Հավանականությունը շատ մեծ է, որ բանն արտահերթ ընտրությունների չի հասնի։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։
Փաշինյանը հայտարարել է, որ ընդդիմությունը, նոր Սահմանադրության ընդունման գործընթացը տարածաշրջանային, միջազգային և խաղաղության օրակարգերի հետ կապելով, հնարավորություն է ստեղծել իր նկատմամբ հանրային ճնշում ձևավորելու, որպեսզի ընդդիմադիր պատգամավորներն իրենց քվեարկությամբ հնարավոր դարձնեն նոր Սահմանադրության հանրաքվեն։ Փաշինյանի գնահատմամբ՝ մեծ է հավանականությունը, որ հնարավոր կլինի ընդդիմությանն այնպիսի առաջարկ անել, որից վերջինս չի կարողանա հրաժարվել, և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի առաջանա։
«Երեկվա Ազգային ժողովի հարց ու պատասխանը ինձ համար ակնհայտ դարձրեց, որ հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրությունների չի հասնի, այլ ընդհակառակը՝ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը պարզապես չի կարող հրաժարվել»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում ընդդիմությունն ինքն է հնարավորություն ստեղծել նոր Սահմանադրության հանրաքվեն անցկացնելու համար անհրաժեշտ քաղաքական աջակցությունն ապահովելու նպատակով։
«Իրենք երեկվա հարց ու պատասխանի արդյունքներով հնարավորություն տվեցին, որպեսզի մենք պրոցեսը տանենք այնպես, որ ընդդիմության վրա մեծ հանրային ճնշում գեներացվի, որպեսզի նրանք իրենց քվեարկությամբ հնարավոր դարձնեն [...] նոր Սահմանադրության հանրաքվեն»,- ասել է Փաշինյանը։
Միաժամանակ վարչապետը շեշտել է, որ ընդդիմությանն ուղղված առաջարկը դեռևս ձևակերպված չէ, և ինքը չի կարող երաշխավորել, որ կհաջողվի այն մշակել։
«Շատ մեծ հնարավորություն ստեղծեցին, բայց այսօր չի այդ հնարավորությունը։ Մենք դեռ աշխատանք ունենք անելու, և ես այսօր չեմ կարող երաշխավորել, որ այդ առաջարկը կարողանամ ձևակերպել»,- հայտարարել է նա։
Փաշինյանի խոսքով՝ ընդդիմությունը հոկտեմբերի 28-ի խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ Սահմանադրության ընդունման գործընթացը կապել է տարածաշրջանային, միջազգային և խաղաղության օրակարգերի հետ՝ բարձրացնելով մի հարց, որին ինքը պետք է պատասխան գտնի։
«Եթե ես ունենամ այդ պատասխանը, դա ինձ մղում է մտածել, որ ես իրոք կկարողանամ անել առաջարկ, որից ընդդիմությունը չի կարողանա հրաժարվել»,- ասել է վարչապետը։
Նա նաև հստակեցրել է ընդդիմության բարձրացրած հարցը․ «Արդյոք սա վերջին կետն է պրոցեսում ընդհանրապես, տարածաշրջանային և խաղաղության պրոցեսում»։
Վարչապետը չի մանրամասնել, թե ինչպիսին կարող է լինել այդ առաջարկը՝ ընդունելով, որ առայժմ չի կարող ավելի հստակ խոսել դրա մասին։
Փաշինյանը նաև անդրադարձել է ընդդիմության այն պնդմանը, որ իշխանությունը խորհրդարանական ընտրություններում չի ստացել Սահմանադրության հարցը առանց ընդդիմության լուծելու համար անհրաժեշտ ձայները։
Նա հակադարձել է, որ նոր Սահմանադրության ընդունումը ներառված է եղել «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում, և իշխանությունն ունի այն իրականացնելու մանդատ։
«700 000-ից ավել քաղաքացի քվեարկել է այդ նախընտրական ծրագրի օգտին, և մենք պետք է իրականացնենք այդ ծրագիրը, այսինքն՝ ունենք այդ մանդատը՝ այդ ծրագիրն իրականացնելու»,- ասել է վարչապետը։
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ն ստացել է 726 հազար 818 ձայն՝ մոտ 49,75 տոկոսը, և 105-տեղանոց Ազգային ժողովում զբաղեցրել 64 մանդատ։ Գործող Սահմանադրության համաձայն՝ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի աջակցությունը, այսինքն՝ 70 ձայն։ Իշխող ուժին պակասում է վեց ձայն։
Հոկտեմբերի 22-ին Փաշինյանը չէր բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եթե նոր Սահմանադրության հարցում չհաջողվեր համոզել ընդդիմությանը։
«Կփորձենք համոզել, չստացվե՞ց, ուրեմն կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել, իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է»,- հայտարարել էր վարչապետը։
Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդդիմությանը քաղաքական առաջարկ էր արել՝ աջակցել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն՝ հայտարարելով, որ եթե ժողովուրդը մերժի նախագիծը, իշխանությունները հրաժարական կտան։
Խորհրդարանական ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները նախկինում հայտարարել են, որ չեն աջակցի իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին՝ պնդելով, որ դրանք իրականացվում են Ադրբեջանի պահանջով։
Բաքուն Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը համարում է խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման՝ պահանջելով նախաբանից հեռացնել Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում։
Հայաստանի իշխանությունները պնդում են, որ Սահմանադրության փոփոխությունը երկրի ներքին օրակարգն է։ Հոկտեմբերի 28-ին Փաշինյանը վերահաստատել էր, որ Հայաստանը Սահմանադրության հարցը չի պատրաստվում քննարկել Ադրբեջանի կամ որևէ այլ արտաքին սուբյեկտի հետ։
Վարչապետի խոսքով՝ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի առաջիկայում, որից հետո կսկսվեն հանրային քննարկումները, և նախագիծը կներկայացվի խորհրդարան։











