KIA-ն մեքենաներ չի նվիրում. գրառումը կեղծ է

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում KIA ընկերության անունից տարածվում են գրառումներ՝ իբր ընկերությունը մեքենաներ է նվիրում իր 75-ամյակի կապակցությամբ։
«Մեր 75-ամյակի կապակցությամբ մենք որոշեցինք պատահականության սկզբունքով նվիրել 4 նոր KIA մեքենա մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ը»,- ասվում է գրառման մեջ:
Սա հերթական կեղծ խաղարկությունն է, որում օգտագործվում է հայտնի ընկերության անուն՝ վստահություն ներշնչելու համար։
Ովքեր են գրառման հետևում
Գրառումը տարածվում է KIA-Dealer անվանումով ֆեյսբուքյան էջով, որը ստեղծվել է օրեր առաջ՝ նոյեմբերի 10-ին։ Գրառումը Ֆեյսբուքում 3,000 հավանում (like) և 8,000-ից ավելի տարածում (share) ունի։

KIA ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում «Կապիտալ Մոթորս» ընկերությունն է, որի պաշտոնական էջը ֆեյսբուքում KIA Armenia-ն է:
Ընկերությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում արդեն հերքել է մեքենաներ նվիրելու մասին տեղեկությունը. «Տարածված խաղարկությունը կազմակերպված չէ մեր կողմից և ոչ մի առնչություն չունի մեզ հետ»։

Ի դեպ, կորեական KIA ընկերությունը հիմնադրվել է 1944-ին։ Այսինքն՝ այս տարի պետք է նշվեր ոչ թե ընկերության 75-ամյակը, այլ 80։
Հայտնի ընկերությունների անունից՝ ինչպես «Սամսունգը», «Քարֆուրը», «Կոկա Կոլան» և այլն, Ֆեյսբուքում պարբերաբար նմանատիպ կեղծ խաղարկությունների, նվերների վերաբերյալ գրառումներ են տարածվում, որոնց #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։
Կեղծ գրառումների սխեման, հաճախ նաև բովանդակությունը նույնն է. օրեր առաջ բացվում է ֆեյսբուքյան էջ, տեղադրվում է խաղարկության կամ նվերի վերաբերյալ գրառումը, ապա մասնակիցներից պահանջում են մեկնաբանել/տարածել գրառումը։ Այնուհետև գրառման հեղինակները ուղարկում են ֆիշինգային կայք, որի միջոցով զեղծարարները անձնական կամ բանկային տվյալներ են գողանում։
CivilNetCheck
Civilnet










