Կարո՞ղ է՝ փող եք առել, թե՞ ձեզ թվում է ձեր հետևից եկող չի լինելու․ Փաշինյանը՝ նախկին դատախազներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգուշացրել է, որ նախկին դատախազները, քննիչները և օպերատիվ աշխատողները ստիպված են լինելու պատասխան տալ պետության և ժողովրդի առջև, քանի որ տարիներ շարունակ տեղյակ են եղել բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի գույքի ու կոռուպցիոն փաստերի մասին, սակայն համապատասխան ընթացք չեն տվել։ Օգոստոսի 27-ին կառավարությունում ճեպազրույցի ճամանակ վարչապետը հայտարարել է, որ իրավապահ համակարգի նախկին ներկայացուցիչները պետք է բացատրություն տան իրենց գործողությունների և անգործության համար։
«Կարո՞ղ է փող եք առել, թե՞ ձեզ թվում է ձեր հետևից եկող չի լինելու, պիտի պատասխան տաք, մի հատ խեղճ ու կրակների երկու հատ հավ գողանալու համար, ասենք մինչև վերջին խազը սնանկացրել եք, սովի եք մատնել, իսկ ասենք ձեզ համար եղել են անձեռնմխելի մարդիկ։ Ում վարույթում այս գործերը եղել է և չի արժանացել ընթացքի, պիտի բացատրություն տա Հայաստանի Հանրապետության ժողովրդին, պետք է իրենց բոլորի ունեցվածքները նայվի, իրենց հաշվեհամարներն էլ պետք է նայվեն»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը շեշտել է, որ քաղաքական նպատակն այն է, որ Ծառուկյանը, Քոչարյանը և մյուսներն ապրեն միայն սեփական օրինական եկամուտներով և թոշակներով, իսկ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ողջ գույքը պետք է վերադարձվի պետությանը։
«Ինչ-որ ապօրինի ձեռք են բերել հատիկ-առ-հատիկ, լումա-առ-լումա, կոպեկ-առ կոպեկ, սենտ-առ սենտ, եվրո-սենտ, քյաբաբ-առ-քյաբաբ պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, ուրիշ տարբերակ չկա», ասել է Փաշինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսին քարոզարշավի ընթացքում հրապարակայնորեն սպառնացել էր ունեզրկել ընդդիմադիր գործիչ Գագիկ Ծառուկյանին։
Հուլիսի 6-ին իրավապահները խուզարկություններ էին իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանողմի շարք ձեռնարկություններում, ինչից հետո Ծառուկյանը կալանավորվել է։
Օգոստոսի 24-ին ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Քոչարյանների ունեցվածքը պետք է վերադարձվի պետությանը, կասկածի տակ դնելով նրան ունեցվածքի ձեռքբերման օրինականությունը։
Հաջորդ օրը Երկրորդ նախագահին և նրա ավագ որդուն իրավապահները տեղափոխել էին Հակակոռուպցիոն կոմիտե։ Ռոբերտ Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանը կալանավորվել են։










