Թուրքիայում ընդունվել է PKK-ի զինյալների պայմանական համաներման մասին օրենք

Օգոստոսի 11-ին Թուրքիայի խորհրդարանը ընդունել է օրենք, որը, ի թիվս այլ հարցերի, նախատեսում է պայմանական համաներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի անդամների համար։
Օրենքը, որը կրում է «Ազգային համերաշխության և սոցիալական ինտեգրման ամրապնդման մասին» խորագիրը, Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է շուրջ 12 ժամյա քննարկումներից հետո և արժանացել քվեարկությանը մասնակցած 563 պատգամավորներից 467-ի հավանությանը։
Թուրքիայի խորհրդարանի որոշումը հետևում է 2025-ի փետրվարին PKK-ի հիմնադիր և ցմահ դատապարտված Աբդուլլահ Օջալանի կոչին, որով նա իր կողմնակիցներին դիմել էր զինված պայքարը դադարեցնելու ու զենքերը վայր դնելու առաջարկով։
Օրենքը, կախված հանցագործության ծանրությունից, սահմանում է դադարեցնել և/կամ սառեցնել երկրում գործած PKK-ի զինյալների դատավճիռների քննությունը 5-15 տարով։ Սակայն բացառություն են մինչև 2005-ի հունիսը ցմահ դատապարտվածները, ինչը նշանակում է, որ օրենքը դեռևս շրջանցում է Աբդուլլահ Օջալանին։
Օջալանն ու համախոհները, 1978-ին հիմնելով PKK-ն, ի սկզբանե պայքարում էին քրդական անկախության համար, սակայն հետագայում հանդիպելով դժվարությունների՝ վերանայեցին իրենց գաղափարներն ու մոտեցումները։ Օջալանը ձերբակալվել է 1999-ի փետրվարի 15-ին և դատապարտվել ցմահ ազատազրկման։ Նա պատիժը կրում է թուրքական Իմրալը կղզու բանտում։
Թուրքիայում հույս ունեն վերջնականապես վերջ դնել PKK-ի գործունեությանը, որի համար նաև թուրքական իշխանություններն առաջ են տանում «Առանց ահաբեկչության Թուրքիա» գաղափարը։
PKK-ի և Թուրքիայի իշխանությունների միջև տասնամյակներ տևած բախումներում մահացել է շուրջ 40,000 մարդ, այս ուժը ահաբեկչական է համարվում Թուրքիայում, ԱՄՆ-ում, Եվրամիությունում, Միացյալ Թագավորությունում։
Տեղադրություն
Կազմակերպություն











