Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Միացյալ Նահանգներում է և փորձում է ներդրումներ ներգրավել Հայաստանի համար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«Օտարերկրյա ներդրումները հենց այնպես չեն գալու քո երկիր, դրա համար դու պետք է աշխատանք տանես»,- «Ամերիկայի ձայնին» ասել է Վարդան Արամյանը, որն այս օրերին Վաշինգտոնում մասնակցում էր Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային նստաշրջանին: Նրա կարծիքով՝ նման միջոցառումները լավ հարթակ են հնարավոր ներդրողներին Հայաստանի ներդրումային միջավայրի մասին պատմելու համար.
«Երբ դու ինչ-որ բարեփոխումներ ես կատարում, և դա մնում է միայն Հայաստանի Հանրապետության ներսում, դա այնքան էլ լավ չէ: Ճիշտ կլինի, որ դա նաև Հայաստանի սահմաններից դուրս գա, և բոլորը տեղյակ լինեն, որ Հայաստանն առաջավոր է»:
Վարդան Արամյանի խոսքով՝ հարցազրույցից րոպեներ առաջ ինքը մասնակցում էր Merrill Lynch ընկերության կողմից խոշոր ներդրողների մասնակցությամբ կազմակերպված կլոր սեղանի աշխատանքներին.
«Կարևոր է, որ ներդրողների մոտ ընկալումը բարձրանա, որ Հայաստանն իրականում այն երկիրն է, որտեղ նրանք կարող են ներդրումներ կատարել և կարող են ունենալ օգուտներ»:
Ներդրումների խթանման հարցում տնտեսական մթնոլորտից և առավելություններից բացի՝ որոշիչ դեր են խաղում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գնահատականները, որոնք կարևոր չափանիշ են Եվրոպայի և ԱՄՆ-ի ներդրողների համար.
«Համաշխարհային բանկը մշտապես մեր լավագույն գործընկերն է, եւ այդ առումով այն նաև պարտավորություն է ստանձնել հնարավորինս օժանդակել Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված բոլոր ներդրումային ծրագրերին»:
Հայաստանի ֆինանսների նախարարի խոսքով՝ տնտեսական ոլորտում երկրի կարևորագույն խնդիրը կայուն աճի ապահովումն է, որը հնարավոր է ներդրումների առկայության պայմաններում: Ներդրումներն էլ արվում են այն տնտեսության մեջ, դրանց նպաստող միջավայր է ստեղծվում:
Civilnet




