Հերթական խաբեությունը. հայտնի բժիշկի կերպարն օգտագործում են կասկածելի դեղեր վաճառելու համար

Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Սոցցանցերում կրկին տարածվում է կեղծված տեսանյութ հայտնի կարդիովիրաբույժ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի մասնակցությամբ, որում վերջինս իբրև ներկայացնում է իր կողմից ստեղծված դեղամիջոց՝ մեջքի ցավերը բուժելու համար։
Ավելի վաղ մեկ այլ կեղծված տեսանյութում ներկայացվում էր՝ իբրև Ալեքյանը ստեղծել է հիպերտոնիայի բուժման դեղամիջոց։
Գովազդվող նոր տեսանյութում նշվում է, որ Ալեքյանն իր ստեղծած դեղամիջոցով արդեն իսկ օգնել է ողնաշարի խնդիրներից տառապող «միլիոնավոր հայերի»։
«Պետական ծրագիրը փոխհատուցում է դեղամիջոցի 50 տոկոսը բոլոր թոշակառուների համար։ Բավարար է լինել Հայաստանի քաղաքացի, և պետությունից 50 տոկոս զեղչ կստանաք մեր դեղամիջոցի համար»,- տեսանյութում իբրև պատմում է բժիշկը։
Իրականում այս տեսանյութն ամբողջությամբ կեղծ է։ Բագրատ Ալեքյանի տարիներ առաջ հարցազրույցն արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով փոփոխվել է և կեղծվել է բժիշկի խոսքը։
Կեղծված տեսանյութի հետքերով
Թեև այս տեսանյութում ներկայացվում է, թե բժշկը մեջքի ցավերը բուժող դեղամիջոց է ստեղծել, սակայն Բագրատ Ալեքյանը միջազգային ճանաչում ունեցող կարդիովիրաբույժ է։ Նա մեծամասամբ գործունեություն է ծավալում Ռուսաստանում։
Տեսանյութում ներկայացված հարցազրույցը երեք տարվա վաղեմության է։ Կարդիովիրաբույժն այս հարցազրույցը տվել էր յութուբյան «Медиа взгляд» ալիքին և այդ ընթացքում որևէ «հրաշագործ դեղամիջոցի» ստեղծման մասին չէր հայտնել։
Տեսանյութին կցված կայքը նմանեցված է պետական «Արմենպրես» գործակալության կայքին, օգտագործվել է լրատվական գործակալության տարբերանշանը։ Այստեղ էլ ներկայացված հոդվածում իբրև Ալեքյանը պատմել է իր ստեղծած դեղամիջոցի մասին։
Մինչդեռ, կայքի դոմեյնին ուշադրություն դարձնելով՝ պարզ է դառնում, որ այն ևս կեղծ է։

Ալեքյանի իբրև ստեղծած «Սուստավ պրո» դեղամիջոցը բաց աղբյուրներում փնտրելով՝ պարզում ենք, որ այն բավական ցածրարժեք, տարբեր օնլայն մարկետներում վաճառվող միջոց է։ Դեղամիջոցի արտադրողը ոչ թե Ալեքյանն է, այլ ռուսական «Импульс Здоровья» ընկերությունը։ Ալեքյանը այս ընկերության հետ որևէ կեպ կապ չունի։
Այսպիսով, զեղծարարները օգտագործում են բժիշկի կերպարը վստահություն ներշնչելու, ցածրարժեք և կասկածելի դեղամիջոցներ իրացնելու համար։
Թեմա
CivilNetCheck
Civilnet










