Այս պահին ակտիվորեն դիտարկվում են ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ ձեռնարկվող միջոցների մի քանի տարբերակներ։ Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) տնօրեն Սամանթա Փաուերը լրագրողների հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղում միջազգային հանրության ներկայության կարևորությունը. «Ընտանիքներից շատերը լքել են իրենց գյուղերը հրետակոծության ներքո, այստեղ հասածներից շատերը, բժիշկների խոսքով, թերսնված են։ Խիստ անհրաժեշտ է, որ միջազգային դիտորդները և հումանիտար կազմակեպրությունները հասանելիություն ստանան դեպի Լեռնային Ղարաբաղ՝ բնակիչներին աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Լեռնային Ղարաբաղում կան վիրավոր քաղաքացիական անձինք, որոնք տարհանման կարիք ունեն, և անհրաժեշտ է, որ նրանց տարհանումը կազմակերպի Ադրբեջանի իշխանությունը»։
Լրագրողի հարցին, թե ո՞րն էր Ադրբեջանի ռազմական գործողությունների թիրախը՝ ռազմական օբյեկտնե՞րը, թե՞ քաղաքացիական բնակչությունը, Փաուերը պատասխանեց. «Մենք լսել ենք չափազանց մտահոգիչ հաղորդումներ քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով քաոսային մթնոլորտը, պետք է իրականացնել փաստերի հավաքում և լսել մարդկանց վկայությունները։ Այս գործընթացը նոր է սկսվում։ Իմ նշած մտահոգիչ հաղորդումները ևս մեկ անգամ վկայում են, թե ինչ կարևոր է անկախ դիտորդների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում»։
Իսկ հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրա՞ստ է ավելի կոշտ միջոցներ, մասնավորապես, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության նկատմամբ, Փաուերը պատասխանեց, որ հավաքված փաստերն ու վկայությունները պետք է զեկուցվեն Վաշինգտոնին. «Դա կօգնի, որ վարչակազմը և նախագահը ընտրեն, թե որ տարբերակը կկիրառվի։ Այս պահին ակտիվորեն դիտարկվում են ձեռնարկվող միջոցների մի քանի տարբերակներ»։
Փաուերի խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը հումանիտար օգնության նպատակով Հայաստանին կհատկացնի 11,5 միլիոն ամերիկյան դոլար։ Այս միջոցները կուղղվեն սննդամթերքի, սոցիալ-հոգեբանական աջակցության և տարհանված բնակչության այլ կարիքների բավարարման համար։
Civilnet




