Ամերիկացի հեղինակ, ռիսկերի վերլուծաբան և տնտեսագետ Նիկոլաս Նասիմ Տալեբը հայտարարել է, որ հրաժարվել է Ադրբեջան մեկնելու հրավերից՝ նշելով այնտեղ Ռուբեն Վարդանյանի բանտարկության փաստը։
«Ինձ հրավիրել էին Ադրբեջան՝ դասախոսություն կարդալու։ Ես հրաժարվեցի (նրանք զգալիորեն բարձրացրին առաջարկվող հոնորարը՝ չհասկանալով իմ էթիկան և կարծելով, թե դա կարող է որևէ բան փոխել)։ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ», - գրել է Տալեբը X սոցիալական հարթակում։
Գրառումը լայն արձագանք է ստացել Հայաստանում՝ այն տարածել են բազմաթիվ օգտատերեր, քաղաքական ու հասարակական գործիչներ։
Տալեբը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց իր «Սև կարապ» (The Black Swan) գրքով, որտեղ ներկայացնում է դժվար կանխատեսելի, բայց մեծ ազդեցություն ունեցող իրադարձությունների տեսությունը։ Նա նաև «Antifragile», «Fooled by Randomness» և «Skin in the Game» գրքերի հեղինակն է և համարվում է ռիսկերի, անորոշության ու ֆինանսական շուկաների վերաբերյալ ժամանակակից ամենաազդեցիկ մտածողներից մեկը։
Տալեբը ծնվել է Լիբանանում՝ լիբանանահայերի հետ պատմական կապեր ունեցող հին հունական ուղղափառ (անտիոքյան) լևանտյան ընտանիքում։ Նրա նախնիների թվում եղել են Լիբանանի փոխվարչապետներ և բարձրաստիճան պետական ու եկեղեցական գործիչներ։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին նա տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ հետագայում դարձել է ֆինանսական թրեյդեր, էսսեիստ և համաշխարհային ճանաչում ունեցող մտածող։
2023-ի դեկտեմբերին Տալեբը այցելել էր Հայաստան։ Այցի ընթացքում նա հարցազրույց էր տվել ՍիվիլՆեթին, որտեղ խոսել էր Հայաստանի անվտանգային մարտահրավերների, աշխարհաքաղաքականության, ռիսկերի կառավարման և փոքր պետությունների դիմակայունության մասին։
Ռուբեն Վարդանյանը 2023-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի հարձակումից ու երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո ձերբակալվել էր Ադրբեջանի սահմանապահների կողմից, երբ փորձում էր անցնել Հայաստան։ Ադրբեջանի դատարանը նրան դատապարտել է քսան տարվա ազատազրկման։
Դիտե՛ք ՍիվիլՆեթի հարցազրույցը Տալեբի հետ։












