Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստան - Ֆրանսիա ընկերական հանդիպումը: Ֆրանսիայի հավաքականն ամբողջ խաղի ընթացքում բացահայտ առավելություն ուներ և խոշոր` 3:0 հաշվով հաղթանակ տարավ: Հանդիպման 7-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Լոիկ Ռեմին: Ընդունած գոլից հետո մեր տղաները փոքր-ինչ ակտիվացան, սակայն Մանդանդայի դարպասի մոտ վտանգավոր պահերը բացակույում էին:
Ընդմիջումից հետո խաղադաշտում մեկ թիմ էր` Ֆրանսիայի ընտրանին: Արդյունքում Դիդիե Դեշամի սաները ևս երկու գոլ խփեցին հեշտ հաղթանակ տարան, 55-րդ րոպեին Անդրե-Պիեր Ժինյակը հստակ իրացրեց 11 մետրանոցը, իսկ 84-րդ րոպեին Անտուան Գրիզմանը դրեց հանդիպման վերջակետը:
Նշենք, որ բացի Հենրիխ Մխիթարյանից, Յուրա Մովսիսյանից, Արազ Օզբիլիսից ու Գևորգ Ղազարյանից, ովքեր վնասվածքների պատճառով չէին մասնակցում նաև նախորդ հանդիպմանը, այսօր բացակայում էր նաև Էդգար Մանուչարյանը, իսկ Ռոման Բերեզովսկին, Արթուր Սարկիսովը, Մարկոս Պիզելին, Արթուր Եդիգարյանն ու Կառլեն Մկրտչյանն էլ ընդմիջումից հետո փոխարինվեցին:
Թե ինչ քաղեց Հայաստանի հավաքականն այս հանդիպումից, կասի թիմի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, մենք միայն կարող ենք փաստել Ֆրանսիայի ընտրանին առանց լուրջ ջանքեր գործադրելու խոշոր հաշվով հաղթանակ տարավ:
Civilnet



