Իմ խնդիրն այսօր բոլորիդ հիշեցնելն է, որ կորոնավիրուսի ճգնաժամը, համաճարակը ծավալվում է ամբողջ թափով․ մայիսի 13-ին ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ մայիսի 12-ի դրությամբ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում 3 մլրդ դրամ է բաշխվել, ծրագրերից օգտվել է ավելի քանի 1,1 մլն քաղաքացի։
Փաշինյանը նշեց, որ կորոնավիրուսի ճգնաժամը, կարծես, «հանրային ուշադրությունից դուրս է մնում»։
«Հակահամաճարակային պայմանները մեր երկրում, ցավոք սրտի, համատարած կերպով չեն պահպանվում։ Ըստ էության, մենք, հաշվի առնելով երկրում առկա տնտեսական և սոցիալական վիճակը, հաշվի առնելով նաև այն, որ կորոնավիորւսը դեռ երկար ժամանակ շարունակելու է մնալ մեր երկրում, որոշեցինք գնալ սահամանփակումների փուլային նվազեցման ճանապարհով»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քանի որ կորոնավիրուսը նվազագույնը մեկ տարի մեր կողքին է լինելու, պետք է սովորենք ապրել զուգահեռ․ «Բայց ապրել զուգահեռ չի նշանակում առանց կաշկանդվածության վարակվել, առանց կաշկանդվածության վարակել ուրիշներին և առանց կաշկանդվածության էսպիսի ճգնաժամ ստեղծել»։
Վարչապետը նկատեց, որ մայիսի 4-ից հետո սահմանափակումների նվազեցումը թույլ է տվել, որ տնտեսությունը վերականգնման որոշակի միտում ցուցաբերի, ինչը դրական ազդեցություն կունենա սոցիալական վիճակի վրա։ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ դեպքերի՝ այս տեմպով ավելանալու դեպքում ստիպված են լինելու նորից սահմանափակումների գնալ։
«Սահմանափակումների նպատակը այն է լինելու, որ հանկարծ մենք չունենանք այնպիսի իրավիճակ, որ բուժօգնության կարիք ունեցող որևէ քաղաքացի մնա առանց բուժօգնության»,- նշեց նա։
Մայիսի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 180 նոր դեպք։
Լուսինե Վարդանյան
Civilnet




