ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում հունիսի 26-ին մեկնարկած ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության եռօրյա Build համաժողովի շրջանակում ընկերությունը ներկայացրել է իր գլխավոր նորույթի` Windows 8.1 օպերացիոն համակարգի բետա տարբերակը, հաղորդում է Verge-ը:
Windows 8.1-ը Windows 8-ի խոշոր թարմացումն է: Windows 8.1-ի բետա տարբերակն ունի մատնահետքերի սկանավորման գործառույթ` առանց հավելյալ ծրագրերի ներգրավման: Օգտատերն իր մատնահետքերի օգնությամբ Microsoft-ի իր օգտահաշիվը պաշտպանելու հնարավորություն ունի, ինչպես նաև համակարգի կամ առանձին թղթապանակների և բջջային ծրագրերի մատչման իրավունք: Այս տարբերակում վերադարձել է նաև Start ստեղնը:
Windows 8.1-ի նորամուծությունների և լրացումների մեծ մասը հիմնված են Windows 8-ի օգտատերերի արձագանքների վրա:
Օպերացիոն համակարգը, ըստ ամենայնի, շուկայում կհայտնվի այս տարի: Իսկ մինչ այդ բոլոր ցանկացողները Windows 8.1-ի բետա տարբերակի մատչման իրավունք կունենան:
Civilnet




