոտել է, որ ֆինանսավորումը տրամադրվի, և այդ թիմն ընդլայնվի և հնարավորություն ունենա ավելի արդյունավետ ձևով աշխատել: Սրա մասին է խոսքը:

Ես տեղյալ չեմ, թե Լավրովն այսօրվա ասուլիսի ժամանակ ինչ է ասել, բայց կարծում եմ, որ նույն բանը, քանի որ հենց սրա մասին է խոսքը։

Իսկ մեխանիզմի վերաբերյալ Բաքուն ասում է, որ դա ընդհանրապես պետք չէ՝ «ինչի՞ համար է դա պետք, մենք կարող ենք մեխանիզմ ստեղծել, երբ կարգավորումը կլինի»։ Երբ կարգավորումը լինի, ի՞նչ միջադեպերի հետաքննության մեխանիզմի մասին կարող է խոսք լինել։ Իրենք, փաստորեն, կրկին իրենց դնում են փակուղու մեջ։ Ամբողջ աշխարհը մի բան է խոսում, իրենք այլ բան հասկանում. ծուռ հայելիների թագավորությունում են ապրում։ Մյուսներին էլ փորձում են պարտադրել իրենց տեսակետները։ Սա է հարցը։

Բայց եռանախագահները չեն հուսահատվում, և Հայաստանն էլ չի հուսահատվում։ Եռանախագահների հետ շարունակելու ենք ջանքերը։ Առաջին հերթին ինչի՞ մասին այսօր կարող է խոսք գնալ. դա Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումն է և, ամենակարևորը՝ անվերապահ հանձնառությունը 1994-1995թթ․ զինադադարի համաձայնագրերի կատարման, բացառապես խաղաղ կարգավորման և, իհարկե, այս մեխանիզմի ստեղծման նկատմամբ: Դա կարող է լինել ոչ միայն հետաքննության, այլև զսպման մեխանիզմ, մի բան, որը կսահմանափակի լարվածությունը տարածաշրջանում և ավելի բարենպաստ մթնոլորտ կստեղծի բանակցային գործընթացում»։

 

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում