Բաքուն մտահոգվել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լուրջ մտահոգություններ է առաջացրել Ադրբեջանում։ Բաքվի մտահոգությունների մասին հայտարարել են այդ երկրի արտգործնախարարությունից։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ անընդունելի է «բարդ պատմական գործընթացները քաղաքական որոշումների առարկա դարձնելը»։
«Նման քայլերը չեն նպաստում հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, այլ, ընդհակառակը, հանգեցնում են գոյություն ունեցող հակասությունների խորացմանը և խոչընդոտում տարածաշրջանում կայուն խաղաղության ու համաձայնության հասնելու ջանքերին: Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում վերանայել ընդունված որոշումը: Ադրբեջանը այսուհետ ևս հետևողականորեն պաշտպանելու է պատմական ճշմարտությունը, միջազգային իրավունքի սկզբունքների հարգումը և նպաստելու է տարածաշրջանում ամուր խաղաղության ամրապնդմանը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին պաշտոնապես քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին՝ հավանություն տալով արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից անցած շաբաթ ներկայացված բանաձևի նախագծին։
Պաշտոնական Անկարան, արձագանքելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի կառավարության որոշմանը, Իսրայելի ղեկավարությանը մեղադրել է «պատմական ու իրավական իրողությունները անտեսելու և պաղեստինցիների դեմ իրականացրած գործողությունները քողարկելու մեջ»։
***
Հայոց ցեղասպանության հարցը ժամանակ առ ժամանակ բարձրացվել է Իսրայելի քաղաքական շրջանակներում՝ հասնելով ընդհուպ օրենսդրական նախաձեռնությունների, սակայն որպես կանոն կասեցվել է երկրի իշխանությունների կողմից։ Առաջնորդվելով ռեալպոլիտիկի տրամաբանությամբ՝ Իսրայելը չի ցանկացել սրել կամ փչացնել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։










