«Վերջին երկու տարիներին ես հույսս գրեթե ամբողջությամբ կորցրել եմ Հայաստանի համար, որովհետև կոռուպցիայի մակարդակը, քաղաքական վերահսկողության և քաղաքական այրերի կողմից համակարգը փակ պահելու, քան բացելու հակումը միանգամայն համակարգային բնույթ են ունեցել, իսկ քաղաքացիական հասարակության կառույցները, որոնք սկզբում և ընթացքում շատ ակտիվ էին, կարծում եմ՝ ձանձրացել են պետության կողմից իրենց նկատմամբ չափազանց մեծ ընդդիմացման պատճառով»․ այսպիսի կարծիք է հայտնել Տարոն Աճեմօղլուն՝ ապրիլի 9-ին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի կազմակերպած գիտաժողովին, որը կրում էր «Անցումային շրջանի ավարտը։ Հայաստանը 25 տարի անց։ Հիմա՞ ինչ» խորագիրը։ Աճեմօղլուն տեսակապով զրուցել է Սալբի Ղազարյանի հետ։
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, «Ինչու են պետությունները ձախողում» (Why Nations Fail) հիմնարար աշխատության հեղինակ Աճեմօղլուն զուգահեռներ է անցկացրել և նշել, որ Խորհրդային Միության անկումից հետո պետությունները անցումային երկու ուղղությամբ են ընթացել։
Երկրների մի խմբում, օրինակ՝ Չեխիա կամ Էստոնիա, որտեղ կոմունիստական էլիտաները հեռացվել են, համակարգերը՝ բացվել, անցումը շատ ավելի լավ է աշխատել։ Երկրների մյուս խմբում, օրինակ՝ Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, նախկին կոմունիստական էլիտաները շարունակել են վերահսկել իրավիճակը, և այնտեղ հետընթաց է եղել։
«Ցավոք Հայաստանն ավելի մոտ է երկրորդ խմբին։ Եվ մենք դրա համար թանկ գին ենք վճարել։ Ես կարծում եմ, որ Հայաստանը կարող էր շատ ավելի նման լինել Չեխիային կամ Էստոնիային, սակայն փոխարենը ավելի շատ նմանվել է Ադրբեջանին ու Ուզբեկստանին, ինչն իսկապես ամոթ է»,- ասել է Աճեմօղլուն։
Նա նշել է, որ առավել ճնշող է այն հանգամանքը, որ, օրինակ, անհաջող անցումային երկրներից Ղազախստանը, որ շատ հեռու է ժողովրդավարական լինելուց, որոշակի քայլեր արել է ինստիտուտների ուժեղացման ուղղությամբ։ Ըստ Աճեմօղլուի՝ եթե Հայաստանում անկախության սկզբնական շրջանը ավելի բարեհաջող էր, և երկիրը ավելի բաց էր ու դուրս նայող, հետագայում վիճակը գնալով վատացել է․ «Ես կարծում եմ, որ Հայաստանում ամեն ինչ շատ ավելի լավ կարող էր լինել, և հույս ունեմ, որ դեռ ուշ չէ, բայց իսկապես շատ հույսեր ի դերև են եղել»։
Հարցին, թե ինչը կարող էր տարբեր լինել Հայաստանում, բացի հին էլիտաներին հեռացնելուց, Աճեմօղլուն պատասխանել է․
«20-րդ դարի առաջին կեսին ԱՄՆ-ում մի լրագրող կար՝ Լինքոլն Սթիվենս (Lincoln Steffens), որը շատ էր գրում ամերիկյան քաղաքներում կոռուպցիայի մասին և մի յուրատեսակ կարգախոս ուներ՝ «տականքներից ազատվեք»։ Նրա տեսակետն այն էր, որ եթե ցանկանում ես քաղաքները մաքրել դրանցից, ընտրողները կանոնավոր պետք է դեմ քվեարկեն, երբ նրանք կոռումպացված են, անհաղորդ են հանրության պահանջներին և անում են բաներ, որոնք չեն բխում հանրության շահերից։ Իմ կարծիքով՝ ինչ տեղի չի ունեցել Հայաստանում, այն է, որ նա չի գնացել Սթիվենսի նախանշած ուղով։ Հայաստանում բազամթիվ անհաջող կառավարություններ են եղել, բայց հիմնականում տարաբնույթ պատճառներով, մասամբ՝ հովանավորչության, մասամբ՝ քաղաքացիական հասարակության կողմից ոչ բավարար ընդդիմացման, ադ կառավարությունները ընտրությունների միջոցով չեն փոխվել։ Ես համոզված եմ, որ Հայաստանը պայծառ ապագա կունենա միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական գործընթացներն ավելի լավ աշխատեն»։
Հարցին, թե ինչը կարող է նպաստել, որ ժողովրդավարական գործընթացներն ավելի լավ աշխատեն՝ մշակո՞ւյթը, աշխարհագրությո՞ւնը, կառավարման ժառանգած ավանդույթնե՞րը, թե՞ որևէ այլ բան, Աճեմօղլուն պատասխանել է․
«Ես չեմ կարծում, որ հայկական մշակույթի մեջ կա որևէ բան, որը հակասում է կամ անհամատեղելի է ժողովրդավարության հետ։ Ուստի չեմ կարծում, որ մշակույթն է։ Եվ ես գիտեմ, որ Հայաստանը շատ բարդ աշխարհագրական միջավայրում է։ Հարևանները, որ մենք ունենք՝ Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, նրանցից և ոչ մեկը չի նպաստում Հայաստանի տնտեսական և քաղաքական վերելքին։ Սակայն ես նաև կարծում եմ, որ աշխարհագրությունը որևէ կերպ բախտորոշ չէ։ Իհարկե, հանգամանքը, որ Հայաստանը բարդ աշխարհագրություն ունի՝ տրանսպորտային ուղիներին կապվելու լեռնային տեղանք և բարդ մատչում ծովին, անբարենպաստ է, սակայն այս խոչընդոտներն անհաղթահարելի չեն»,- ասել է Աճեմօղլուն և բերել երկու երկրների օրինակ՝ Շվեյցարիայի և Իսրայելի։ Նրա խոսքով՝ Շվեյցարիան Հայաստանի եվրոպական տարբերակն է, և շատ հաջողված է։
«Մենք ունենք Իսրայելի օրինակը, երկիր՝ շրջապատված թշնամիներով, որոնք ցանկանում են նրա վերջը տալ։ Ու թեև Իսրայելը կատարյալ չէ, բայցևայնպես ամբողջ Միջին Արևելքում ամենահաջողված ժողովրդավարությունն է։ Եվ այն չափազանց զարգացած է տեխնոլոգիապես և տնտեսապես։ Այնպես որ, ես կարծում եմ՝ աշխարհագրական գործոնները բարդացնում են Հայաստանի վիճակը, սակայն դրանք չեն այն հիմնական պատճառները, որտեղ մենք պետք է որոնենք խնդիրները։ Ես կարծում եմ՝ Հայաստանի խնդիրները երկրի քաղաքական համակարգի ներսում են»,- ասել է Աճեմօղլուն։
Աճեմօղլուն կտրականապես չի ընդունում այն պատճառաբանությունները, որ երկրի խնդիրները կապված են մշակույթի հետ։ Նա բերել է Չեխիայի և Լեհաստանի օրինակը, որոնք կարողացել են թոթաթել կոմունիստական դարաշրջանը՝ ուժեղացնելով դեռ խորհրդային տարիներից առկա քաղաքացիական շարժումները, պրոֆմիությունները և բողոքների շարժումները, և դրանց հենքի վրա կառուցել ինստիտուտներ։
«Հայաստանը նույն մակարդակի քաղաքացիական կազմակերպվածություն չուներ, ինչը իհարկե ավելի բարդ խնդիր է, երբ դու Խորհրդային Միության մաս ես, սակայն քաղաքացիական հասարակության այդ կառույցները անմիջապես սկեցին զարգացալ անցումային փուլին զուգահեռ։ Իհարկե, Հայաստանի դեպքում չկար այնպիսի հզոր կողմնորոշիչ գործոն, ինչպիսին Եվրոպական Միությունն է, որը նրա համար կլիներ մոդել։ Այդ գործոնը ենթադրաբար կարող էր լինել Սփյուռքը, սակայն ես կարծում եմ, որ Սփյուռքի գործոնը խառն ազդեցություն է ունեցել․Սփյուռքը Հայաստանի համար եղել է հեշտ փողի աղբյուր, իսկ հեշտ փողը հենց այն է, որը սնում է կոռուպցիան ինստիտուցիոնալ այնպիսի թույլ միջավայրում, որն ունի Հայաստանը»։
Ադրբեջանի հետ պատերազմը և հարաճուն լարվածությունը, Աճեմօղլուի կարծիքով, նույնպես չեն նպաստել քաղաքական գործընթացներին․ «Սակայն երկու կարծիք լինել չի կարող․ մենք պետք է ուժեղացնենք այն ամենը, որոնք հարկավոր են ժողովրդավարության համար աշխարհի որևէ այլ մասում։ Քաղաքացիական հասարակություն, ազատ մամուլ, ուսանողական միություններից մինչև պրոֆմիություններ, մինչև բիզնես միություններ ու քաղաքական կուսակցություններ, որոնք իսկապես ազատ են և չեն ընկալվում որպես հովանավորյալ կառույցներ։ Դրանք պետք է զարգանան, և զարգացման միակ ճանապարհը ներքևից վերև է»։
Պատրաստեց Կարեն Հարությունյանը
Civilnet




