Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ ԱԳՆ-ն այլ մանրամասներ չի հայտնում։
Մինչդեռ, ըստ թուրքական NTV Հեռուստաալիքի, Սերդար Քըլըչը Հայաստան է ժամանելու ցամաքային ճանապարհով՝ «Ալիջան»/«Մարգարա» սահմանային անցակետով։
NTV-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում նախատեսվում է որոշումներ ընդունել երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել ավելի վաղ ընդունված որոշումների իրականացումը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները ևս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։
2022-ի հուլիսի 1-ին Ռուբինյանը և Քըլըչը Վիեննայում պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Մինչ օրս, սակայն, պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել։
Հայաստանի և Թուրքիայի բանագնացները հանդիպել են նաև 2024-ի հուլիսին՝ հայ-թուրքական սահմանին, ապա՝ երկու տարի անընդմեջ՝ 2024-ի մարտին և 2025-ի ապրիլին, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Անթալիայի 2024 թվականի հանդիպմանը Քըլըչն առաջարկել էր հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում։
Civilnet




