Կեղծ Tripp.am ներդրումային հարթակը շահարկում է «Թրամփի ուղի» նախագիծը

Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ, որտեղ առաջարկում են անցնել հղումով և դառնալ ներդրող «Թրամփի ուղի»՝ Tripp.am նախագծում։
«Հայաստանի միջով բացվում է նոր առևտրային միջանցք, և Tripp.am-ը դառնում է դրա հիմքը: [...] Նրանք, ովքեր կմիանան հիմա, կստանան առավելագույն պայմաններ: Tripp.am-ը յուրաքանչյուր հայի համար հնարավորություն է` դառնալու գլոբալ փոփոխությունների մասը»,- ռուսերենով ասվում է գրառմանը կցված տեսանյութում։
Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ ղեկավարների՝ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրած համատեղ հռչակագրով նախատեսվում է ՀՀ տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագիրը, որը նոր է սկսում մտնել գործնական փուլ։ Սակայն արդեն արձանագրվում են դեպքեր, երբ այն շահարկվում է ֆինանսական նպատակներով։
Ի՞նչ փուլում է նախագիծը
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 11-ին «Արմենպրեսսի» հետ հարցազրույցում հայտնել է, որ «Թրամփի ուղի» նախագիծը մտել է գործնական փուլ, և առաջիկայում Հայաստանում սպասվում են տարբեր պատվիրակությունների այցեր։
Նույն օրը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել էր ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ պատվիրակության ղեկավարը նշել էր, որ ԱՄՆ մտադիր է Հայաստանին տրամադրել 145 մլն դոլար աջակցություն, որն առաջին մասնաբաժինն է։ Գումարը նախատեսված է «Թրամփի ուղի» նախագծի և օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրականացման համար։
Ո՞ւր է տանում Trip Am-ը
Գովազդային գրառումը ֆեյսբուքում տարածվում է Trip Am անունով էջի կողմից։ Միայն էջի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն պաշտոնական չէ և օգտագործվում է գովազդի տարածման համար։ Էջը ֆեյսբուքում գրանցված է «Երաժիշտ/խումբ» կատեգորիայի ներքո։

Գրառմանը կցված է privatechair.site անվանումով կայքը, որտեղ նշվում է, թե օգոստոսի 8-ին ստորագրվել է պատմական նախագիծ, իսկ Tripp.am-ը դառնալու է Հայաստանի համար տարածաշրջանային առևտրի և թվային հաղորդակցության կենտրոն։
Կայք մտնելիս պահանջվում է լրացնել կոնտակտային տվյալները և սպասել «աջակցության ծառայության» զանգին՝ հետագա քայլերի համար։
Կայքում նաև կան մեկնաբանություններ կեղծ օգտատերերի անունից, որոնք վստահեցնում են, թե ներդրումներ են կատարել և արդեն նկատելի է դրական դինամիկան։

Նշվում է, թե 250 դոլարը բավարար է օրական 500 դոլար ստանալու համար։ Իսկ ներդրված միջոցները չեն կորչելու, այլ որպես ավանդ մնալու են բանկում։

Վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ Tripp.am ներդրումային նախագիծը կեղծ է
#CivilNetCheck-ը վարչապետի աշխատակազմից հետաքրքրվեց՝ արդյոք սոցցանցերում տարածվող Tripp.am նախագիծն իրական է։ Ի պատասխան՝ հայտնեցին, որ այն կեղծ է։
Նախկինում ևս տարածվել են նմանատիպ կեղծ ներդրումային հարթակներ հայտնի մարդկանց կամ ընկերությունների անունից, որոնց #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։ Սխեման գրեթե միշտ նույնն է․ կեղծ գրառմամբ ներգրավում են մարդկանց, հետո «ընկերության ներկայացուցիչը» առաջարկում է ներդնել գումար իբր շահույթի համար։
Այս անգամ օգտագործվել է «Թրամփի ուղի» նոր նախագիծը՝ վստահություն ներշնչելու նպատակով։ Նման հարթակներում գումար ներդնելը ռիսկային է․ չկա երաշխիք, որ այն կվերադարձվի կամ կավելանա։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck










