Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
ՌԴ նախագահը վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ հղել։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։
Վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար։
Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով՝ հանդիպման ձևաչափով։
Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Աստանայում մայիսի 29-ին կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքները։
Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը կոշտացրել է իր հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ։
Օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն այժմ Երևանի օրակարգում չէ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Մոսկվան գրավոր զգուշացրել է Երևանին Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու դեպքում գազի, նավթամթերքի և ալմաստի վերաբերյալ համաձայնագրերի խզման ռիսկի մասին։
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ Երևանն ի գիտություն է ընդունել Մոսկվայի նամակը գազի մատակարարման պայմանավորվածությունների հնարավոր վերանայման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Հայաստանը մշտական կապ է պահպանում ռուս գործընկերների հետ, իսկ գազի մատակարարումների գծով աշխատանքային հարաբերությունները մնում են բնականոն։
Փոլ Սուքիասյան











