Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են գրառումներ «Սամսունգ» (Samsung) ընկերության անունից՝ հայտարարությամբ, թե վերջինս հեռախոսներ է նվիրում՝ ըստ օգտատերերի ծննդյան ամսաթվի։
«Ընտրեք ձեր ծննդյան ամիսը և ստացեք նվերներ՝ ելնելով ձեր ծննդյան ամսից»,- նշված է գրառման մեջ։
Հարյուրավոր մեկնաբանություններ և տարածումներ ունեցող հրապարակումն իրականում կեղծ է, իսկ հայտնի ընկերության անունն օգտագործվում է որպես խայծ։
Ի՞նչ են պահանջում գրառման հեղինակները, ո՞րն է կեղծ գրառման նպատակը
Գրառումը տարածվում է ֆեյսբուքյան «???????-???'?» անվանումով էջով, որը ստեղծվել է օրեր առաջ՝ հունվարի 28-ին։ Էջում միայն նվերների վերաբերյալ գրառումներ են։
Գրառման տակ ծննդյան ամիսը գրելուց հետո օգտատերերից պահանջվում է այն տարածել ֆեյսբուքյան 5-10 խմբում։ Հրապարակումը տարածելու պահանջի գլխավոր նպատակը դրա դիտելիությունը բարձրացնելն է և նոր օգտատերերի ներգրավումը։
Որոշ ժամանակ անց ֆեյսբուքյան կեղծ էջից ուղարկում են հղում՝ պահանջելով գրանցվել կայքում։
Ուղարկված կայքը ֆիշինգային կայք է, որի միջոցով զեղծարարները գողանում են օգատատերերի անձնական և բանկային տվյալները։

«Սամսունգի» անունից տարածվող այլ գրառումներ՝ տարբեր լեզուներով
«Սամսունգը» խանութներ չունի Հայաստանում։ Այստեղ գործում է ընկերության սպասարկման կենտրոնը, իսկ արտադրանքը բերվում է տարբեր ներկրողների կողմից։
Առաջին դեպքը չէ, որ սոցցանցերի հայաստանյան տիրույթում «Սամսունգ» ընկերության անունից կեղծ գրառումներ են տարածվում նվերների և խաղարկությունների վերաբերյալ. #CivilNetCheck-ն արդեն իսկ անդրադարձել է նախորդ հրապարակումներում։
Ուշագրավ է, որ սոցցանցերում նույն անվանումով և տառատեսակով տասնյակ ֆեյսբուքյան էջեր են գործում։ Իսկ էջերում տարբեր լեզուներով «Սամսունգի» անունից կեղծ խաղարկությունների և նվերների վերաբերյալ նույնաբովանդակ գրառումներ են։

Հայտնի չէ, թե որտեղից են կառավարվում այս էջերը, սակայն «Սամսունգ» ընկերության անունից հայերեն լեզվով տարածվող գրառման մեջ առկա է ինդոնեզերեն @pengikut նշումը, որը համարժեք է «@everyone» նշմանը և օգտագործվում է բոլոր հետևորդներին գրառման մասին ծանուցելու համար։
Այսպիսով, «Սամսունգ» ընկերության անունից տարածվող գրառումը՝ ծննդյան ամիսը գրելու դիմաց նվերներ ստանալու վերաբերյալ կեղծ է։
CivilNetCheck
Civilnet











