Գլխավոր Լրահոս

«Որտե՞ղ է ավարտվում չեզոքությունը և սկսվում հանցակցությունը»․ զրույց «Հոլանդացի կույսը» վեպի հեղինակի հետ

«Որտե՞ղ է ավարտվում չեզոքությունը և սկսվում հանցակցությունը»․ զրույց «Հոլանդացի կույսը» վեպի հեղինակի հետ

«Այն օրվանից, ինչ Շլիմանը պղծեց Ագամեմնոնի գերեզմանը, անեծք է կախված գերմանացի ժողովրդի գլխին։ Նրանք որոշ փոփոխության ենթարկեցին սվաստիկան, նույնիսկ 45 աստիճանով շրջեցին այն։ Այդ անիծյալ սվաստիկան շարունակում է պտտվել՝ մեզ իր հետ ներքև քաշելով, մինչև որ ինքներս մեզ կուլ տանք, ինչպես օձն է իր իսկ պոչից բռնում։ Սա նիզակակիր Ագամեմնոնի անեծքն է»։

Մարենտե դե Մուրի «Հոլանդացի կույսը» վեպը հայերեն է թարգմանվել ԱՐԻ գրական գործակալության և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ իրականացվող «Կանայք զոհ չեն․ հետպատերազմ» նախագծի շրջանակում։ ՍիվիլՆեթը զրուցել է այս շարքի վեպերի մյուս հեղինակների հետ ևս։ «Հոլանդացի կույսը» փոխվող աշխարհակարգի և դրա հետևանքով գոյացող անհատական ողբերգության մասին է։

Ինչո՞ւ պատմական այս ժամանակաշրջանն ընտրեցիք։ Եվ ինչո՞ւ պատմություն պատմելու համար ընտրեցիք սուսերամարտը։ Հավանաբար, ձեզ շատ են պատմել այդ շրջանի մասին, բազմիցս լսել եք 1936-ին Բեռլինում անցկացված տխրահռչակ օլիմպիական խաղերի մասին։

  • Ինձ գրավում էր երկու պատերազմների միջակայքում այս չարագուշակ դադարը, երբ աղետն արդեն նշմարվում էր հորիզոնում։ Գրական տեսանկյունից աղետի կանխազգացումը ավելի հետաքրքիր է, քան բուն խնդիրը՝ իր գագաթնակետին հասած։ Այս վեպը տարբեր հանգրվանների ու փոխվող հավասարակշռության մասին է. Անցումը օրիորդությունից կանացիության, մի երկրից մյուսը ձգվող ընկերություն, երկու պատերազմների միջակայքում խրված-մնացած հասարակություն։ Սուսերամարտը լիովին արտահայտում է այս այլաբանությունը։ Հակառակորդները կանգնում են ուղիղ իրար դիմաց՝ հայելային նույնությամբ, ընդամենը մի գիծ է նրանց բաժանում, նախքան դուրս կպրծնի առաջին շարժումն ու կխախտի ողջ հավասարակշռությունը։ Համաչափության ու անհամաչափության թեման կարմիր գծով անցնում է ողջ վեպով։ Իսկ 1936-ի օլիմպիական խաղերին մասնակցում էր Հելենե Մայերը, հրեական ծագման գերմանացի սուսերամարտիկ։ Չնայած ռասայական խտրականությանը՝ նրան թույլատրում են օլիմպիական խաղերին ներկայացնել նացիստական Գերմանիան։

«Ասում էին՝ այնտեղ այլևս ոչ մի վիրավոր չէր մնացել, միայն Մահն էր գերանդիով դաշտերում թափառում՝ փնտրելով կյանքի որևէ մնացորդ, ինչպես հարբեցողը, որ պանդոկը փակվելուց առաջ զննում է այլոց բաժակները՝ տեսնելու, թե արդյո՞ք դրանց մեջ դեռ մի կում բան չի մնացել»։

  • Գիրքը հայերեն է թարգմանվել ԱՐԻ գրական գործակալության «Կանայք զոհ չեն» նախագծի շրջանակում։ Նախագիծը կանանց ու պատերազմի, փոխհարաբերությունների մասին է։ Արվեստում կանանց ու պատերազմի թեման բավականին պոպուլյար է։ Ինչո՞ւ են այս երկու բառերը այսքան հաճախ կողք կողքի դրվում։

«Հասկանո՞ւմ ես՝ բոլորը բոլորի հետ անկողին էին մտնում։ Գյուղի բոլոր կանայք խոնարհաբար սպասում էին, մինչև պարզ դարձավ, թե իրականում ինչ էր դրված կշեռքի նժարին։ Ես կարող եմ մեկ առ մեկ քեզ ցույց տալ նրանց՝ այն բոլոր կանանց, որոնք հավատարիմ մնացին, իսկ հետո ամեն ինչ կորցրեցին, ու այսօր ինձնից երեսուն տարով ավելի ծեր են երևում։ Պատերազմի ժամանակ կուսությունը գրոշի արժեք չունի»։

  • Կարծում եմ իմ վեպում այդ բաժանումը չկա։ Իրականում, չգիտեմ՝ այս երկուսը իրարից բոլորովին տարբեր փորձառություններ են, թե չէ։ Ես փորձում եմ գրականությանը գենդերային պրիզմայով չնայել։

«Հողը չի սգում, ուրեմն ինչո՞ւ նրանք պետք է կանգ առնեն ու սգան։ Իհարկե չգիտեմ, թե նրանք ինչի մասին էին մտորում հողի վրա կռացած աշխատելիս։ Ես, ամեն դեպքում, մտածում էի 1914 թվականի այն արևոտ օրվա մասին»։

  • Վեպում, կարծես թե, հավանություն չեք տալիս ձեր երկրի՝ Նիդեռլանդների ռազմավարությանը՝ Երկրորդ համաշխարհայինի նախաշեմին չեզոքություն պահելու փորձերին։ Որքանո՞վ են ձեր անձնական հայացքներն արտացոլված։

  • Կարծում եմ՝ իմ կարծիքը կարևոր չէ, և վեպում այն արտացոլված չէ։ Գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք չեզոքությունն առհասարակ հնարավոր է։ Եվ այս հարցը սերտորեն կապված է սուսերամարտի հետ, որով ժամանակին ես էլ եմ զբաղվել։ Երբ մենամարտերը արգելվեցին, իրավական պատասխանատվության էին ենթարկվում ոչ միայն մենամարտող կողմերը, այլև նրանց օգնականները։ Հարցը հետևյալն է. Ո՞րն է այն սահմանը, որից հետո չեզոքությունը դառնում է հանցակցություն։

Փորձելով լուծել քո ժպիտի առեղծվածը՝ ինքս ինձ հարց էի տալիս, թե ուր էր կորել այն ողջ ռազմատենչությունը, որի մասին վկայում էր քո զինվորական հանդերձանքը։ Հնարավո՞ր էր արդյոք մարտական այդ անիմաստ մոլուցքը վերացնել վիրահատական մի պարզ միջամտությամբ։ Չէ՞ որ շատ ավելի օգտակար կլիներ այդ բոլոր ռազմական ծախսերն ուղղել ուղեղի հետազոտություններին, որ կարողանանք մեր նյարդային համակարգում գտնել այն հատվածը, որը պատասխանատու է մարդկությանը խաղաղասեր դարձնելու գործում»։

  • Դուք քննադատում եք արվեստի՝ քաղաքական ակտիվիզմի հարթակ դառնալը։ Միևնույն ժամանակ, վեպում հստակ նկատվում է ձեր դիրքորոշումը։ Դուք ցույց եք տալիս, որ պատերազմը ավերիչ է, ու որ որոշ գաղափարներ կարող են ողբերգական հետևանքներ ունենալ։ Այստեղ հարց է առաջանում. գրականության մեջ կոնկրետ ի՞նչն է համարվում քաղաքական ակտիվիզմ։ Պատերազմի մասին եք պատմում, արտահայտում եք ձեր վերաբերմունքը դրա նկատմամբ և այնպես եք դասավորում իրադարձություններն ու հանգամանքները, որ արդյունքում ինչ-որ գաղափար է ծնվում, ընթերցողն էլ իր հերթին ըմբռնում է գաղափարը. սա արդեն իսկ քաղաքական ակտիվիզմ չէ՞։ Գրեթե բոլոր գրական գործերը բարոյական որոշակի ուղղվածություն ունեն։ Գուցե պետք չէ՞ սրանից վախենալ։ Գուցե գրականությունից պե՞տք է դիրքորոշում ակնկալել։

  • Ոչ։ Դժբախտաբար այս մտայնությունը շատ տարածված է։ Բարոյական կամ քաղաքական դիրքորոշում արտահայտելը, լինի դա հեղինակի թե հերոսների միջոցով, քաղաքական ակտիվիզմ չէ։ Հստակ տարանջատում կա բարոյական խնդիրներին անդրադարձող ու որոշակի քաղաքական ուղերձ հղող գրականությունների միջև։ Ես քննադատում եմ սոցռեալիզմը, որովհետև այն ենթարկում է արվեստը որևէ գաղափարախոսության։ Դրական ներկայացվող հերոսն իր պարտադիր ծառայությունն է մատուցում տվյալ գաղափարախոսությանը ու ստեղծվում է կանխատեսելի հերոսներով ու կանխատեսելի նարատիվներով գրականություն։ Գրականությունից ակնկալում են, որ այն ծառայի բազմազանության, հավասարության ու ներառականության սկզբունքներին։ Արդյունքում, տուժում է գործի օրիգինալությունը, այն դառնում է կանխատեսելի և մտածելու տեղ չի թողնում։ Գրականությունը պետք է իրավունք ունենա բարոյական առումով մեզ ոչ հաճո լինելու։ Այն պիտի մեզ անակնկալի բերի, անհարմար վիճակում դնի, նույնիսկ ամբողջությամբ հակասի մեզ։ Իհարկե, գրողները կարող են քաղաքական ամուր համոզմունքներ ունենալ, բայց քաղաքականությանն առնչվող գրականությունը հիմնովին տարբերվում է քաղաքական դոգմաներին ծառայող գրականությունից։

  • Հերոսներից Էգոնի հակակրանքը նոր հասարակարգի նկատմամբ մարդասիրական մղումներից չի բխում։ Նրան տհաճ է նացիստական Գերմանիան, որովհետև իր աչքում այն գռեհիկ է, քաոտիկ, անկանոն։ Չնայած սրան՝ նացիստական բարքերը հաճախ նույնացվում են պաթոլոգիկ կարգուկանոնի հետ։ Որտեղի՞ց այս հակասությունը։

«Չեն լինի պարտիզանների արձակած անանուն փամփուշտներ, դրանց փոխարեն կլինեն դուելներ, որտեղ տղամարդը տղամարդու դեմ է կանգնում։ Դա կլինի կարգին պատերազմ, որտեղ կարգ ու կանոնն են իշխում»։

  • Ճիշտ եք հասկացել Էգոնի կերպարը։ Ինձ հետաքրքիր էր, թե հետհայաց որքան աղոտ ու ոչ ճշգրիտ ենք պատկերացնում, թե ինչպես են մարդիկ ապրել գաղափարական ալեկոծությունների շրջանում։ Էգոնը պահպանողական է, կապված է հին աշխարհի՝ պատվի մասին չգրված օրենքների հետ։ Նացիզմի հանդեպ իր հակակրանքը բարոյական նկատառումներից չի բխում, նոր կարգերը քանդում են ամեն ինչ, ինչ արժեքավոր է իր համար։ Ես ուզում էի կենդանի մարդ ստեղծել, ոչ թե հերոս, որ գիտի այն ամենը, ինչ գիտենք մենք մեր՝ ապագայի դիրքերից։ Պատմավեպերում հաճախ մի կարևոր բան է մոռացվում՝ սովորական կյանքի շարունակականությունը։ 1930-ին մարդիկ օրուգիշեր Հիտլերի մասին չէին մտածում։ Մարդիկ սիրահարվում էին, երաժշտություն լսում, հարևանների հետ կռվում ու իրենց ամենօրյա կյանքն էին ապրում։ Ես ուզում էի պատկերել ամենօրյա կյանքի չընդհատվող սովորականությունը՝ հենց պատերազմի շեմին։ Նացիոնալ-սոցիալիզմը լի էր նման հակասություններով։ Վայրի, անսանձ բնության ռոմանտիկ փառաբանումը, զուգահեռաբար՝ այդ նույն բնությունը վերահսկելու ու դրան ամբողջությամբ տիրելու պարադոքսը։ Նորից համաչափության ու անհամաչափության մասին ենք խոսում։

  • Վեպում նոր ծնվող տոտալիտար համակարգի ուղիղ քննադատություն չկա։ Չկան կերպարներ, որոնց գործողությունները մարդասիրական մղումներից են բխում։ Փորձում էիք ցույց տալ մարդկանց, որոնք ոչ չարի կողմում են, ոչ բարու, այլ մարդիկ, որոնք փորձում էին կողմնորոշվել փոխվող քաղաքական իրականության մե՞ջ։

«Բոլորի հագին նույն՝ մարմինը կիպ գրկող ուսանողական համազգեստն էր՝ գոտիով և ալ կարմիր թևկապով, որն ավելի էր ընդգծում սվաստիկայի բացակայությունը Ռաարենում։ Մինչ այդ խորհրդանիշն առաջին անգամ այս ամբոխի շնորհիվ կհայտնվեր սուսերամարտի դահլիճում, այն իր գորշ ու աննկատ ներկայությունն ուներ լոկ նամականիշների և ռայխսմարկի, հոբելյանական գդալների, Հայնցի երգարանի և մսագործի առաքման մեքենայի վրա, որը, ի դեպ, մեր միակ այցելուն էր, որն իր պարտքն էր համարում հիտլերյան ողջույն տալ։ Բայց մինչ այդ ես երբեք սվաստիկան այդքան մոտիկից չէի տեսել՝ գլխապտույտ առաջացնող սև, սպիտակ ու կարմիր գույներով»։

  • Ո՞վ է ասել, որ վեպում պիտի բարոյական հերոս լինի։ Ձանձրալի է։ Բացի դրանից, մարդասիրական, անշահախնդիր նկրտումներ չունենալը չի նշանակում չունենալ բարոյականության մասին գիտակցություն։ Մարդիկ կարող են ունենալ բարոյականության մասին ներքին զգացողություն, բայց չառաջնորդվել դրանով։ Մարդկանց մեծ մասը հերոսություններ չի գործում։

Գլխավոր հերոսը նոր-նոր է բացահայտում կյանքը ու արմատացած համոզմունքներ չունի։ Սա նրան ավելի խոցելի է դարձնում գաղափարական տարբեր հոսանքների առաջ։ Կարո՞ղ է նացիստական գաղափարախոսությունը հասնել նրան։ Վերջիվերջո, ոչ նացիստական Գերմանիայում, ոչ ստալինյան բռնաճնշումների ժամանակ, ոչ էլ միջնադարում վհուկների որսի ժամանակ բոլորը հրեշ չէին։ Հասարակությունը չի կարող այդքան հրեշ ունենալ։ Այս համակարգերի ներքո գործողները սովորական մարդիկ են եղել, բարոյականության մասին իրենց պատկերացումներով, բայցևայնպես, մասնակից դարձան իրենց ժամանակների բարբարոսությանը։ Պարտադիր չէ հրեշ լինել, բավական է միայն քո ժամանակի ծնունդ լինել։ Որքա՞ն պատասխանատվություն են կրում մարդիկ այն գաղափարախոսությունների և պատմական պայմանների համար, որ ստեղծում են նրանց։

Հուսով եմ, որ կարողացել եմ ցույց տալ, որ մարդկանց մեծ մասը ոչ մի գաղափարի դրոշակակիր էլ չէ։ Մարդիկ իրենց կյանքն են ապրում, իսկ դրա ֆոնին հսկայական պատմական իրադարձություններ են ծավալվում։ Ուզել եմ ցույց տալ, թե որքան կարող են նախկին սերունդներն ազդել հաջորդների վրա, ու որ երեխաները կարող են ստիպված վճարել իրենց հայրերի մեղքերի համար։ Գլխավոր հերոսը՝ Յանան, ընդամենն ականատես է, բայց ուզում է մասնակից լինել։ Փորձելով բացահայտել գաղտնիքը ու պատմության մեջ իր տեղը գտնել, նա բռնություն է գործադրում հենց իր նկատմամբ ու կորցնում իր անմեղությունը։

«Չեմ կարծում, թե գերմանացիներն ի վիճակի էին ևս մեկ գերեզման փորել։ Նրանք երևի մտածել էին. գոնե այս մեկը թող չմեռնի… Իրենց ամբողջ հույսը դրել էին քո այդ դեռևս շնչող մարմնի վրա»։

«ԱՐԻ» գրական գործակալության հայերեն թարգմանած մյուս վեպերի հեղինակների հետ ՍիվիլՆեթի հարցազրույցները.

Ռադկա Դենեմարկովայի «Փողեր Հիտլերից»

Թամթա Մելաշվիլի «Ասելուկ»

Սալմա «Երազող կանայք»

Մարիցա Բոդրոժիչ «Բալենու փայտից սեղանը»

Դուլսե Չակոն «Նիրհող ձայնը»

Գորան Վոյնովիչ «Թզենին»

Զրուցեց Հասմիկ Հովհաննիսյանը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում