Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են գրառումներ Megamall Armenia-ի անունից՝ հայտարարությամբ, թե առևտրի կենտրոնը կենցաղային տեխնիկա է նվիրում։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ մենք կնվիրենք 280 սառնարան և լվացքի մեքենա, որոնք չեն կարող վաճառվել փոքր քերծվածքների և փոքր փորվածքների պատճառով, բոլորը լավ վիճակում են և նոր, այնպես որ մենք ամեն օր պատահականության սկզբունքով կուղարկենք պատահական հետևորդներին բոլորին, ովքեր գրում են «Կատարված է»»,- նշված է գրառման մեջ:
Իրականում սա հերթական կեղծ խաղարկությունն է, իսկ Megamall-ի անունն օգտագործվում է վստահություն ներշնչելու համար։
Կեղծ էջն աշխատում է ավտոմատացված համակարգի միջոցով
Գրառումը տարածվում է Mega Mall անվանումով ֆեյսբուքյան էջով։ Այն ստեղծվել է օրեր առաջ՝ նոյեմբերի 17-ին, խաղարկության մասին գրառումն էջի միակ ակտիվությունն է։

Գրառման մեջ նշվում է, որ խաղարկությանը մասնակցելու համար մեկնաբանություններում պետք է գրել «կատարված է», այնուհետև օգտատիրոջը գալիս է հաղորդագրություն, որտեղ պահանջում են կիսել (share) գրառումը ֆեյսբուքյան 10 խմբում։ Որոշ ժամանակ անց հաղորդագրություն են գրում՝ նշելով, թե օգտատերը շահել է 10 000 դոլար, որը ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել իրենց ուղարկած կայքում։ Սակայն այս կայքն իրականում ֆիշինգային կայք է, որի նպատակը անձնական տվյալներ կորզելն է։

Գրառումն ուղարկվում է ավտոմատացված համակարգի միջոցով՝ անկախ նրանից, թե օգտատերը ինչ կգրի մեկնաբանություններում կամ քանի ֆեյսբուքյան խմբում կկիսվի, միևնույն է, բոլորը ստանում են նույն հաղորդագրությունը։
Փորձարկման համար #CivilNetCheck-ի լրագրողը բոլորովին այլ մեկնաբանություն էր գրել, չէր տարածել գրառումը ֆեյսբուքյան խմբերում, բայց ստացել էր նույն հաղորդագրությունը։

Ռումինիայի «Մեգամոլի» լոգոյով էջը Հայաստանի քաղաքացիներին է թիրախավորում
Ֆեյսբուքյան էջը օգտագործում է ռումինական Mega Mall Bucaresti լոգոն, որը որևէ կապ չունի Հայաստանում գործող «Մեգամոլ»-ի հետ։

Հայտնի ընկերությունների անունից, ինչպիսիք են «Սամսունգը», «Քարֆուրը», «Կոկա Կոլան» և այլն, Ֆեյսբուքում պարբերաբար նմանատիպ կեղծ խաղարկությունների, նվերների վերաբերյալ գրառումներ են տարածվում, որոնց #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։
Կեղծ գրառումների սխեման, հաճախ նաև բովանդակությունը նույնն է. օրեր առաջ բացվում է ֆեյսբուքյան էջ, տեղադրվում է խաղարկության կամ նվերի վերաբերյալ գրառումը, ապա մասնակիցներից պահանջում են մեկնաբանել/տարածել գրառումը։ Այնուհետև գրառման հեղինակները ուղարկում են ֆիշինգային կայք, որի միջոցով զեղծարարները անձնական կամ բանկային տվյալներ են գողանում։
CivilNetCheck
Civilnet











