Ռուսական «Իզվեստիա» (Известия) պարբերականի կազմում գործող «5-րդ ալիք» (Пятый канал) հեռուստաընկերությունը հունիսի 9-ին անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։
Հաղորդավարը պնդել է, թե Հայաստանի խորհրդարանական ընտրություններն արդեն որակում են որպես «վերջին տարիների ամենակեղտոտ ընտրություններ»։ Նա հիշեցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարությունը, թե պատրաստ է հրաժարական տալ, եթե իր դեմ արտահայտվեն 300-500 հազար քաղաքացի։
«Ի դեպ, դեմ են արտահայտվել 460 հազար մարդ»,- ընդգծում է հաղորդավարը։
Եթերում հնչում են նաև պնդումներ բերման ենթարկված ընդդիմադիրների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացված բողոքների, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության արձանագրած խախտումների, ինչպես նաև քվեարկության և ձայների հաշվարկի ընթացքում ենթադրյալ խախտումների մասին։
Ռուսական հեռուստաալիքի հրապարակումը տարածել են նաև հայկական լրատվամիջոցները և սոցցանցերի օգտատերերը։
Սակայն ռեպորտաժում ներկայացված մի շարք պնդումներ մոլորեցնող են, համատեքստից կտրված կամ աղավաղված։
ԿԸՀ-ի ստացած բողոքները վերաբերում են ամբողջ ընտրական գործընթացին
Ռուսական «5-րդ ալիքի» հաղորդավարի խոսքով՝ ընտրություններն ուղեկցվել են խախտումներով։ Նա նշում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացվել է ավելի քան 500 բողոք։
ԿԸՀ-ն իսկապես ստացել է 500-ից ավելի բողոք, սակայն դրանք չեն վերաբերում միայն քվեարկության օրվան։ ԿԸՀ-ն հունիսի 7-ին հայտնել էր, որ խորհրդարանական ընտրություններ նշանակելու որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ փետրվարի 7-ից մինչև հունիսի 6-ը, ստացել է աննախադեպ մեծ թվով՝ ավելի քան 600 դիմում-բողոք։
Ըստ ԿԸՀ-ի՝ մինչև հունիսի 7-ը ստացված դիմումներից 280-ը ներկայացրել են քաղաքացիները, 72-ը՝ կուսակցություններն ու դաշինքները, 81-ը՝ լրատվամիջոցները, 86-ը՝ թեկնածուները, 76-ը՝ հասարակական կազմակերպությունները։ Գլխավոր դատախազությունն էլ ԿԸՀ-ին ներկայացրել է 26 միջնորդություն՝ 13 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։
ԿԸՀ-ի պարզաբանմամբ՝ քաղաքացիների դիմումների մեծ մասը վերաբերել է ընտրողների ցուցակներում առկա անճշտություններին, ցուցակներում ընդգրկվելու կարգին, տեղամասային կենտրոնի հասցեն գտնելու, ինչպես նաև էլեկտրոնային քվեարկության ընթացակարգերին։ Այդ հարցերը հիմնականում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության իրավասության շրջանակում են, ուստի քաղաքացիներին ուղղորդել են դիմել այդ ծառայություն։
Թեկնածուների 86 դիմումներն ինքնաբացարկի մասին են եղել, իսկ լրատվամիջոցների դիմումները հիմնականում վերաբերել են հավատարմագրմանը և տեղեկատվության հարցումներին։
Այսինքն՝ նշված թիվը ներառում է ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում ստացված դիմումները, ոչ թե միայն ընտրության օրը գրանցված խախտումների վերաբերյալ բողոքները։
Ինչի՞ մասին էր իրականում Փաշինյանի՝ «5 րոպեում հեռանալու» հայտարարությունը
Հաջորդիվ հաղորդավարը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը դժվարությամբ է հաջողվել հավաքել անհրաժեշտ ձայները։ Նա նաև հիշեցնում է Փաշինյանի նախընտրական հայտարարությունը՝ պնդելով, թե վարչապետը խոստացել էր հեռանալ, եթե իր դեմ դուրս գա 300-500 հազար քաղաքացի։
Փաշինյանը քարոզարշավի ժամանակ իսկապես ասել էր, որ եթե ժողովուրդը որոշի, որ ինքը պետք է հեռանա, նույն պահին կհեռանա։ Նա նաև նշել էր, որ եթե 300-500 հազար մարդ հավաքվի և պահանջի իր հրաժարականը, ինքը «հինգ րոպե հետո» կհեռանա։ Սակայն նույն ելույթում Փաշինյանը նաև ընդգծել էր, որ պաշտոնում մնալու կամ հեռանալու հարցը որոշվում է ընտրողների քվեով։
«Եթե 700 հազար մարդ ասել է՝ Նիկոլ, մնա, այո՛, Նիկոլը կմնա։ Իհարկե՝ ընտրողների 50+1%-ը։ Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ, գնա, Նիկոլը ո՞վ է, որ չգնա»,- ասել էր Փաշինյանը։
Այսինքն՝ ռուսական հեռուստաալիքը Փաշինյանի հայտարարությունից առանձնացրել է միայն 300-500 հազար մարդու մասին հատվածը՝ անտեսելով, որ նույն խոսքում նա պաշտոնում մնալու հարցը կապել էր ընտրողների մեծամասնության քվեի հետ։
Կարապետյանի նշած 700 ձերբակալվածների թիվը չի հաստատվում պաշտոնական տվյալներով
Ռեպորտաժում արդեն «Իզվեստիայի» թղթակիցը զրուցում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանի հետ, որը պնդում է, թե իրենց կուսակցությունից մոտ 700 մարդ է ձերբակալվել։
«Մեր կուսակցությունից ձերբակալվել է մոտ 700 մարդ, որոնցից շուրջ 80-ն արդեն կալանավորվել են մեզ համար անհասկանալի պատճառներով»,- ասել է Կարապետյանը։
#CivilNetCheck-ի հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» դաշինքի մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտնեց, որ Կարապետյանի նշածը ընդհանուր թիվ է և վերաբերում է վերջին օրերին։ Նրա խոսքով՝ հունիսի 9-ի դրությամբ մեղադրյալի կարգավիճակ ունի 288 անձ, որոնցից 46-ը կալանքի տակ են։
«Գործընթաց է գնում։ Տվյալ պահի դրությամբ կարող է թիվը փոխվում է, ձերբակալության ժամկետներ են լրանում, մի մասը ազատ է արձակվում մի մասին տանում են կալանքի։ Օրինակ՝ օր ենք ունեցել 180 հոգի բերման է ենթարկվել, տարվել է ձերբակալության»,- ասաց Ղահրամանյանը։
Մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ փետրվարի 7-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ։ Նշված վարույթներից 61-ով ձերբակալվել է 214 անձ, իսկ 237 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։
Այսպիսով, Կարապետյանի ներկայացրած շուրջ 700 ձերբակալվածների թիվը չի հաստատվում Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տվյալներով։
ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցի մի հատվածն է միայն ներկայացվել
«Իզվեստիայի» թղթակիցը Հայաստանից հայտնում է, թե ԵԱՀԿ դիտորդների զեկույցում արտացոլվել են Փաշինյանի հասցեին հնչած ընդդիմության մեղադրանքները։
«Ուսուցիչներին, բժիշկներին և պետական ծառայողներին ստիպել են մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջոցառումներին և քվեարկել իշխանության օգտին՝ աշխատանքից ազատման սպառնալիքի ներքո»,- ասում է թղթակիցը։
Սակայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունում այս հարցը ներկայացված է ավելի լայն համատեքստում։ Առաքելությունը նշել է, որ տեղական մակարդակում վարչական ռեսուրսների համակարգային չարաշահում չի արձանագրել, սակայն դիտարկել և ստացել է բազմաթիվ հաղորդումներ, որոնցից մի քանիսը գնահատել է որպես արժանահավատ, իշխող կուսակցության նախընտրական միջոցառումներին մասնակցելու նպատակով ընտրողների նկատմամբ ճնշումների վերաբերյալ։

Նույն եզրակացությունում նաև նշվում է, որ ընտրությունները ընտրողներին ապահովել են քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրություն կատարելու հնարավորությամբ՝ ընդհանուր առմամբ լավ կազմակերպված գործընթացի պայմաններում, իսկ ընտրության օրվա գործընթացները դիտարկված ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունում ստացել են առավելապես դրական գնահատական։
ԿԸՀ-ի տվյալները հասանելի են եղել իրական ժամանակում
Հղում անելով ընդդիմության արձանագրած խախտումներին՝ լրագրողը պնդում է, թե ձայների հաշվարկի գիշերը ԿԸՀ-ն ժամանակավորապես դադարեցրել է ընտրությունների արդյունքների հրապարակումը։
Իրականում, սակայն, տվյալները շարունակել են թարմացվել իրական ժամանակում, ինչին հնարավոր էր հետևել նաև տարբեր լրատվամիջոցների ուղիղ եթերներով։
Նման պնդում էր արել նաև Սամվել Կարապետյանը՝ հայտարարելով, թե իշխանությունները, տեսնելով իրենց պարտությունը, դադարեցրել են ձայների հաշվարկը և հայտնել, որ արդյունքները կներկայացվեն առավոտյան։ #CivilNetCheck-ի հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» դաշինքի մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը պարզաբանել է, որ Կարապետյանը նկատի է ունեցել ուղիղ եթերում ցուցադրվող պատկերը, որն, ըստ նրա, դադարեցվել է։
Մինչդեռ ԿԸՀ խոսնակը դեռ հունիսի 7-ին հայտարարել էր, որ ընտրությունների նախնական արդյունքները կամփոփվեն առավոտյան ժամը 10-ին։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն էլ նշել է, որ արդյունքների ամփոփման գործընթացն ամբողջ գիշեր շարունակվել է և որևէ պահի չի ընդհատվել։
«ԿԸՀ-ն ամբողջ գիշեր շարունակել է արդյունքների ամփոփման գործընթացը։ Ոչ մի րոպե այն չի դադարել»,- ասել է Սմբատյանը։
Այսպիսով, ռուսական «5-րդ ալիքի» ռեպորտաժում Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հնչած մի շարք պնդումներ սխալ են կամ մանիպուլյատիվ։ Դրանք ներկայացվել են ընտրովի՝ առանց ամբողջական համատեքստի և մի շարք դեպքերում հակասում են պաշտոնական տվյալներին։
Տես նաև՝ Ձայնե՞ր, թե՞ մանդատներ․ ինչպես է «ՌԻԱ Նովոստին» մանիպուլացնում ՔՊ-ի արդյունքը
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











