Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի վարչապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն իրեն անվանել է կուսակցության «երկրորդ դեմքը»՝ ակնարկելով, որ առաջինը կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է։ Այս հայտարարությունը Կոբախիձեն արել է Իվանիշվիլիին նվիրված գովասանական ճեպազրույցին։
Հունիսի 9-ին անցկացված ճեպազրույցում Կոբախիձեն հայտարարել է, որ Իվանիշվիլին «արտաքին թշնամիների և նրանց տեղական գործակալների» քաղաքական հարձակումների գլխավոր թիրախն է։
«Նրանք պնդում են, թե երկիրը կառավարվում է ոչ թե ժողովրդավարական կանոններով, այլ միանձնյա՝ Բիձինա Իվանիշվիլիի կողմից», - ասել է Կոբախիձեն՝ անդրադառնալով ընդդիմության վաղեմի պնդումներին, ըստ որոնց՝ Իվանիշվիլին, չնայած պետական պաշտոն չի զբաղեցնում, շարունակում է մնալ իշխանության իրական կրողը։
Գովաբանելով Իվանիշվիլիին՝ Կոբախիձեն նրան անվանել է «քաղաքականության գրոսմայստեր» և «իր ժողովրդին ու հայրենիքին նվիրված մարդ», որն օժտված է «բացառիկ ինտելեկտով և անձնուրաց հայրենասիրությամբ»։ Նրա խոսքով՝ 2012-ի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակից հետո Իվանիշվիլին երկրում հաստատել է մարդու իրավունքների վրա հիմնված ժողովրդավարական կառավարում։
«Այս չափազանց բարդ տարիներին հենց Բիձինա Իվանիշվիլիի ինտելեկտն ու անզիջում հայրենասիրությունն են թույլ տվել Վրաստանին հաղթահարել բազմաթիվ լուրջ մարտահրավերներ», - հավելել է նա՝ պնդելով, որ 2012-ից ի վեր պետական ինստիտուտներն ամրապնդվել են։
Թեև Կոբախիձեն պնդել է, որ Իվանիշվիլին «չափից ավելի չի միջամտում» կառավարության աշխատանքին, նա նշել է, որ միլիարդատիրոջ ազդեցությունը կառավարության որոշումների վրա համապատասխանում է իշխող կուսակցության պատվավոր նախագահի դերին։
Կոբախիձեն նաև ասել է, որ ինքը՝ որպես «կառավարության ղեկավար և իշխող կուսակցության երկրորդ դեմք», հաճախ օգտվում է Իվանիշվիլիի «անգնահատելի խորհուրդներից», և երկրի շահերից ելնելով՝ սխալ կլիներ դրանք անտեսել։
Նրա խոսքով՝ թեև Իվանիշվիլին «մեծ հարգանքով» է վերաբերվում այլ կարծիքներին, իշխող թիմի ներսում քննարկումների ժամանակ առավել հաճախ հաղթում է հենց նրա տեսակետը, ինչը Կոբախիձեն բացատրել է Իվանիշվիլիի «բացառիկ կոմպետենտությամբ»։
Կոբախիձեն Իվանիշվիլիին ներկայացրել է նաև որպես կոռուպցիայի դեմ պայքարի երաշխավոր՝ նշելով, որ վերջինիս՝ 2023-ի դեկտեմբերին քաղաքականություն վերադառնալու պատճառներից մեկը հենց կոռուպցիայի խնդիրը լուծելու անհրաժեշտությունն էր։
«Կառավարման վերին օղակներում կոռուպցիան այժմ ամբողջությամբ վերացված է», - հայտարարել է նա՝ ակնհայտորեն նկատի ունենալով կոռուպցիոն մեղադրանքներով նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ձերբակալությունները։ Իշխանությունները դրանք ներկայացնում են որպես հակակոռուպցիոն պայքարի մաս, մինչդեռ ընդդիմությունը դրանք որակում է որպես ներքին հաշվեհարդար։
Տե՛ս նաև՝ Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 5 տարվա ազատազրկման է դատապարտվել
Կոբախիձեի խոսքով՝ հենց «երկրի շահերի սկզբունքային պաշտպանությունն» է պատճառ դարձել, որ Իվանիշվիլիի դեմ կիրառվեն «նախ փաստացի, ապա նաև իրավական առումով ձևակերպված պատժամիջոցներ»։ Վերջիններիս թվում են նաև 2024-ի դեկտեմբերին Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցները, որոնց հիմնավորումը վերաբերում էր ժողովրդավարության և Վրաստանի եվրատլանտյան ուղու «խաթարմանը»։
Տե՛ս նաև՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իվանիշվիլիի նկատմամբ
Իվանիշվիլին «Վրացական երազանքը» հիմնադրել է 2011-ին, իսկ կուսակցությունը իշխանության է եկել հաջորդ տարի։ Նա պետական պաշտոն զբաղեցրել է միայն մեկ անգամ՝ 2012-2013-ին լինելով վարչապետ։ Այդ ժամանակից ի վեր նա երկու անգամ հայտարարել է քաղաքականությունից հեռանալու և երկու անգամ էլ վերադարձի մասին։
Սակայն նրա քննադատները պնդում են, որ Իվանիշվիլին մշտապես պահպանել է ոչ պաշտոնական ազդեցությունը թե՛ կուսակցության, թե՛ կառավարության վրա։
Կոբախիձեն հայտարարել է, որ ճեպազրույց անցկացնելու պատճառը Իվանիշվիլիի հասցեին հեռուստաբանավեճերում հնչող քննադատություններն են եղել։
Գնահատելով նրա հայտարարությունները՝ ընդդիմադիր «Լելո» կուսակցության ներկայացուցիչ Թամազ Դաթունաշվիլին ճեպազրույցն անվանել է «քծնանքի դրսևորում, որը պարզապես տհաճ էր դիտել», իսկ «Ֆեդերալիստներ» կուսակցության առաջնորդ Գիգա Բոկերիան այն որակել է որպես «անձի պաշտամունքի բացահայտ հռչակում»։
Խոսելով ճեպազրույցի հնարավոր պատճառների մասին՝ ընդդիմադիր գործիչները չեն բացառել, որ դա Իվանիշվիլիին հաճոյանալու փորձ էր՝ վերջինիս հնարավոր դժգոհության ֆոնին։
«Փաստ է, որ Իվանիշվիլին պատրանք ուներ, թե ստատուս քվոն պահպանելու միջոցով փաստացի ձևավորված նոր բռնապետությունը ժամանակի ընթացքում նորմալ հարաբերություններ կհաստատի քաղաքակիրթ աշխարհի հետ», - TV Pirveli-ի եթերում ասել է Դաթունաշվիլին։
«ԱՄՆ այսօրվա հայտարարությունը հստակ ցույց տվեց, որ դա այդպես չէ», - հավելել է նա՝ հավանաբար նկատի ունենալով հունիսի 9-ին ԱՄՆ Կոնգրեսի ընդունած օրինագիծը, որը, ի թիվս այլ հարցերի, պահանջում է զեկույց Վրաստանում ռուսական և չինական հետախուզական ցանցերի վերաբերյալ։
Կոբախիձեի ճեպազրույցին նախորդել էին բանտարկված ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Լևան Խաբեիշվիլիի հայտարարությունները վարչապետի հնարավոր պաշտոնանկության մասին։
Խաբեիշվիլին պնդել էր, որ «Իվանիշվիլիի արքունիքում ներքին կլանային պայքար է ընթանում», իսկ Կոբախիձեի հավանական փոխարինողների թվում նշել էր իշխող կուսակցության պատգամավոր, նախկին նախարար Թեա Ծուլուկիանիին և էկոնոմիկայի գործող նախարար Մարիամ Քվրիվիշվիլիին։
Իշխող թիմը այս տեղեկությունները չի հաստատել։












