Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ֆրանսիայի խորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի և նրա մերձավոր շրջապատի նկատմամբ։ Վրաստանի կառավարության քաղաքական ուղեգիծը քննադատող բանաձևը երեքշաբթի ընդունվել է, սակայն ծայրահեղ աջ և ծայրահեղ ձախ պատգամավորները դեմ են քվեարկել։
Բանաձևը ներկայացվում է որպես փաստաթուղթ, որը նպատակ ունի «դատապարտել Վրաստանի կառավարության ոչ լիբերալ և ավտորիտար շեղումը» և վերահաստատել «աջակցությունը Վրաստանի եվրոպական ապագային»։
Նշելով Վրաստանում ժողովրդավարական հետընթացը, հղում անելով ԵՄ ինստիտուտների և անդամ պետությունների պատրաստած քննադատական գնահատականներին, բանաձևը դատապարտում է «հիմնարար իրավունքների դեմ հարձակումները, խոսքի և հավաքների ազատության սահմանափակումները, ինչպես նաև խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառումը»։
«Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Իվանիշվիլին, որը, ըստ տեղեկությունների, ունի ինչպես վրացական, այնպես էլ ֆրանսիական անձնագիր, բանաձևում բնութագրվում է որպես «օլիգարխ»։ Փաստաթուղթը կոչ է անում ֆրանսիական իշխանություններին «եվրոպական գործընկերների հետ համակարգմամբ» նրա և նրա մերձավորների նկատմամբ կիրառել «թիրախային անհատական պատժամիջոցներ»։
Ֆրանսիական իշխանություններին ուղղված մյուս կոչերի թվում բանաձևը պահանջում է ակտիվ աջակցություն ցուցաբերել Վրաստանում ժողովրդավարական ուժերին, ինչպես նաև պահանջել «բոլոր քաղաքական բանտարկյալների, այդ թվում ընդդիմադիր առաջնորդների և խաղաղ երիտասարդ ցուցարարների անհապաղ ազատ արձակումը»։ Այն նաև կոչ է անում դատապարտել «արտաքին միջամտությունը, մասնավորապես ռուսական ռեժիմի ազդեցությունը վրացական քաղաքական ինստիտուտների վրա», ինչպես նաև Իվանիշվիլիի դերակատարությունը։
Բանաձևն ընդունած խորհրդարանի ստորին պալատն ունի 577 պատգամավոր։ Քվեարկությանը մասնակցել է 97 պատգամավոր, որոնցից 68-ը կողմ են քվեարկել, 28-ը՝ դեմ, իսկ մեկը ձեռնպահ է մնացել։ Բանաձևի քննարկմանը նախորդած բանավեճին ներկա է եղել նաև Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը «Վրացական երազանքի» կոշտ քննադատներից է։
Բանաձևին կողմ քվեարկած պատգամավորների մոտ կեսը պատկանում էին նախկին վարչապետ Գաբրիել Ատալի ղեկավարած «Միասին հանուն Հանրապետության» խորհրդարանական խմբին։ Փաստաթղթին աջակցել են նաև քաղաքական տարբեր ուժերի պատգամավորներ, այդ թվում՝ սոցիալիստներ, կանաչներ և կենտրոնամետ աջ ներկայացուցիչներ։
Փաստաթղթին հիմնականում դեմ են հանդես եկել «Ազգային միավորում» և «Անկոտրում Ֆրանսիա․ Նոր ժողովրդական ճակատ» խմբակցությունների անդամները։ Առաջինը կազմված է ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության պատգամավորներից և ղեկավարվում է երկրի ամենահայտնի ծայրահեղ աջ քաղաքական գործիչներից մեկի՝ Մարին Լը Պենի կողմից։
Երկրորդ խմբակցությունը հիմնականում կազմված է ձախ պոպուլիստական «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցության անդամներից, որը հիմնադրել է հայտնի ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան-Լյուկ Մելանշոնը։
Փաստաթուղթը մերժվել է իշխող «Վրացական երազանքի» կողմից։ Վարչապետի տեղակալ Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ «բանաձևը արժեք ունի միայն այն դեպքում, երբ հիմնված է իրական փաստերի վրա»։ Նա հիշեցրել է Վրաստանի վերաբերյալ նախկինում ընդունված քննադատական բանաձևերը՝ պնդելով, որ դրանք հետագայում «արժեզրկվել են»։
Իշխող կուսակցությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել բանաձևի քննարկմանը Զուրաբիշվիլիի մասնակցությանը․ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նրան մեղադրել է Վրաստանի դեմ «թշնամական քայլերի համակազմակերպման» մեջ։
Բանաձևը հակավրացական է որակել նաև իշխանամետ Imedi հեռուստաընկերությունը, որը թեմայի վերաբերյալ հարցազրույցներ է անցկացրել «Ազգային միավորման» երկու անդամների՝ պատգամավոր Գիյոմ Բիգոյի և Եվրախորհրդարանի պատգամավոր Թիերի Մարիանիի հետ։
Վերջին տարիներին, երբ «Վրացական երազանքն» ընդունեց մի շարք սահմանափակող օրենքներ, կիրառվեց բռնություն ցուցարարների նկատմամբ, և անցկացվեցին վիճահարույց 2024-ի խորհրդարանական ընտրությունները, Վրաստանի հարաբերությունները ավանդական միջազգային գործընկերների՝ այդ թվում ԵՄ-ի և անդամ պետությունների հետ, կտրուկ վատթարացել են։
Վրացի պաշտոնյաների նկատմամբ մի շարք ԵՄ անդամ պետություններ անհատական պատժամիջոցներ են սահմանել, իսկ վրացի դիվանագետների և ծառայողական անձնագիր ունեցող անձանց համար ԵՄ առանց վիզայի մուտքը դադարեցվել է։
Ի պատասխան ԵՄ քննադատության՝ իշխող կուսակցությունը բազմիցս մեղադրել է Բրյուսելին շանտաժի, ստի, «արմատականությունն ու ապատեղեկատվությունը» ֆինանսավորելու, ինչպես նաև եվրոպական արժեքներից շեղվելու մեջ։












