Գեղեցիկ Ոսկանյան
Հայաստանը կարող է նվազեցնել տնային տնտեսությունների էներգետիկ ծախսերը, պաշտպանել գյուղական բնակավայրերի կենսապահովման հնարավորությունները և ստեղծել նոր աշխատատեղեր՝ ներդրումներ կատարելով էներգաարդյունավետ բնակարաններում, ջրային ռեսուրսների կառավարման և էլեկտրական ցանցի ամրապնդման մեջ, ՍիվիլՆեթին ասել է Համաշխարհային բանկի խմբի շրջակա միջավայրի հարցերով տնօրեն Վալերի Հիքին։
Երևանում ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովին ընդառաջ Հիքին նշել է, որ շրջակա միջավայրի պահպանությունը տնտեսական աճի կարևոր նախապայման է մի երկրում, որի գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը կախված են առողջ էկոհամակարգերից և ջրի հուսալի պաշարներից։
«Բնությունը աշխատատեղերի և ՀՆԱ-ի շարժիչ է», — ասել է նա հարցազրույցում։
Հայաստանը հոկտեմբերի 19-30-ը կհյուրընկալի Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Համաժողովը կենսաբազմազանության թեման բերում է Հայաստանի ազգային օրակարգ՝ այդ թվում առաջ քաշելով հարցը, թե ինչպես պետք է երկիրը ֆինանսավորի իր բնապահպանական անցումը։
Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ 2025-2060 թվականներին Հայաստանին անհրաժեշտ կլինի շուրջ 8 միլիարդ դոլարի ներդրում՝ կլիմայական ռիսկերի նկատմամբ դիմակայուն և ցածր ածխածնային զարգացման ուղի անցնելու համար։ Հիքին, սակայն, կարծում է, որ այդ գումարը պետք չէ դիտարկել նախևառաջ որպես ֆինանսական բեռ։
«Կանաչ տնտեսության մեջ ներդրումը ծախս չէ։ Դա իրականում ներդրում է», — ասել է նա։ «Դա օգտակար է լինելու պետական բյուջեների, տնային տնտեսությունների ծախսերի, բիզնեսների շահույթի և մոլորակի համար»։
Նման ներդրումները, ըստ նրա, կարող են ներառել գյուղատնտեսությունում ջրի կառավարման բարելավում, պետական և մասնավոր հատվածների կողմից էլեկտրական տրանսպորտի զարգացում, ինչպես նաև նոր շուկաների ձևավորում, օրինակ՝ էլեկտրամեքենաների լիցքավորման ենթակառուցվածքների ոլորտում։
Հայաստանի համար բնության տնտեսական արժեքը չի սահմանափակվում միայն բնապահպանությամբ։ Բնական լանդշաֆտները կարող են գրավել զբոսաշրջիկների և նպաստել, որ նրանք ավելի երկար մնան երկրում, իսկ ջրային ռեսուրսները կենսական նշանակություն ունեն այգեգործության, անասնապահության և այնպիսի ոլորտների համար, ինչպիսին կոնյակի արտադրությունն է։
«Առանց ջրի՝ որպես բնական ենթակառուցվածքի, այդ աշխատատեղերը պարզապես չեն լինի»,- ասել է Հիքին։
Հարցին, թե հաջորդ տասնամյակում որ երկու «կանաչ» ներդրումներն են կարող ապահովել չափելի տնտեսական արդյունք, Հիքին առանձնացրել է բնակարանների էներգաարդյունավետությունն ու ջրային ենթակառուցվածքները։
Նրա խոսքով՝ բնակարանային հատվածին բաժին է ընկնում Հայաստանում սպառվող էներգիայի գրեթե մեկ երրորդը։ Ավելի լավ ջերմամեկուսացումը, ժամանակակից ջեռուցման և հովացման համակարգերը, ինչպես նաև արևային էներգիայի ու կուտակիչների հասանելիությունը կարող են նվազեցնել բնակիչների ծախսերը և միաժամանակ պահանջարկ ստեղծել նոր ապրանքների ու որակավորված մասնագետների նկատմամբ։
Շենքերի էներգետիկ հավաստագրումը ևս կարող է օգնել հիփոթեքային վարկատուներին տարբերակել այն բնակարանները, որոնց շահագործման ծախսերն ավելի ցածր են։ Դա իր հերթին կարող է նոր հնարավորություններ բացել էներգաարդյունավետ բնակարանների ֆինանսավորման համար։
«Ընտանիքները կարող են այդ գումարը ներդնել սեփական բիզնեսում, կրթության կամ այլ կարիքների մեջ»,- ասել է Հիքին՝ նկատի ունենալով ջեռուցման և հովացման վրա կատարվող ծախսերի կրճատումից տնտեսված միջոցները։
Էներգիայի մատչելիության և բնապահպանության կապը հատկապես կարևոր է Հայաստանի գյուղական բնակավայրերում, որտեղ բազմաթիվ տնային տնտեսություններ շարունակում են վառելափայտ օգտագործել՝ լրացուցիչ ճնշում գործադրելով անտառների վրա։ Ավելի մատչելի ջեռուցման այլընտրանքներն ու էներգաարդյունավետ տները կարող են միաժամանակ մեղմել թե՛ սոցիալական խնդիրները, թե՛ անտառների դեգրադացիան։
Ջրային ոլորտում ներդրումները, Հիքիի խոսքով, պետք է ներառեն նաև ջրի պաշարները կարգավորող էկոհամակարգերի պաշտպանությունը։ Անտառներն օգնում են կուտակել և մաքրել ջուրը՝ այդպիսով աջակցելով գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը և արդյունաբերությանը։
Հայաստանի արագ աճող արևային էներգետիկան նույնպես տնտեսական նոր հնարավորություններ է ստեղծում, սակայն Հիքին ընդգծում է, որ արևային վահանակների տեղադրումը անցման միայն առաջին քայլն է։
Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում ներմուծվող բնական գազի մասնաբաժինը գրեթե 63 տոկոս է։ Դա նշանակում է, որ միջազգային գների կտրուկ տատանումները կարող են բարձրացնել տնային տնտեսությունների վճարները և նվազեցնել բիզնեսների շահութաբերությունը։
Արևային էներգիայի հնարավորություններից լիարժեք օգտվելու համար Հայաստանը պետք է ամրապնդի էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման ցանցերը, որպեսզի դրանք կարողանան կառավարել արտադրության տատանվող ծավալները։
Հիքիի խոսքով՝ նման ներդրումները կօգնեն գործող հայկական բիզնեսներին դիմակայել կլիմայական ճնշումներին և միաժամանակ հնարավորություն կտան Հայաստանին մրցունակ դառնալ նոր ձևավորվող ոլորտներում։
«Խոսքն իրականում այնպիսի ներդրումների մասին է, որոնք կապահովեն, որ Հայաստանում գործող բիզնեսները շարունակեն աճել և ավելի դիմակայուն լինեն կլիմայի փոփոխության բացասական հետևանքների նկատմամբ»,- ասել է նա։











