«Սամսունգը» հեռախոսներ չի նվիրում. ընկերության անունից կեղծ գրառումներ են տարածվում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են գրառումներ «Սամսունգ» (Samsung) ընկերության անունից՝ հայտարարությամբ, թե ընկերությունը հեռախոսներ է նվիրում։
«Ընտրեք Ձեր ծննդյան ամիսը և կստանաք նվերներ՝ ըստ Ձեր ծննդյան ամսի»,- նշված է հայտարարության մեջ։ Իրականում գրառումը տանում է ֆիշինգային կայք, որը մասնակիցներից փորձում է անձնական տվյալներ կորզել:
Ինչպես է տարածվում գրառումը
Գրառումը տարածվում է «? ? ? ? ? ? ?-????•» ֆեյսբուքյան էջով։ Գրառման տակ ծննդյան ամիսը գրելուց հետո օգտատերերը ստանում են հաղորդագրություն էջից, որտեղից պահանջում են մրցանակը ստանալու համար տարածել գրառումը ֆեյսբուքյան 5-10 խմբերում։ Հաղորդագրության մեջ նաև զգուշացնում են, թե ընկերության թիմը ստուգելու է՝ արդյոք օգտատերը տարածել է գրառումը, թե ոչ։

#CivilNetCheck-ի լրագրողը որևէ խմբում չէր տարածել գրառումը, բայց մեկնաբանելուց հետո ստացել է հաղորդագրություն հետագա հրահանգներով։
Իրականում խմբերում տարածելու պահանջի հիմնական նպատակը գրառման հնարավորինս մեծ տեսանելիություն ապահովելն ու նոր օգտատերերի ներգրավելն է, ինչի արդյունքում գրառումը ներկայում հարյուրավոր մեկնաբանություններ և տարածումներ (share) ունի ֆեյսբուքում։

Որոշ ժամանակ անց տպավորություն ստեղծելով, թե այդ ընթացքում ստուգում են, թե որքան է օգտատերը տարածել գրառումը, «? ? ? ? ? ? ?-????•» կեղծ ֆեյսբուքյան էջից ուղարկում են հղում՝ պահանջելով գրանցվել կայքում։
Ուղարկված կայքը ֆիշինգային կայք է, որի միջոցով զեղծարարները գողանում են օգատատերերի անձնական և բանկային տվյալները։

«Սամսունգը» խանութներ չունի Հայաստանում։ Այստեղ գործում է ընկերության սպասարկման կենտրոնը, իսկ արտադրանքը բերվում է տարբեր ներկրողների կողմից։
Շաբաթներ առաջ ևս «Սամսունգի» անունից կեղծ գրառումներ էին տարածվում՝ իբր ընկերությունը հեռախոսներ է նվիրում իր ծննդյան 84-ամյակի կապակցությամբ, ինչին #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։
Այսպիսով, «Սամսունգի» անունից տարածվող գրառումները, թե ընկերությունը հեռախոսներ է նվիրում՝ ըստ օգատերերի ծննդյան ամսվա, կեղծ է։
CivilNetCheck
Civilnet










