Նոր կեղծ խաղարկություն «Քարֆուր»-ի անունից. օգտատերերը խայծը կուլ են տալիս

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Վերջին օրերին սոցցանցերում «Քարֆուր» սուպերմարկետի անունից կրկին կեղծ խաղարկություն է տարածվում ՝ իբր ընկերությունը 101 սառնարան և կենցաղային տեխնիկա է խաղարկում օգտատերերի շրջանում։
Ըստ ֆեյսբուքյան գրառման, որն արդեն իսկ ավելի քան 1 000 տարածում և մոտ 2 000 մեկնաբանություն ունի, խաղարկությանը մասնակցելու համար պետք է պարզապես մեկնաբանել գրառումը և տարածել այն: Նշվում է, թե «Քարֆուրը» խաղարկում է տեխնիկան, քանի որ «մաքրում է պահեստները»։

Խաղարկությունը կեղծ է և կապ չունի «Քարֆուրի» հետ
Իրականում խաղարկության գրառումը տարածող Carrefour Fans ֆեյսբուքյան էջը կեղծ է և որևէ կապ չունի Carrefour-ի ֆեյսբուքյան պաշտոնական «Carrefour Armenia» էջի հետ, որում խաղարկությունների մասին որևէ տեղեկություն առկա չէ։
Carrefour Fans էջը վերջին մեկ ամսում երեք նման կեղծ խաղարկության գրառում է հրապարակել, որոնք ևս մեծ տարածում են ստացել։ #CivilNetCheck-ն անդրադարձել է դրանց։

Ավելի վաղ #CivilNetCheck-ի հետ զրույցում «Քարֆուր» սուպերմարկետների ցանցից նշել էին, որ որևէ կապ չունեն տարածվող այդ «խաղարկությունների» հետ և հերքել տեխնիկա նվիրելու մասին տեղեկությունները։
Տես՝ «Քարֆուրը» հեռուստացույցներ չի նվիրում․ գրառումը կեղծ է
Կեղծ խաղարկություններ տարածող էջը ստեղծվել է սեպտեմբերին և հայտնի չէ, թե որտեղից և ինչ նպատակով է այն գործում։ Սակայն էջի բոլոր գրառումներում առկա է ինդոնեզերեն «@pengikut» նշումը, որը համարժեք է «@everyone» նշմանը և օգտագործվում է բոլոր հետևորդներին գրառման մասին ծանուցելու համար։
Ինչո՞ւ են տարածվում կեղծ խաղարկությունները
Նմանատիպ կեղծ խաղարկությունները հաճախ օգտագործում են հայտնի բրենդների անունները՝ մարդկանց ուշադրությունը գրավելու և վստահություն ներշնչելու համար։ Դրանք արագ և մեծ տարածում են ստանում, քանի որ «խաղարկությանը» մասնակցելու համար պահանջվում է մեկնաբանել և տարածել գրառումը ընկերների շրջանում ու խմբերում։
Նախկինում նմանատիպ գրառումներ են տարածվել նաև «Կոկա-Կոլայի» անունից՝ «Coca Cola Fans» և «Սամսունգի» անունից՝ «Samsung Fans» կեղծ էջերով, իբր թե այս ընկերությունները մեքենա կամ հեռախոսներ են նվիրում։
Հաճախ նման խաբեությունների նպատակը, ինչպես այս դեպքում, հանդիսանում է մարդկանց անձնական տվյալների հավաքագրումը, վնասակար ծրագրերի տարածումը կամ կեղծ ներդրումային հարթակների գովազդը։Կեղծ խաղարկություններ տարածող «Carrefour Fans» էջը «խաղարկության» գրառման տակ մեկնաբանություն թողած օգտատերերին անձնական նամակով ուղարկում է կայքի հղում, որտեղ պետք է գրանցվել «շահումը ստանալու» համար։

Այնինչ, իրականում հղումը տանում է ֆիշինգային կայք, որը մասնակիցներից փորձում է տվյալներ կորզել՝ միաժամանակ փորձելով վնասակար ծրագրեր բեռնել օգտատերի համակարգիչ։
Այսպիսով, «Քարֆուր» սուպերմարկետի անունից տարածվող խաղարկության մասին գրառումը կեղծ է և նպատակ ունի մոլորեցնել օգտատերերին՝ փորձելով հավաքագրել անձնական տվյալներ և տարածել վնասակար ծրագրեր։
CivilNetCheck
Civilnet










