ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ չի փոխգործակցում ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի հետ չի փոխգործակցում ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Այս պահին ՀԱՊԿ գծով Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում փոխգործակցություն չի իրականացվում», - ասել է Աղասանդյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանի վրա տարածվում են ՀԱՊԿ-ում ռազմատեխնիկական մատակարարումների հարցում արտոնյալ պայմանները։
Դեպարտամենտի տնօրենը նշել է, որ ոլորտային համագործակցությունը Երևանի հետ պահպանվում է երկկողմ հիմքով։
«Առկա է անհրաժեշտ իրավական բազա, որը նախատեսում է, այդ թվում, ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում արտոնյալ պայմաններով», - ընդգծել է նա։
Ավելի վաղ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ կազմակերպության մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կոնսենսուս կպահանջի։ Նա տեղեկացրել էր, որ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա Մոսկվայում նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այդ հարցը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր նշել էր, որ Հայաստանը կարող է լքել ՀԱՊԿ-ը, եթե մտադրություն չունի այլևս լինել անվտանգության ապահովման այս կազմակերպության անդամ։
Օգոստոսի 24-ին Ազգային ժողովում պատասխանելով Կառավարության 2026-2031-ի ծրագրի վերաբերյալ պատգամավորի հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն առաջիկա հինգ տարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) աշխատանքներն ակտիվացնելու կամ կազմակերպություն վերադառնալու որևէ պլան չունի։
Փաշինյանը նաև հայտարարել էր, որ Հայաստանն առաջիկայում կսկսի Եվրոպական Միությանն անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը։
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվեցին 2022-ի սեպտեմբերին՝ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինուժի ապօրինի ներխուժումից հետո, երբ կազմակերպությունը ռազմական և քաղաքական աջակցություն չհայտնեց իր անդամ երկրին։
Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ 2024-ից Հայաստանը դադարել է անդամավճարներ փոխանցել կազմակերպությանը և ներկայացուցիչներ ուղարկել նրա միջոցառումներին ու զորավարժություններին։











