Գլխավոր Լրահոս

«Ուժեղ Հայաստանը» որտեղ կա, այնտեղ ՔՊ-ի թևերը կտրվում են․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստանը» որտեղ կա, այնտեղ ՔՊ-ի թևերը կտրվում են․ Կարապետյան

««Ուժեղ Հայաստանը» որտեղ կա, այնտեղ «Քաղաքացիական պայմանագրի» թևերը, հնարավորությունները կտրվում են»,- հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներին։ Ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում նա նշել է, որ Ստեփանավանում, որտեղ «Ուժեղ Հայաստանը» մասնակցել է ընտրություններին, իշխող ՔՊ-ն զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ մյուս համայնքներում, իր գնահատմամբ, ճնշումների արդյունքում կարողացել է գերիշխող դիրք զբաղեցնել։

«Այնտեղ, որտեղ մասնակցել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ռեկորդային ցածր տոկոս է հավաքել, ամենացածր տոկոսն է հավաքել, կարելի է ասել, և գրավել է ընդամենը երկրորդ տեղը, չի կարողացել հասնել հաղթանակի»,- ասել է Կարապետյանը։

«Ուժեղ Հայաստանը» հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է միայն մեկ համայնքում՝ Ստեփանավանում։ Կարապետյանը հիշեցրել է, որ կուսակցությանը քննադատել են սահմանափակ մասնակցության համար՝ առաջարկելով համեմատել արդյունքներն այն համայնքների հետ, որտեղ իրենք թեկնածուներ չեն առաջադրել։

Կարապետյանը պնդել է, որ Ստեփանավանում ՔՊ-ն այժմ ստիպված է բանակցություններ վարել՝ կոալիցիա կազմելու և համայնքապետի տեղակալի պաշտոն ստանալու համար։

Կարապետյանի գնահատմամբ՝ ներկայում «Ուժեղ Հայաստանը» միակ քաղաքական ուժն է, որը կարողանում է արդյունավետ պայքար կազմակերպել իշխող կուսակցության դեմ։

Նա անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հրապարակած տեսաուղերձին։

«Փաշինյանի օրվա ելույթին էլ հետևեցի, ոնց որ հավեսի էր ընկել Փաշինյանը։ Կարծում եմ՝ գործակալների մասին խոսելուց ինքը պետք է շատ ուշադիր լինի»,- ասել է Կարապետյանը։

Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՔՊ-ն և իր բնորոշմամբ «պրոՔՊ-ական» ուժերը ՏԻՄ ընտրություններում «ջախջախիչ հաղթանակ» են տարել։

Միաժամանակ վարչապետը մտահոգություն է հայտնել իշխող կուսակցության՝ մի շարք համայնքներում ստացած բարձր տոկոսների վերաբերյալ։

«Ես ամենևին էլ երջանիկ չեմ, որ մենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մի շարք համայնքներում ստացել ենք 90+, 80+, 70+ ձայներ»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ արդյունքները որոշակի ասոցիացիաներ են առաջացնում և բարձրացնում Հայաստանում իրական ընդդիմության ձևավորման հարցը։

Վարչապետը նաև հարց է բարձրացրել, թե ինչպես անել, որ ընտրությունների բարձր տոկոսները «ավտորիտարիզմի և բռնապետության տպավորություն չթողնեն»։

Փաշինյանը միաժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է արմատախիլ անել իր բնորոշմամբ «լրտեսական ընդդիմությունը», որը, ըստ նրա, կառավարվում է դրսից։ Նա պնդել է, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր, պետականակենտրոն ընդդիմություն, սակայն կառավարությունը չպետք է մասնակցի դրա ստեղծմանը։

Ընտրությունների արդյունքներն ու ձերբակալությունները

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ իշխող ՔՊ-ն առաջին տեղն է զբաղեցրել համամասնական ընտրակարգով քվեարկություն անցկացրած 16 համայնքում, ևս երկուսում՝ ՔՊ-ի մասնակցությամբ «Համերաշխություն» դաշինքը։

Ստեփանավանում ամենաշատ ձայները ստացել է գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի գլխավորած «Գործարար» կուսակցությունը՝ 41,54 տոկոս կամ 5506 ձայն։

ՔՊ-ն ստացել է 35,32 տոկոս կամ 4681 ձայն, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ 19,68 տոկոս կամ 2609 ձայն։

Նախնական հաշվարկով՝ 21-հոգանոց ավագանիում «Գործարարը» կստանա 9, ՔՊ-ն՝ 8, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ 4 մանդատ։

Ավագանիում ուժերից ոչ մեկը ինքնուրույն մեծամասնություն չունի։ Կոալիցիոն բանակցությունների ընթացքի և համայնքապետի տեղակալի պաշտոնի վերաբերյալ Կարապետյանի պնդումները առանձին հաստատված չեն։

Հատկանշական է, որ «Գործարարի» ցուցակը գլխավորող գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը ՔՊ անդամ է, սակայն ընտրություններին մասնակցել է առանձին կուսակցության ցուցակով։

Հինգ համայնքում՝ Արմավիրում, Վարդենիսում, Գառնիում, Ախուրյանում և Վայքում, իշխող կուսակցությունն ընտրություններին մասնակցել է առանց մրցակից քաղաքական ուժերի։

Ստեփանավանի ընտրություններին նախորդել են նաև ձերբակալություններ։

Հոկտեմբերի 21-ին ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթով ձերբակալվել էր 14 անձ, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Նա հետագայում երկու ամսով կալանավորվել է։

Հոկտեմբերի 23-ին նույն վարույթով ձերբակալվել է ևս 10 անձ։

«Ուժեղ Հայաստանը» իրավապահների գործողությունները որակել է քաղաքական հետապնդում։ Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել ընտրակաշառք տալու, ստանալու և դրան օժանդակելու վերաբերյալ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում